«Մարդ իր կողքինին միշտ պետք է բարձրացնի. դրանով միայն ավելի կբարձրանա»․ իր հարցազրույցներից մեկում դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այս արտահայտությունն արել է, երբ դեռ 22 տարեկան էր: Օրերս նա դարձավ 37 տարեկան, ինչի առթիվ Tert.am Life-ը նրա հետ անկեղծ զրույց է ունեցել:
Խոսակցության տարբեր փուլերում հաճախ էի մտաբերում տարիներ առաջ Նազենիի հնչեցրած այս միտքը, երբ հերթը հասնում էր, օրինակ, ուժին, կանացիությանը, առաջ գնալու կարողությանը, ու դերասանուհին անմիջապես հիշատակում էր մայրիկին, քույրերին, հայրիկին․․․ Նա սովոր է մեծարել իր կողքին կանգնած մարդկանց, միաժամանակ, առանց ավելորդ պաթոսի խոսում է, որ կարողացել է շատ կարծրատիպեր կոտրել, աշխատել է 15 տարեկանից, ընկել է, բարձրացել, բազում սխալներ արել, բայց բաց ճակատով է անցել իր ճանապարհը: Tert.am Life–ի՝ «Ինքս ինձ հետ» շարքում այս անգամ Նազենի Հովհաննիսյանն է:
37 տարեկանից վախենում եմ
Դերասանուհին դարձավ 37 տարեկան: Ասում է՝ սկսել է վախենալ թվերից: «Արդեն ահավոր վախենում եմ թվերից։ Չգիտեմ ինչու: Այլ է 35-ը և լրիվ ուրիշ բան` 37-ը: Մի տեսակ անարադար բան կա:) Ինձ թվում է՝ 37-ից հետո արդեն մեկ է՝ 40, թե 41, բայց 37-ը վախենալու տարիք է,- ծիծաղելով ասաց նա, ապա լռեց ու շարունակեց,- այլևս չես կարողանում խաբել ինքդ քեզ: Բոլոր մարդիկ էլ ունեն ինքախաբեությամբ զբաղվելու հատկություն: Թեև միշտ կարծել եմ, որ բավարար ազնիվ եմ ինքս ինձ հետ, բայց իմ 37-ում եկավ բացարձակ գիտակցությունը, որ ազնվության փուլը հիմա նոր է սկսվում: Ինքս ինձ հետ ցավեցնելու աստիճան ազնիվ ու անկեղծ եմ դարձել. դա ոչ միշտ է հաճելի, որովհետև տակն այնքա՜ն բան կա, այնքա՜ն բան ես ինքդ քեզ ասում, բացահայտում և՛ քո մեջ, և՛ քո մասին, և՛ ինքդ քո նկատմամբ: Ես, իհարկե, շատ խիստ եմ: Տարիներ առաջ երջանկահիշատակ մորիցս հարցազրույց էին վերցնում, հարցրեցին՝ ինչպիսին է Նազենին ձեր բնորոշմամբ, լռեց, մտածեց և ասաց՝ շատ խիստ: Այդ խոսքն այնքան սուր եմ հիշում: Ես չէի պատկերացնում, որ մայրիկիս դիտարկմամբ այդպիսինն եմ: Բայց ես իրոք խիստ էի. խիստ էի ու պահանջկոտ միջավայրիս, ընտանիքիս անդամների, ուսանողների, թե ընկերներիս նկատմամբ, ինքս իմ նկատմամբ էի խիստ, բայց 37-ում պարզվեց, որ ես այնքան խիստ չէի, որքան որ պետք է լինեի»:
Հայրիկիս կորուստը չեմ կարողանում հաղթահարել
Այս տարի Նազենին միայնակ է նշել ծննդյան տարեդարձը: Մայիսին դերասանուհին կորցրեց իր հայրիկին: 2011-ին Նազենին կորցրեց իր մայրիկին, բայց մայրիկի կորստի ժամանակ իր հետ էր հայրիկը, հոր կորստի ժամանակ նրա հետ էր նաև մայրիկի կորստի ցավը: «Ես չեմ կարծում, որ հաղթահարել եմ այն… Ծնողի կորուստն ահավոր ցավ է: Իսկ ես, ի դեմս հայրիկիս, չեմ կորցրել միայն հոր, նա իմ ամեն ինչն էր: Նրա կորուստն ընդգծեց նորից մայրիկիս կորստի ցավը, իմ սպիացած վերքերն ասես նորից բացվեցին ու մնաց անդառնալի կարոտը` որպես անդունդ: Հայրս իմ ընկերն էր: Աշխարհի բոլոր տղամարդկանց նկատմամբ վստահությունն ու սերն ամփոփված էր հորս մեջ. մեր երեք քույրերի աղջկական վստահությունը, հաջողությունն ու հանգստությունը հայրիկիցս էր: Դուստրերին հայրերն են ձևավորում ու լիարժեք ազատության մեջ` պաշտպանում: Հայրս հենց այդպիսին էր: Մենք 3 քույր ենք, մեր աղջկական հաջողությունը եղել է ոչ թե իմ մայրիկինը, այլ հայրիկինը, որովհետև աղջիկներին ձևավորում են հայրերը: Մայրերից աշխարհի սերն ու համբերությունն է, բայց ինքնավստահություն ու լիարժեքությունը հայրերից է: Լավ հայրերից, ինչպիսին իմն էր. լավագույնը: Ընտանիք կազմելիս, երեխա ունենալիս աղջիկներն առաջին հերթին պետք է ուշադիր լինեն՝ ընտրելու լավ հոր, այնպիսին, որը կպաշտպանի երեխային իր հոգատարությամբ ու սիրով. պաշտպանությունը միայն ֆիզիկական ուժի կամ ֆինանսական կեցության մեջ չէ: Իմ հայրն էլ, մայրն էլ եղել են շատ խոնարհ, համեստ աշխատող մարդիկ, ապահովել են մեր մինիմալ կենցաղը, բայց իմ հայրը եղել է իմ ազատությունը: Գուցե դա է պատճառը, որ հանգիստ եմ վերաբերում անձնականի հետ կապված շատ հարցերի, երբեք չեմ վախեցել սխալվելուց: Թեև արել եմ անթիվ-անհամար սխալներ, տուն վերադառալիս չեմ վախեցել մեղադրականից, որովհետև ունեցել եմ խոսելու հնարավորություն ու իրավունք` վերլուծելու խնդիրներն ու հարցերը: Ընդ որում՝ այդ խոսակցությունն ունեցել եմ այն ժամանակ, երբ ինքս եմ ցանկացել ինչ-որ բան հասկանալ կամ լսել: Կորուստն ահավոր բան է: Հայրս 78 տարեկան էր, բայց այնքան երիտասարդ էր, որ ես երբեք չեմ զգացել իր տարիքը: Խորհրդային տարիների տոկունությամբ, առույգ մարդ էր, որն այնքան խորն էր, այնքան էր սիրում կյանքն ու այնքան վստահ էր իր առողջության վրա, որ մենք բոլորս մի պահ հավատացել էինք, որ նա անմահ է ու միշտ լինելու է մեզ հետ: Բայց մահն իր ժամն ու ձևն ունի. վայրկյանում տարավ նրան…անծնող իրականությունը սարսափելի է»,- պատմեց նա ու հենց այս զրույցի ընթացքում էլ հասկացավ, թե ինչու է «37»-ից այսքան վախենում:
Ամբողջությամբ՝ life.tert.am