Աչքերի անոթների հետազոտությունը կարող է արդյունավետ մեթոդ լինել Ալցհեյմեր հիվանդության վաղ ախտորոշման համար: Այդ հիվանդությամբ մարդկանց մոտ, ըստ մասնագետների, աչքերի ցանցաթաղանթի փոքր անոթները փոխվում են:
Duke Eye Centre-ից (ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա) ակնաբույժ Շերոն Ֆեկրատը նշեց, որ եթե անոթներում փոփոխությունների շնորհիվ հնարավոր լինի ժամանակին հայտնաբերել սկսվող կոգնիտիվ խախտումները, դա կարող է լիովին փոխել Ալցհեյմեր հիվանդության եւ դեմենցիայի այլ ձեւերի դեպքում իրավիճակը:
Աչքերի հետազոտության մեթոդիկան կոչվում է օպտիկական կոհերենտային տոմոգրաֆիա՝ անգիոգրաֆիայի գործառույթով:
Դրա օգնությամբ գիտնականները համեմատել են Ալցհեյմեր հիվանդությամբ մարդկանց, չափավոր կոգնիտիվ խախտումներով եւ լիովին առողջ մարդկանց ցանցաթաղանթները:
Պարզվել է, մարդկանց առաջին խումբը աչքի հետեւի մասում գտնվող ցանցաթաղանթի մանր անոթների մի մասի կորստի նշաններ է ունեցել: Բացի այդ Ալցհեյմերով մարդկանց մոտ բարակել էր ցանցաթաղանթի հատուկ շերտը (աչքի հետեւի հատվածի զգայուն հյուսվածքը):
Չափավոր կոգնիտիվ խախտումներով մարդկանց մոտ նման գործընթացներ չեն կատարվել:
Նման թեստի միջոցով, ըստ գիտնականների, հնարավոր կլինի տարբերակել Ալցհեյմերի հիվանդությունը եւ մոռացկոտությունը, որն առաջանում է չափավոր կոգնիտիվ խախտումների պատճառով (որոնք արդյունքում կարող են դեմենցիայի հանգեցնել):
Աչքերի սկանավորումը վաղ ախտորոշման պարզ, համեմատաբար էժան եւ ոչ ինվազիվ մեթոդ է ի տարբերություն հիշողության որակի, վարքի թեստերի, ուղեղի սկանավորման եւ ողնուղեղային հեղուկի անալիզի: