Տնտեսագետ և ծրագրավորող տնտեսագիտական գիտությունների թեկնածու Աղասի Թավադյանը սեփական նախաձեռնությամբ համակարգչային ծրագրեր է ստեղծել, որոնց օգնությամբ հնարավոր է արագացնել և հեշտացնել աշխատանքը առօրյա կյանքում:
Convert.am կայքը, հնարավորությունները և նոր գործիքակազմի ներդրումը
Թավադյանի առաջին նախագիծը Convert.am կայքն է: Convert.am-ը ստեղծվել է հայերեն լեզվով աշխատանքի, ստուգման և փոխարկման հարմար և արագ գործիքակազմի պահանջը բավարարելու համար:
«Հայերեն լեզվով աշխատողները` ուսանողները, տարբեր պետական և ոչ պետական կառույցների աշխատողները, լրագրողները, միշտ զգացել են հայերեն լեզվի հետ աշխատանքի որոշակի դժվարություններ: Առկա են բազում խնդիրներ: Լինի դա երկու ArmSCII և Unicode ձևաչափերը և դրանց հետ կապված իրար հետ չաշխատող տառաչափերը, օրինակ` ArialArmenian և Sylfaen, հայերեն լեզվի ստուգման համակարգերի ցածր տարածվածության մակարդակը, հայերեն ստեղնաշարի թերությունները, որոնք թույլ չեն տալիս ներմուծել պարզ փակագծեր կամ տոկոսի նշան: Կարևորագույն խնդիրներից է նաև հին ArmSCII ձևաչափով գրած անորոնելի, աշխատանքը դժվարացնող փաստաթղթերի փոխարկումը ժամանակակից Unicode ձևաչափի, որը առկա գործիքներով բավականին աշխատատար է: Բոլորս կանգնել ենք այս հարցերի առաջ: Ձեր փաստաթղթի փոխարկումը և լրամշակումը հասանելի գործիքներով կարող է աշխատողից խլել մի քանի ժամ, հատկապես եթե աշխատանքում առկա են բարդ տարրեր, մեծ ծավալի աղյուսակներ կամ տողատակեր»,- «Արմենպրես»–ի հետ զրույցում ասաց Թավադյանը:
Ծրագրավորողը հայտնեց, որ այս խնդիրների լուծմանն է ուղղված Convert.am կայքը, որը ցանկացած ծավալի և բարդության Word, Excel և PowerPoint փաստաթուղթը ամբողջությամբ միանգամից փոխարկում է մեկ ձևաչափից մյուսի` առանց որևէ խնդիր առաջացնելու չակերտների, «գ» և «բ» տառերի և այլ տարրերի հետ, նույնիսկ խառը ձևաչափով գրված տեքստերի համար:
«Պատկերացրեք, ձեզ մոտ առկա է տասը հազար տողանոց աղյուսակ ունեցող ֆայլ, և այլևս անհրաժեշտություն չի լինի հատ-հատ ամեն սյուն վերցնել և փոխարկել»,- ասաց Թավադյանը:
Ծրագրավորողի խոսքով` փոխարկելու խնդիրը բավականին երկար ժամանակ առկա էր Հայաստանում, քանի որ աշխատելով ArmSCII կոդավորմամբ՝ տեքստը հնարավոր չէր որոնել, տեղադրել կայքում կամ կատարել այլ անհրաժեշտ գործողություններ:
«Բավականին մեծ քանակությամբ արխիվներ և փաստաթղթեր կան, որոնք դեռևս ArmSCII կոդավորմամբ են, որը մեր համակարգի օգնությամբ կարողանում ենք լուծել: Իմ ստեղծած համակարգը մեկ վայրկյանում կարողանում է ցանկացած ձևաչափի և մեծության ֆայլը փոխադրել համապատասխան կոդավորման տեքստի՝ իհարկե, պահպանելով փաստաթղթում առկա ձևաչափը»,- նշեց Թավադյանը:
Հեղինակն ընդգծեց, որ քաղաքացիները կարող են բերել համապատասխան աշխատանքային ստանդարտի նույնիսկ այնպիսի ֆայլեր և աղյուսակներ, որոնք հնարավոր չէր անել առաջ: Նա հայտնեց, որ այս պահին աշխատում է նոր VPN սերվեր ձեռք բերելու ուղղությամբ, որը հնարավորություն կտա 97-2003 գրասենյակային ֆայլերի, PDF և այլ ֆայլերի փոխարկելը:
«Տվյալ տիպի նախաձեռնությունները պահանջում են անընդհատ նյութական հոսքերի առկայություն` ծառայությունը կատարելագործելու և արդիական պահելու համար: Այլ նախագծեր նույնպես ունեմ: Օրինակ` Convert.am-ի հիման վրա ամբողջ ֆայլերի թարգմանություն: Սրանով արդեն կարող ենք դուրս գալ համաշխարհային շուկա: Այն հնարավորություն է տալու, ընդհանուր դիզայնը պահպանելով, ցանկացած մեծության ու ձևաչափի ֆայլեր թարգմանել: Հեշտանալու է թարգմանության աշխատանքը և օրեցօր կատարելագործվելու է»,- ընդգծեց Թավադյանը:
Ապրանքաշրջանառության ինտերակտիվ քարտեզի ներդրումը Հայաստանում
Աղասի Թավադյանը 2018 թվականին մշակել է ապրանքաշրջանառության ինտերակտիվ քարտեզ:
«Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր տարի կրկնապատկվում են տվյալների ծավալները, և մեծ քանակությամբ տվյալների մաքրումը, մշակումը, շեղումների բացահայտումն ու վիզուալ ներկայացումը բավականին արդիական, շահութաբեր ոլորտ է: Սա հատկապես արդիական է տնտեսագիտության մեջ, որտեղ ճիշտ ներկայացված և մատուցված տվյալները կարող են հնարավորություն ընձեռել տնտեսագետներին, քաղաքական գործիչներին, ներդրողներին և հետազոտական ինստիտուտներին ճիշտ որոշում կայացնել: Ճիշտ մատուցման դեպքում տվյալ կարգի գործիքները կարող են գլոբալ հետաքրքրություն առաջացնել և ներգրավել համապատասխան միջոցներ հավելյալ տեղեկատվության տրամադրման և կանխատեսման համար: Ապրանքաշրջանառության ինտերակտիվ քարտեզը հանդիսանում է տվյալ տրամաբանության մեջ մշակված նոր գործիք է, որը բազմաչափ և միևնույն ժամանակ պարզ կերպով թույլ է տալիս ներկայացնել արտահանման և ներմուծման հոսքերը յուրաքանչյուր պետության համար ըստ տարածաշրջանների, ապրանքների և ժամանակային գործոնի` տալով կանխատեսում»,- ասաց Թավադյանը:
Թավադյանը ներկայացրեց ապրանքաշրջանառության ինտերակտիվ քարտեզի հնարավորությունները ՀՀ արտահանման խթանման տեսանկյունից, ինչը հատկապես կարևոր է տնտեսական քաղաքականության բարելավման և ներդրումների ներգրավման համար:
«ՀՀ կառավարության կողմից դրված է արտահանում / ՀՆԱ հարաբերակցությունն էապես մեծացնելու խնդիրը: Այն վերջին տարիների ընթացքում գրանցել է որոշակի աճ: Այժմ ապրանքների արտահանում / ՀՆԱ ցուցանիշը կազմում է մոտ 20%: Սակայն երկարաժամկետ կայունության տեսանկյունից դա դեռ բավարար չէ, հատկապես որ արտահանման զգալի մասը կազմում են հանքաքարը և սև մետաղները: Անհրաժեշտ է գնահատել այն ներդրումային ուղղությունները, որոնք կխթանեն կառուցվածքային փոփոխությունները` ապահովելով արտահանման զգալի աճ: Ինտերակտիվ քարտեզը իրականացնում է ոչ գծային կանխատեսում տարբեր եղանակներով երկու տարվա կտրվածքով»,- նշեց Թավադյանը:
Ինտերակտիվ քարտեզում ներկայացված է արտաքին առևտրի շարժը դեպի ՀՀ հիմնական առևտրաշրջանառության գործընկերներ`Ռուսաստանի Դաշնություն,Եվրամիություն, Չինաստան և Միջին Արևելք: Քարտեզը հնարավոր է փոփոխել ըստ ժամանակի: Համապատասխան գույներով պատկերված են առևտրային գործընկերները և արտահանման փաստացի կամ կանխատեսվող ծավալները:
«Այստեղ ներկայացված են ապրանքատեսակի երկնիշ ծածկագիրը, աճի ուղղությունը նախկին ժամանակահատվածի նկատմամբ, տոկոսը ընդհանուր արտահանման մեջ և անվանումը: Ընդգծված են այն ապրանքները, որոնք տեխնոտար են, ունեն բարձր ավելացված արժեք և ներուժ ՀՀ մրցունակության բարձրացման համար: Նշանակալից է տեքստիլ և տրիկոտաժե ապրանքների աճը, որոնց տեսակարար կշիռը ընդհանուր արտահանման մեջ 2018 թ.կազմել է 9%: Դա բավականին զգալի աճ է մի քանի տարվա համար: Թեթև արդյունաբերությունն արդեն դեպի Ռուսաստան և դեպի Եվրամիություն արտահանման ծավալի երկրորդ հորիզոնականում է: Նշենք նաև, որ բարձր տեխնոտարություն ունեցող դեղագործական մթերքը, սարքավորումները և էլեկտրական մեքենաները արտահանվում են հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Ժամագործության արտադրանքը, որը նույնպես տեխնոտար և բարձր ներուժ ունեցող արտադրանք է, արտահանվում է Շվեյցարիա»,- հավելեց տնտեսագետը:
Աղասի Թավադյանի ձևավորած ինտերակտիվ քարտեզի միջոցով կարելի է ներկայացնել ապրանքաշրջանառության ուղղությունները ավելի մանրամասն, դիտարկել դրանց աճի դինամիկան և կանխատեսումը: Ըստ տնտեսագետի` դա նպատակահարմար է ռազմավարական որոշումներ կայացնելու, ոլորտները խթանելու և ներդրումներ կատարելու տեսանկյունից, կարևոր է արտահանման նոր որակ ստեղծող կառուցվածքային փոփոխությունների համար:
«Նշեմ, որ ինտերակտիվ քարտեզը կարելի է կառուցել արտահանման, ինչպես նաև ներմուծման երկնիշ, քառանիշ և վեցանիշ ապրանքանիշերի համակարգով, յուրաքանչյուր ապրանքային խմբի կամ պետության համար: Հնարավոր է կառուցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իրանի, այլ պետությունների և միությունների արտահանման և ներմուծման քարտեզները, ինչպես նաև տալ կանխատեսումներ: Տվյալ գործիքակազմը տնտեսական աճի հեռանկարները և առևտրաշրջանառության ներուժը համակարգված ձևով գնահատելու հնարավորություն է տալիս: Ժամանակակից աշխարհում տեղեկատվության ճիշտ մշակումը և ներկայացումը կարող է վճռորոշ լինել: Անհատները և կազմակերպությունները հետաքրքրված են մեծ ծավալի տվյալների մշակման, գնահատման և արդյունավետ ներկայացման գործիքակազմով»,-ընդգծեց Թավադյանը:
Ինտերակտիվ քարտեզը ներդնելու համար տնտեսագետը ներկայացրել է տարբեր գերատեսչություններին:
«Բոլորը հետաքրքրված են այս գործիքակազմով և առկա է որոշակի համագործակցություն»,- եզրափակեց Թավադյանը: