Մեքսիկացի կինոռեժիսոր Շավի Սալան առաջին անգամ Հայաստանի մասին իմացել է հայտնի System of a Down ռոք խմբի միջոցով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սալան, որն այս օրերին Հայաստան է եկել իր «Գիեդանիի պորտը» ֆիլմով «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցելու։
«Հայաստանի մասին իմացա, երբ SOAD-ի երգերը սկսեցի լսել ու իմացա, որ Թանկյանը հայ է։ Հիշում եմ, թե տարիներ առաջ ԱՄՆ-ում ինչքան հայ կար նրանց համերգին։ Կարծում եմ` լավ ճանապարհ էր հայերի մասին ինչ–որ բան իմանալու, չնայած պիտի խոստովանեմ, որ այնքան էլ շատ բան չգիտեմ Հայաստանի մասին»,- ասաց նա։
Շավի Սալա
Կինոռեժիսորը խոստովանեց, որ Հայաստանի ու հայերի մասին իր իմացությունը սահմանափակվում է Սևանի, գեղեցիկ հայ աղջիկների ու ծիրանի մասին լսածներով։ Սալային Սևան գնալ դեռ չի հաջողվել, հայ աղջիկների հետ ծանոթացել ու շփվում է կինոփառատոնի շրջանակում, իսկ ծիրան շատ է սիրել։
Խոսելով մեքսիկական կինոյի մասին` կինոռեժիսորը նշեց, որ ֆիլմերի մեքսիկական շուկայում մեծ հակասություն կա, քանի որ կան բավական հանրահայտ ֆիլմեր, որոնք անգամ «Օսկարի» են արժանանում, ու այդ ֆիլմերի կողքին կան ֆիլմեր, որոնք լայն ճանաչում են ստանում, բայց «բանի պետք չեն»։ «Մեքսիկայում, ինչպես և ամենուր, ֆիլմարտադրության մեջ նույն խնդիրներն են` ֆինանսական հարցերը։ Ցավոք, ունենք շատ լավ ռեժիսորներ, որոնք գումար չունեն ֆիլմ նկարելու համար, չնայած նրանք ունեն ֆիլմ, որը Կաննում մրցանակի է արժանացել»,–ասաց նա։
Ռեժիսորը նշեց նաև, որ Մեքսիկայում բավական հայտնի են կատակերգությունները, չնայած բավական դժվար է գտնել լավ կատակերգություններ։ Սալայի խոսքով` եթե մեքսիկական կատակերգությունները հաջողված են լինում, ուրեմն դրանք անգերազանցելի են լինում, բայց, նրա խոսքով, դրանք որակը հիմնականում բավականին ցածր է լինում։
Խոսելով երազանքների մասին` կինոռեժիսորը նշեց, որ ուզում է հնարավորին չափ շատ պատմություններ պատմել, բնականաբար, կինոյի միջոցով։
«Կարմիր գորգ, փող աշխատել, մրցանակներ. այս ամենը, անկեղծ ասած, ինձ համար այնքան էլ կարևոր չեն։ Ինձ հետաքրքրում է մարդկանց հետ շփումը ու հենց նրանց պատմությունները մյուսներին ներկայացնելը»,- ասաց նա։
Սալան, ի դեպ, նշեց, որ Երևանում զբոսնելիս հանդիպել է իր ֆիլմի պաստառին, ֆիքսել մարդկանց հայացքները և հաճույք ստացել։ Նա նշեց նաև, որ հենց այս տարի «Ոսկե ծիրանին» մասնակցելն իր համար առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ այս տարի փառատոնի հատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը։
Խոսելով իր «Գիեդանիի պորտը» ֆիլմի մասին`ռեժիսորը նշեց, որ ֆիլմում տեղացիների և բարձր խավի ներկայացուցիչների հարաբերություններն է ներկայացնում։ Սալան կարծում է, որ իր ֆիլմը բարձր խավի ներկայացուցիչները դժվար թե սիրով դիտեն։
Շավի Սալան մասնագիտությամբ լրագրող է, սակայն սովորելուց հետո որոշել է զբաղվել կինոարվեստով։ Նա սցենարիստ է, ռեժիսոր և կինոպրոդյուսեր: Նրա «Հիջաբ» կարճամետրաժ ֆիլմը ներկայացվել է «Գոյա» մրցանակի: Սալայի ինը կարճամետրաժ ֆիլմերը բազմաթիվ միջազգային կինոփառատոների են մասնակցել՝ շահելով ավելի քան 80 մրցանակ և միջազգային ճանաչում բերելով ռեժիսորին:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 7-ին. կինոփառատոնի հաղթողների անունները հայտնի կդառնան ամսի 14-ին։