Հայաստանում օնլայն դպրոց է բացվում ծանրալսությամբ երեխաների ծնողների համար
Advertisement 1000 x 90

Հայաստանում օնլայն դպրոց է բացվում ծանրալսությամբ երեխաների ծնողների համար

Հայաստանում օնլայն դպրոց է բացվում ծանրալսությամբ եւ լսողության այլ խնդիրներով երեխաների ծնողների համար: Սա անվճար հարթակ է, որ ծնողներին կտրամադրի բնածին եւ ձեռքբերովի ծանրալսության, դրա ախտորոշման, հնարավոր խնդիրների եւ դրանց լուծման ճանապարհների մասին ամբողջ անհրաժեշտ տեղեկությունները:

«Արաբկիր» ԲԿ սուրդոծառայության ղեկավար, «Հավատ» ՀԿ-ից Թամարա Մանուկյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ օնլայն դպրոցը ծնողներին հասանելի է դարձնում 15 հոլովակներ, որոնցում ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվում է մատչելի լեզվով: Հոլովակների թեմաներն ընտրել են մասնագետները: Դպրոցի գլխավոր առանձնահատկությունը ինտերակտիվությունն է. եթե հանկարծ ծնողների մոտ լրացուցիչ հարցեր առաջանան, նրանք դրանք տալու եւ մասնագետներից պատասխաններ ստանալու հնարավորություն կունենան:

Թամարա Մանուկյանը նշեց, որ ծանրալսությամբ երեխաներ ունեցող շատ ընտանիքներ Երեւանում չեն բնակվում, եւ ծնողներին ոչ միշտ է հաջողվում մայրաքաղաք գալ՝ մասնագետի հետ զրուցելու համար: Իսկ հարցեր կարող են մշտապես առաջանալ. ինչպե՞ս են ախտորոշում ծանրալսությունը, երեխային ինչպե՞ս է հնարավոր օգնել, լսողական սարքերից բացի՝ ի՞նչ լուծումներ կան, ինչպե՞ս օգտագործել լսողական սարքը, ինչպե՞ս այն խնամել, ինչպե՞ս փոխել մարտկոցները, ինչպե՞ս աշխատել ծանրալսությամբ երեխայի հետ, ինչպիսի՞ առաջընթաց սպասել: Այս բոլոր եւ շատ այլ հարցերի պատասխանները նրանք կկարողանան ստանալ օնլայն դպրոցում:

Չափազանց կարեւոր է այս հարցերում ծնողների տեղեկացվածությունը. եթե երեխայի մոտ ծանրալսությունը ժամանակին են հայտնաբերում, եթե նա լսողական սարքի կամ  կոխլեար իմպլանտի միջոցով լսելու հնարավորություն է ստանում, զարգանում է մյուս բոլոր երեխաների նման՝ ժամանակին է խոսել սովորում, դպրոց է հաճախում, հասարակությանն է ինտեգրվում եւ նրա լիարժեք անդամը դառնում: Իսկ եթե երեխայի մոտ ծանրալսությունը կամ խլությունը չհայտնաբերվի եւ մինչեւ 4-5 տարեկանը չփոխհատուցվի, նա խոսել չի սովորի եւ մնացյալ ամբողջ կյանքում ադապտացիայի հետ կապված դժվարություններ կունենա:

«Քանի որ մյուս մարզերից ծնողները չեն կարող գալ մեր սուրդոկենտրոն, մենք որոշել ենք այսպիսի ծառայություն ստեղծել, որը կօգնի տեղեկությունները ծնողներին հասցնել՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ են գտնվում: Նրանցից ոչ մի լրացուցիչ ծախս չի պահանջվում. հոլովակները դիտելու եւ անհրաժեշտ ամեն ինչ իմանալու համար ծնողներն ուղղակի պետք է համացանցին հասանելիություն ունենան»,- նշեց Թամարա Մանուկյանը:

Օնլայն դպրոցը ստեղծվել է Եվրամիության, Համահայկական բարեգործական միության եւ Եվրասիա գործընկերության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Դպրոցի հոլովակները հասանելի են «Հավատ» ՀԿ կայքում եւ Youtube-ում: Հոլովակների մի մասը բեռնված է, մնացյալը հասանելի կլինեն մոտ ապագայում:

news.am