2017 թվականի հոկտեմբերին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը որոշեց լուծարել իրավաբանական բաժինը, որի պետը մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի կինը՝ Քրիստինե Նաղդալյանն էր։ Թատրոնում 2013 թվականից իրավաբանի հաստիքը զբաղեցրած Քրիստինե Նաղդալյանը դրական եզրակացությամբ տնօրենի ստորագրմանն է ներկայացրել բազում օրենքի ուժով չկնքված վարձակալության պայմանագրեր, որից հետո չի ձեռնարկել՝ վարձակալության վճարները գանձելու որևէ միջոց։ Այս մասին տեղեկանում ենք թատրոնի՝ մշակույթի նախարարությանն ուղարկված գրության մեջ։ Իսկ գագաթնակետը դարձել է վերջինիս աշխատավարձի կտրուկ և պարբերական բարձրացումը՝ ընդհուպ կես միլիոն դրամ, ինչն էլ դարձել է նրան աշխատանքի ազատելու պատճառներից մեկը։
Թատրոնի իրավաբանական բաժնի լուծարման, բաժնի պետի հաստիքի կրճատման վերաբերյալ թատրոնը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան թատրոնից հայտնել է հետևյալը։ Առաջնային պայման են համարվում Ք. Նաղդալյանի անհիմն բարձր աշխատավարձերը։ Թատրոնի տնօրենի 2014 թ.-ի մարտի 30-ի 90-Ա հրամանով թատրոնի վարչակազմից միայն Ք. Նաղդալյանի աշխատավարձն է 117 հազար դրամից բարձրացել 160 հազար դրամի։ Ընդ որում, աշխատավարձի բարձրացումը տարածվել է նաև նախորդ ամիսների վրա։ Դրանից ընդամենը 18 օր հետո կրկին միայն իրավաբան Ք. Նաղդալյանի համար մեկ այլ հրամանով սահմանվում է լրացուցիչ վարձատրություն աշխատավարձի 50 %-ի չափով։ Սա նույնպես տարածվել է հրամանին նախորդող ժամանակաշրջանի վրա։ Աշխատավարձի այս բարձրացումից 12 օր անց էլ իրավաբան Ք. Նաղդալյանի վրա են դրվում նաև կադրերի պետի պարտականությունները, որի համար սահմանվում է լրացուցիչ 135 հազար դրամ աշխատավարձ։ Այս հաստիքը զբաղեցնելուց ուղիղ մեկ ամիս անց ստեղծվում է իրավաբանական բաժին և Քրիստինե Նաղդալյանը զբաղեցնում է բաժնի պետի պաշտոնը՝ 240 հազար դրամ աշխատավարձով»։ Այստեղ իհարկե մտածելու տեղիք է տալիս, թե ինչու և ինչպես է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի կնոջ աշխատավարձը մի քանի ամսվա ընթացքում 117 հազար դրամից դառնում մոտ կես միլիոն դրամ։
Թատրոնի տնօրենի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 873-Ա հրամանով հաստատված իրավաբանական բաժնի կանոնադրության համաձայն որևէ հրաման չէր կարող ընդունվել առանց իրավաբանի եզրակացության, մինչդեռ Ք. Նաղդալյանը, լինելով իրավաբանական բաժնի պետ, հրաժարվել է եզրակացություններ տալ թատրոնի տնօրենի հրամանների և այլ փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ։ Թատրոնից ստացած պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ներկայումս բացահայտվել են բազում խնդիրներ ու հակասություններ Ք. Նաղդալյանի կողմից կազմված աշխատանքային ու քաղաքացիաիրավական պայմանագրերում։ Դրանցից մեկն էլ 2017 թվականին թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Անտոնյանի ինքն իր հետ կնքած պայմանագիրն է։ Թատրոնի նախկին իրավաբանական բաժնի պետի աշխատաոճի մասին է խոսում նաև այն փաստը, որ 2014 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվակականի հոկտեմբերը իրավաբանակն բաժնում աշխատել են 6 տարբեր իրավաբաններ, որոնց մեծ մասն աշխատել է 15 օրից մինչև երեք ամիս։
Հիշեցնենք, որ Քրիստինե Նաղդալյանը բազմիցս պետական տարբեր մարմիններ է ուղարկել իրավաբանական բաժնի պետի պաշտոնից ազատելու օրինականությունը վիճարկող դիմումներ։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի համաձայն, սակայն, նա իրավունք ուներ իրեն աշխատանքից ազատելու հարցով երկամսյա ժամկետում դիմել դատարան։ Սակայն Քրիստինե Նաղդալյանը ոչ միայն չի դիմել դատարան, այլև աշխատանքից ազատվելուց մոտ մեկ տարի հետո միայն դիմել է աշխատանքային վեճ լուծելու իրավասություն չունեցող մարմիններին։ Թատրոնի աշխատակիցների մոտ հարց է առաջանում, թե որն է նրա դատարան չդիմելու պատճառը։ Ք. Նաղդալյանը չի՞ իմացել ՀՀ օրենսդրության պահանջները, թե՞ դատարան դիմելը նպատակահարմար չի գտել։