Բոտվիննիկին և Սպասկիին հաղթած վարպետը, որը հիացմունք էր առաջացնում մեծն Ռոբերտ Ֆիշերի մոտ, Տիգրան Պետրոսյանն է։ Նա փառավորեց ինքն իրեն շախմատում` այդ հնագույն և հավերժ խաղում։ Եվ որևէ չափազանցություն չկա նրանում, որ հայկական շախմատի դպրոցի հաջողությունը կանխորոշեց հենց Տիգրան Վարդանովիչը։ Այդ է պատճառը, որ Հայաստանում վիրտուոզ շախմատիստների մի քանի սերունդ մեծացավ։
Այսօր հոբելյան է. շախմատի աշխարհի առաջնության չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում շախմատի օլիմպիադաների 9-ակի հաղթող, միջազգային գրոսմայստեր` «Երկաթե Տիգրանի» 90-ամյակը։ Այսօր Երևանի շախմատի տանը, որը կրում է գրոսմայստերի անունը, այս հատկանշական օրվան նվիրված միջոցառում կայացավ։
«Հարգելի գործընկերներ, գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ծնել է բազմաթիվ շնորհաշատ զավակներ, որոնք իրենց լուրջ ներդրումն են ունեցել մեր ժողովրդի զարգացման գործում: Իհարկե, նրանցից մեկն էլ, անշուշտ Տիգրան Պետրոսյանն է, ով մյուսներից տարբերվեց նաև նրանով, որ իր տաղանդի դրսևորմամբ իրավիճակ փոխեց Հայաստանում: Լինելով միակ հայ գրոսմայստերը՝ նրա շնորհիվ ընդամենը մի քանի տասնամյակ հետո՝ այսօր Հայաստանի շախմատի ֆեդերացիան միավորում է 43 գրոսմայստերի: Եթե հետաքրքրասերները փորձեն համեմատել, թե աշխարհում ինչքան գրոսմայստեր կա և նրանցից քանիսն են գործում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի դրոշի ներքո, ապա հասկանալի կլինի, որ իր գործունեությամբ Տիգրան Պետրոսյանն, իրոք, իրավիճակ փոխեց Հայաստանում», – միջոցառմանը ելույթ ունենալիս նշեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
1963 թվականին, երբ Պետրոսյանը աշխարհի չեմպիոն դարձավ, հաղթելով Բոտվիննիկին, և երեք տարի անց, երբ նա այդ կոչումը պաշտպանում էր Բորիս Սպասկիի հետ պայքարում, երևանցիները բառացիորեն քնում և արթնանում էին շախմատը ձեռքին և ժամերով նստում ռադիոընդունիչի դիմաց` լսելով ուղիղ միացումները։ Խորհրդային հայտնի գիտնական ֆիզիկոս Սերգեյ Կապիցան Երևանում էր, այն օրերին, երբ Պետրոսյանը խաղում էր Բոտվիննիկի հետ իր առաջին խաղը։ Շախմատով տարված հանրապետությունից ստացած տպավորությունները մթագնեցին բոլոր մյուս տպավորությունները։
«Պետրոսյանին դժվար է ճանապարհից շեղել նույնիսկ լավ քայլերով։ Ինձ միշտ ապշեցրել է նրա կարողությունը՝ լավ դիրքի հասնելով, ամեն անգամ գտնել մանևրումներ, որոնք այն ավելի են ուժեղացնում։ Պետրոսյանը կարողանում էր լավ տեսնել և վերացնել վտանգը նրա հայտնվելուց 20 քայլ առաջ»,- շախմատիստի մասին ասում էր լեգենդար Ռոբերտ Ֆիշերը։