Վահրամ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյկանին: Նրա գրառման մեջ մասնավորապես ասված է.
«Հարգարժան Նիկոլ Փաշինյան
վերջապես ինձ հասավ հինգշաբթի օրվա հարկային հարցերի մասին կառավարության նիստի տեսանյութը։ Ցավոք, ֆինանսների նախարարը և Դուք շարունակում եք բերել նույն փաստարկները, որոնց հակափաստարկներն արդեն իսկ բազմիցս հնչել են։ Որպեսզի դեստրուկտիվ քննադատության տպավորություն չթողնեմ, ներկայացնում եմ ամսի 7-ի նիստին հնչած հարցերին վերաբերող հայեցակարգային հիմնախնդիրները`
1. Ֆիննախն ընդունում է, որ ներկայիս պրոգրեսիան չի գործում և ճիշտ է անում, բայց դրա պատճառն այն է, որ այսօր ունենք ոչ թե եկամտահարկի պրոգրեսիա, այլ աշխատավարձի պրոգրեսիա։ Անհրաժեշտ է երկխոսել քաղաքացիների հետ և անցում կատարել լիարժեք եկամտահարկի պրոգրեսիվ համակարգի։ Դա ընդունում են ֆինանսական բլոկի բոլոր պատասխանատուները։ Այսինքն` ամեն ամիս բոլորի եկամուտները հայտարարագրվում են և ամսե ամիս հասնելով հարկվող շեմերին այս կամ այն դրույքով են հարկվում։
2. Ինչո՞ւ է սա կարևոր։ Քանի որ երկրում տեղի է ունեցել քաղաքական հեղափոխություն։ Քաղաքացիները կարող են փոխել իրենց վերաբերմունքը պետության հանդեպ և հարկեր վճարել` վստահելով պետությանը։ Բայց դրա համար նրանք պետք է իմանան, որ հարկային համակարգը արդար է և կրթության ու առողջապահության որակյալ ծառայություն են ստանալու։
3. Ատոմ Ջանջուղազյանը ասում է, որ 2019-ի կորուստը լինելու է 14-ից 20 միլիարդ դրամ։ Հնարավոր է, բայց եթե հաշվի առնենք, որ համահարթը նախատեսում եք ներմուծել 2020-ից, ապա այս կորստի մեջ դեռ ներառված չեն համահարթի պատճառած հաջորդող տարիների ահռելի կորուստները։
4. Այսօր վերջապես ֆինանսների նախարարությունը քաղաքացիներին է ներկայացրել ռեֆորմի հիմնավորումն ու հաշվարկները։ Եվ ի՞նչ է պարզվում։ Աշխատողների թվաքանակի և այլ հաշվարկներ արված են մեկ տարի առաջվա ցուցանիշներով։ Ձեր նշած 37.000 նոր աշխատատեղերն ու այլ նոր հանգամանքներ հաշվառված և որն ավելի կարևոր է, վերլուծության ենթարկվան չեն։
5. Ինչո՞ւ չեն գնում եկամտային լիարժեք պրոգրեսիային։ Չգիտեմ, բայց դա պահանջում է ավելի մեծ աշխատանք և համապարփակ ռեֆորմ, այդ թվում հարկային վարչարարության հիմնարար բարեփոխում, եկամուտների լիարժեք հայտարարագրում, իրական շեմերի սահմանում և այլն։
6. Համոզված եղեք, որ եթե աղքատացած Հայաստանի քաղաքացիների զգալի մասը կարդացած լիներ 23 տոկոս համահարթ եկամտահարկի մասին և հասկանար դրա պրակտիկ հետևանքները, ապա հաստատ չէր կարող կողմ արտահայտվել դրան։
7. Մնացած փաստարկներն այն մասին, որ դա ստվերը չի վերացնում, որակյալ ու բարձր վարձատրվող աշխատատեղ չի ստեղծում, թուլացնում է բյուջեն, կապ չունի ներդրումների աճի հետ, արդեն բազմիցս ներկայացվել են։
8. Այն պահին, երբ պետությանն անհրաժեշտ են շատ միջոցներ շատ ծրագրեր իրականացնելու համար, անթույլատրելի է պետական բյուջեի անվերահսկելի կորուստ առաջացնող նախագծի ընդունումը։
9. Ընդունենք, որ մարդիկ, ովքեր առաջ են մղում համահարթեցումը, դա անում են, ոչ թե ռացիոնալ, այլ գաղափարախոսական մղումներով։ Բայց իհարկե ամենամեծ տարակուսանքը հարուցում է այն, որ բազմաթիվ քննարկումներից ու բանավեճերից հետո ֆինանսական բլոկի պատասխանատուներն այդպես էլ հաշվի չեն նստում անառարկելի փաստերի և փաստարկների հետ և ոչ ռեֆլեկտիվ մոտեցմամբ առաջ են տանում համահարթի մասին իրենց նախնական դիրքորոշումը։
10. Նշեմ, որ խոսքը միմիայն եկամտահարկի համահարթեցման մասին է։ Հարկային մյուս փոփոխություններն իրենց մեջ դրական կամ չեզոք ներուժ են պարունակում։ Ի դեպ, ճիշտ կլիներ իսկապես մի կողմ դնել ՀՀԿ կողմից գրված հարկային օրենսգիրքը շտկելու կամ բարելավելու խնդիրը և ձեռնամուխ լինել ավելի լավ նոր օրենսգրքի ստեղծմանը»։
Հարգարժան Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, վերջապես ինձ հասավ հինգշաբթի օրվա հարկային հարցերի մասին կառավարության…
Gepostet von Vahram Soghomonyan am Montag, 11. März 2019