Արշակ դարձած ստամբուլցի Յաշարի պատմությունը. ի՞նչ կապ ունի Կոմիտասը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արշակ դարձած ստամբուլցի Յաշարի պատմությունը. ի՞նչ կապ ունի Կոմիտասը. armeniasputnik.am

Ճակատագրական բացահայտումը պատահական եղավ, երբ կայացած երաժիշտ, Beyaz Yunus («Սպիտակ դելֆին») ալտերնատիվ ռոք խմբի հիմնադիր, բազմաթիվ ալբոմների հեղինակ Յաշար Քուրթը մոտ 40 տարեկան էր:

Բնիկ ստամբուլցին երաժիշտ և կոմպոզիտոր Արտո Թունջբոյաջյանի հրավերով առաջին անգամ եկավ Հայաստան, որոշեց մի քանի երաժշտական ձայնասկավառակ գնել ու, շապիկներից մեկի վրա տեսնելով հայ մեծ կոմպոզիտոր և երաժիշտ Կոմիտասի պատկերը, ուշադրություն դարձրեց իր հետ ունեցած անհավանական նմանությանը. «Ինչո՞ւ եմ այսքան հայի նման, եթե թուրք եմ…»:

Բոլոր պատահականությունները պատահական չեն

Տուն վերադառնալով` նա ծնողներին հարցրեց.

-Ո՞րտեղից ենք մենք:

-Վանից:

-Ա՜յ թե ինչ: Ամեն ինչ պարզ է… Ինչո՞ւ առաջ այդ մասին չէիք խոսում:

-Դե…, – ծոր տվեցին ծնողները…

Պարզվեց` Ցեղասպանությունից փրկվել և Յաշարի տոհմը վերածնել էր նրա ապուպապը, որն այն ժամանակ 9 տարեկան էր, անունը` Իսմայիլ: Նա ոտքով հասել էր Սև ծովի ափեր, որտեղ նրան ապաստան էին տվել բարի մարդիկ: Ընտանիքի մյուս անդամներին դաժանաբար սպանել էին 1915 թվականի ջարդերի ժամանակ:

Երաժիշտի ապրած ցնցումը վերածվեց զայրույթի (համաձայնեք` հեշտ չէ 40 տարեկանում կրկին բացահայտել ինքնությունդ), և նա որոշեց մեկնել Թուրքիայից: Մոտ 2 տարի ապրեց Եվրոպայում և գրեթե թողեց երաժշտական գործունեությունը:

«Ես հեռացա, դադարեցի համերգներ տալ և սկսեցի լսել ներքին ձայնս… իհարկե, շատ էի կարդում Ցեղասպանության մասին, ինչպես նաև այդ ժամանակաշրջանի պատմությունը: Շատ ժամանակ ունեի այդ հարցը տարբեր կողմերից ուսումնասիրելու համար», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց երաժիշտը:

Պետք է նշել, որ Յաշարն այն մարդկանցից մեկն էր, ով ներողություն է խնդրել հայերից Ցեղասպանության համար և 2008 թվականի հոկտեմբերին մասնակցել է ստորագրահավաքին (դեռ նախքան իր արմատների մասին տեղյակ լինելը): Նրա խոսքով` Անատոլիայի հայերի պատմությունը գիտեր, բայց ոչ շատ մանրամասն, իսկ Արտո Թունջբոյաջյանի հետ ծանոթանալուց առաջ հայ ընկերներ չուներ:

«Հայերի պատմության նկատմամբ հետաքրքրությունն այդքան խորը չէր մինչև Հրանտ Դինքի սպանությունը: Այդ ողբերգական իրադարձությունը, կարելի է ասել, շրջադարձային եղավ, քանի որ շատերը բարձրաձայնեցին այդ թեման», – նշեց նա:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am