Լեռնային Ղարաբաղի Քարինտակ գյուղի հարավ-արևմուտքում գտնվող Ալեքսանա Ղուզե քարանձավային համալիրում իրականացված պեղումները բավական արժեքավոր արդյունքներ են գրանցել: Քարանձավում պեղումները սկսվել են օգոստոսի 1-ին և ավարտվել օգոստոսի 15-ին: Տեղում աշխատել է հայ-լեհական արշավախումբը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ քարանձավի մակերեսային շերտերը 50-60 հազար տարվա վաղեմություն ունեն: Ք.ա. 1-ին դարից մինչև մ.թ . 1-ին դարը քարանձավը հեթանոսական պաշտամունքի վայր է եղել: Արշավախմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանը նշել է, որ քարանձավի այս տարվա պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների 95-98 տոկոսը կենդանիների մնացորդներ են: «Ամենահետաքրիր գտածոն մարդու ազդոսկրի մի մասնիկն է, որը դեռ սպասում է իր խորը ուսումնասիրմանը, քանի որ շատ վատ է պահպանված, բայց հուսով ենք, որ որոշակի գենետիկական նյութ կգտնենք այդ գտածոյից»,-ասել է նա:
Եպիսկոպոսյանի խոսքով` 2015 թվականի պեղումների արդյունքում այդ նույն քարանձավից հնագետները հայտնաբերել են մարդու ատամ, որը պատկանել է էնեոլիթի ժամանակաշրջանին: «Հետազոտությունների արդյունքում պարզեցինք, որ ատամը 6,5 հազար տարվա վաղեմություն ունի և պատկանել է մեր նախնիներին: Այս գտածոն ևս մեկ անգամ վկայում է ժառանգական անընդհատության փաստի մասին: Ալեքսանա Ղուզեն այն բացառիկ քարանձավային համալիրներից է, որտեղ, կապված եղանակային բարենպաստ պայմաններից, կենսաբանորեն բավական լավ են պահպանվել գտածոները»,-ասել է Լևոն Եպիսկոպոսյանը: