Հեմոդիալիզի պարագաների գնումների քրգործը հարուցվել է մեկ ամիս ուշացմամբ. fip.am
Advertisement 1000 x 90

Հեմոդիալիզի պարագաների գնումների քրգործը հարուցվել է մեկ ամիս ուշացմամբ. fip.am

Դատախազությունը չի պահպանել Պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի գնումների ոլորտում բացահայտումների վերաբերյալ ներկայացրած նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելու համար օրենքով սահմանված ժամկետը. գործը հարուցվել է 1 ամիս անց։

Մամուլում արդեն տևական ժամանակ է քննարկվում է Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը, այն է ՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը:

Մենք, սակայն, կանդրադառնանք այլ հանգամանքի․ օրեր առաջ Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ ՊՎԾ ուսումնասիրությունների արդյունքում ուղարկված նյութերի հիման վրա հարուցվել են քրեական գործեր:

Նախ նշենք, որ Fip.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՊՎԾ՝ պարզելու, թե արդյո՞ք այդ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված խախտումների հիման վրա հարուցվել է քրեական գործ և ի՞նչ փուլում է այն գտնվում։ Մեր հարցմանն ի պատասխան, ՊՎԾ հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից պատասխանել են, որ ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը և կից նյութերը ուղարկվել են Գլխավոր դատախազություն, ինչի արդյունքում նյութեր են նախապատրաստվում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում։

Ապրիլի 26-ին մենք կապ հաստատեցինք Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ այդ գործի վերաբերյալ հայտարարությունը կտարածեն երեկոյան, իսկ ավելի ուշ դատախազության կայքում հրապարակվեց հայտարարություն առ այն, որ ներկայացված նյութերի հիման վրա հարուցվել է երկու քրեական գործ։ Սակայն հայտարարության մեջ նշված չէր քրեական գործը հարուցելու ամսաթիվը։

Դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը, մեր հարցին ի պատասխան, ասել է, որ գործը հարուցվել է ապրիլի 26-ին, իսկ հավելյալ ճշտող հարցին, թե երբ են ստացվել նյութերը, խոսնակը ի սկզբանե պատասխանել էր, որ ստացել են ապրիլի 17-ին։

Քանի որ մարտի 26-ին ուղարկված նյութերը ապրիլի 17-ին ստանալը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում, մենք փորձեցինք հասկանալ, թե ո՞րն է խնդիրը։ Ըստ այդմ, կապվելով երկու գերատեսչությունների հետ էլ՝ պարզ դարձավ, որ դատախազությունից մեզ տրված ինֆորմացիան սխալ է եղել։

Արևիկ Խաչատրյանի հետ զրույցում, նշելով, որ ըստ ՊՎԾ-ի՝ մարտի 26-ին են նյութերը ուղարկել դատախազություն, և տարօրինակ է, որ կառույցն այն ստացել է մոտ կես ամիս անց, մամուլի խոսնակը հայտնեց, որ ինքը սխալվել է, և նյութերն իրականում Գլխավոր դատախազություն են մտել մարտի 26-ին։

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում։ Այսինքն, հեմոդիալիզի հետ կապված գործի նյութերը ստանալուց հետո Դատախազությունում առավելագույնը 10-օրյա ընթացքում պետք է հարուցվեր քրգործ, այնինչ գործը հարուցվել է ուղիղ մեկ ամիս անց։

fip.am