Ժողովրդի սիրելի արտիստը, թատրոնի վաստակաշատ գործիչը, անվանի բեմադրիչն ու տիկնիկային թատերարվեստի մեծը, լավ հայն ու քաղաքացին… Ճիշտ եք, Երվանդ Մանարյանն է` այս ամենի բեռով օրերս 95-ի շեմը հատած, ասել է թե` 100-ից 5 պակաս:
Գողթնից սերվածը
Թեև ծնվել է Իրանում, իրեն համարում է ագուլիսցի` Գողթն գավառից: «Մտածում եմ, գուցե իմ նախա-նախապապերը գուսաններ են եղել, որ բամբիռը շալակից կախ` շրջել են ու երգել: Թափառական դերասանի կյանքն ինձ շատ է գրավել»,- ասել է դերասանը:
Հայրը` Քրիստափոր Մարտիրոսյանը, ռուսաստանյան բանակի սպա է եղել, որ բոլշևիկներից փախչելով` Բաքվից անցել է Պարսկաստան: Մայրը` Ժենյա (Եվգենյա) Գեղամյանը, այստեղ է եկել Ախալցխայից: Եվ տարագիր երկու հայ, կամոքն ճակատագրի, հանդիպել են ու ընտանիք կազմել, որտեղ ծնվել ու մեծացել են հայ թատերարվեստի ու կինոարվեստի երկու հսկաները` Երվանդ և Արման Մանարյանները: Ծնողները դերասաններ էին, Թեհրանում խաղացել են Վահրամ Փափազյանի հետ` շեքսպիրյան ներկայացումներում: Հայաստան վերադառնալուց հետո հայրը մեկուկես տարի` մինչև իր մահը, որպես դերասան աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում:
«Քո տեղը Հայաստանն է»
Համայնքում Երվանդին լավ էին ճանաչում: Նա աչքի էր ընկնում իր շնորհներով. առակներ ու ոտանավորներ էր գրում, ինքնագործ բեմադրիչ ու դերասան էր: Այս ամենը նկատելով էր, որ ուսյալ ու պատկառելի մի հայ` համայնքի ավագներից մեկը, մի օր նրան ասաց` քո տեղը Հայաստանն է, գնա: Այդ միտքն այլևս իրենից պոկ չեկավ: Գնալու եմ` վճռեց: 1946 թվականին գնացքը Երևան հասցրեց պատերազմից հետո հայրենադարձների առաջին խումբը` հայրենատենչ, տաղանդավոր, շնորհալի 11 երիտասարդների, որոնք հետո պիտի փայլեին ամեն մեկն իր ասպարեզում` համալրելով հայ մտավորականության ընտրանին. Հովհաննես Բադալյան, Զարեհ Տեր-Կարապետյան, Իշխան Ղարիբյան, Արման և Երվանդ Մանարյաններ… Որդուն հայրենիք ճանապարհելով` հայրը նրան պատվիրել է` Հայաստանում ինչ կանես, կանես, թատրոնի հետ գործ չունես: «Նա գիտեր դրա ծանրությունը, եթե, իհարկե, դերասան ես, ոչ թե դերասանություն անող,- նկատել է Մանարյանը: – Շատ բարդ է էսօր թագավոր լինել, վաղը` ծաղրածու»:
Թատրոնի սիրով ու իր շնորհքով
Չէր կարող անսալ հոր խորհրդին, թատրոնն այնպե՜ս էր մխրճվել մեջը: Ավարտեց թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: 1957-ին Մանարյանը ռեժիսորի ասիստենտ նշանակվեց Սունդուկյան թատրոնում: Մեկ տարի նց վերակազմակերպվող տիկնիկային թատրոնի ռեժիսորն էր: Հետո էլ նրա կարիքը զգացվեց Գորիսի թատրոնը բնակչության պահանջով վերաբացելիս: Ձեռքը էլի շատ թատրոնների հասավ. աշխատեց Լենինականի, Կիրովականի, Արտաշատի, թատրոններում` ամենուր թողնելով իր տաղանդի ու բարեկրթության բարեբեր հետքը: Կենսաթոշակի անցնելուց հետո, ինչպես ասում է, առանց մեկ օր անգամ ընդմիջելու, անցավ իր թատրոնը հիմնելուն` «Ագուլիս» առաջին մասնավոր թատրոնը` մի փոքրիկ խմբով, մի փոքրիկ տարածքում: «Տիկնիկները շալակներիս` դպրոցից դպրոց էինք պտտվում ու խաղում,- ասում է Մանարյանը: – Ես իմ կյանքի իմաստն այստեղ գտա: Երբ տիկնիկները երեխաներին հարց էին տալիս, ու նրանք մի մարդու նման պատասխանում էին, երջանկությունն էն խոսքը չէր, որ ես զգում էի»: Ժամանակին Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը թատրոնին տարածք տրամադրեց Աբովյան փողոցում ու աջակցեց թատրոնի գործունեությանը: Ներկայացումներ նայելու էին գալիս տատիկ-պապիկներ, ծնողներ` իրենց թոռների ու երեխաների հետ, աշակերտներ` մայրաքաղաքից ու մարզերից, մանկատների երեխաներ: Արդեն երեք տարի է` թատրոնի դռները փակ են: «Ես էլ տարիքս առել եմ ու որոշեցի «Ագուլիսը» վստահել որդուս ընտանիքին,- ասում է: – Նրանք մշակույթի մարդիկ են: Որդիս` Քրիստը, իմ «արատներից» մեկն ունի` տարբեր հետաքրքրությունների տեր է` ռեժիսոր է, սցենարիստ, երգեր է գրում: Հուսով եմ, որ մի օր «Ագուլիսը» շունչ կառնի և կապրի ստեղծագործական համեստ կյանքով»:
Մեր սիրելի դերասանը
Կոչումով ռեժիսոր, բայց փայլուն, ինքնատիպ արտիստ է: Մարդիկ իզուր չեն ասում` մեր սիրելի դերասանը: Հիշենք նրա մեծ ու փոքր դերերը` «Կարինե», «Ընկեր Փանջունի», «Ծուղակ» և այլ ֆիլմերում: Եվ, իհարկե, չի գտնվի մեկը, որ չհիշի դերերից ամենա-ամենան` ուսուցիչ Երվանդին` «Հարսնացու հյուսիսից» ֆիլմում: Երբ ռեժիսորը` Ներսես Հովհաննիսյանը, որ ընկերն էր, առաջարկեց այս դերը, հրաժարվեց, երբ իմացավ, որ ինքը մի գեշ գործ պիտի անի` խնամախոսների խմբի հետ պիտի գնա Ռուսաստանից հարս բերելու: Ասաց` չէ, Ներսես, էդ բանը չեմ անի` հայ աղջիկներին թողած` ի՞նչ ռուս… Ընկերն էլ խելամտորեն գործի դրեց իր խայծը` դու գիտես, բայց իմացիր, ով էլ խաղա, կերպարի անունը նույնն է մնալու` Երվանդ Խրիստոֆորովիչ: «Մտածեցի` իմ անուն-հայրանունով ուրիշը խաղա՞, է, ե՛ս կխաղամ: Իմ ձեռքբերումը, իմ հանրահայտ վաստակը «ալամեզոնը» եղավ»,- ասել է Մանարյանը: Ահա ցայտուն ապացույցը:
Հեռուստատեսությամբ ֆիլմի ցուցադրության հաջորդ օրը նա քայլում էր փողոցով: Մի խումբ դեռահասներ նայում էին նրան ու ինչ-որ բան քչփչում: Մեկ էլ նրանցից մեկը հետևից վազեց, հասավ ու. «Ձյաձյա, էն ռուս կնիկ խոսացնողը դու էի՞ր»… Գրիմյորից էլ մի դիտողություն էր ստացել. «Ախր, Ձեր մազերը վայել չեն ուսուցչին»… Սակայն մոտոցիկլետով սլանալու տեսարանը, երբ քամին խռիվ է տալիս մազերը, այնքան տպավորիչ էր, որ հանդուրժեցին: Իսկ ահա ռեստորանի տեսարանում Արտակն ուսուցչին խնդրում է. «Փեսա Երվանդ, մի հատ շանսոն»: Ուսուցիչը տեղում ֆրանսերեն է երգում` Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունը, որի ձայնագրությունն ինքն էր ղեկավարել: Սակայն մոսկովյան կինոչինովնիկները դա օտարամոլություն համարեցին և երգը ֆիլմից հանեցին:
Կինոյի հետ բարեկամանալուն նրան մղել է կինոռեժիսոր եղբայրը` Արման Մանարյանը, որ սովորում էր Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտում և եկել էր Հայաստան` նկարահանելու «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը, որպես դիպլոմային աշխատանք: Մի քանիսին սցենար էր պատվիրել, չհավանեց ու պատրաստվում էր վերադառնալ Մոսկվա: Մայրը հորդորեց գնալուց առաջ հանդիպել եղբորը, որը Գորիսում էր աշխատում: Գնաց, խոսեցին սցենարի մասին: «Երեկոյան գրադարանից գիրքը վերցրի, կարդացի, գիշերը գրեցի սցենարն ու առավոտյան հանձնեցի եղբորս,- ասում է Երվանդ Մանարյանը,- նա ուրախացավ` սա այն է, ինչ ուզում էի»: Հետո այլ ֆիլմերի կնքահայրը դարձավ` «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր»…
Աշխարհը պապիկինն է, երբ…
Լուսավոր, բարի, փիլիսոփայական մտածումների տեր մարդ է` հեռու արվեստագետին հաճախ բնորոշ պոռթկումներից: Նաև քաղաքացի, որ երբեք անտարբեր չի եղել կյանքի թատերաբեմում ծավալված իրադարձություններին: «Նաև` ասպետ,- ավելացնում է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը,- հարաբերությունների այդ կիրթ ու մաքուր տեսակը շատերին չէ, որ տրվում է»: «Հայրիկի սիրած կերպարը Դոն Քիշոտն է, նա ինքն էլ կյանքում այդ կերպարն է»,- ասում է դուստրը` Արփենիկը: «Հայրս ինձ համար բարձունք է, բարձր արվեստի չափանիշ»,- հպարտանում է որդին` Քրիստը:
Այսպես է ապրում մեծ մտավորականը, ժամանակի բարձր արվեստի վերջին մոհիկաններից մեկը` երջանիկ ու գնահատված, զավակների, թոռների, մտերիմների սիրով ու հոգածությամբ շրջապատված: Եվ, բարեբախտաբար, սիրելի կնոջ` Մերի Քեշիշյանի ընկերակցությամբ, որ նույնպես արվեստի մարդ է` պարուհի: «Ես ի՞նչ կարող էի անել առանց Մերիի,- ասել է դերասանը,- ամենամեծ երջանկությունն է, երբ կինդ փողասեր չէ, ու դու ազատ կարող ես գնալ քո ստեղծագործական մտքերի հետևից»: Ափսոս, ծերությունն իրենն անում է: Դեպի հարյուրը թեքված մարդը մեկ տարի առաջ կոտրել էր ոտքը ու դժվարանում է տեղաշարժվել: Անկողնում էլ, եթե շատ տկար չէ, տնեցիներից, գնացող-եկողից հարցուփորձ է անում օրվա անցուդարձից, հետևում թոռների հաջողություններին: Թոռները նույնպես արվեստի մարդիկ են` երաժիշտ, դերասան, ռեժիսոր: Պապիկը հավանում է թոռան` «Փոփոխությունների թատրոնի» հիմնադիր և ռեժիսոր Հայ Սեկոյանի շնորհքն ու աշխատանքը, ոգևորում: Աշխարհը դառնում է պապիկինը, երբ զավակներն ու թոռները հավաքվում են շուրջը:
Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ