Գանձագողերը ավերել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խաչաձորի տեղամասի «Մանկուք» խաչքարերի խումբը։ Տարածքը հին բնակատեղի է եղել։ Բացի խաչքարերից կան նաև գերեզմաններ, որոնք ևս փորվել են և մարդկանց ոսկորները հանվել։ Ովքե՞ր կարող են լինել վանդալիզմի հեղինակները և ի՞նչ է պարզաբանում արգելոցի տնօրինությունը:
«Էկո-մեդիա» լրագրողական ցանցը տեսանյութ է հրապարակել ՝ հետևյալ գրառմամբ ՝ «Գանձագողերը ավերում են «Խոսրովի անտառ» պետարգելոցի Խաչաձորի տեղամասի «Մանկուք»–ի խաչքարերը»։
Տեսանյութում ակնհայտ երևում է ավերված խաչքարերը, փորված գերեզմանոցներն ու հանված ոսկորները։ Հայտնի չէ, թե ով է ուղարկել տեսանյութը, աղբյուրի համաձայն ՝ անհայտ էջից են ուղարկել։
Արգելոցի տնօրինությունից ճշտեցինք, որ տեսանյութը համապատասխանում է իրականությանը, հետաքննություն է սկսվել։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը կատարվածը վանդալիզմի է որակում. «Ինձ համար շատ անհասկանալի բան է սա։ Յոթ տարվա մեջ առաջին դեպքն է։ Բարբարոսություն է, մարդու գերեզման են քանդում, ոսկորներ են հանում։ Սա վանդալիզմ է»,- ասում է Հրաչյա Հովակիմյանը։
Մանկուկ գետի հովտում է գտնվում «Մանկուք» հուշարձանախումբը (V-XVII դդ.): Մանկուկը որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև 1950-ական թվականները:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքով՝ ավերված խաչքարերն իրենցից թե՛ պատմական, թե՛ գեղարվեստական արժեք են ներկայացրել.
«Մինչև 13-րդ դարերի խաչքարեր են, գեղարվեստական առումով շատ բարձր են` շատ նուրբ քանդակներով։ Մի քանի խաչքարեր կան, արձանագիր են, այսինքն՝ պատմական արժեք ունեն։ Մի քանի անգամ եղել եմ Մանկուքում, այնտեղ նաև բերդ կա։ Գերեզմանոցը ևս պատմական է»,- նշում է Կարապետյանը։
Արգելոցի Խաչաձորի տեղամասը բավականին հեռու է և տեղանքի խորդուբորդ ու դժվար ճանապարհը թույլ չի տալիս հեշտությամբ այնտեղ հասնել։ Մեքենայի մուտքը բացառված է, մնում է միայն ձիով այնտեղ հասնելու տարբերակը։ Դա նշանակում է, որ վանդալները տեղանքին լավ ծանոթ են, ասում է Հովակիմյանը։
Չի բացառում, որ հենց տեսանյութի հեղինակն էլ բարբարոսություն արած լինի. «Այդ հատվածը գյուղատեղի է և գերեզմաններ են։ Հին գյուղատեղի է, Մանկուկը։ Մեքենաներով բացառվում է բարձրանալը, այնտեղ մենք պոստեր ունենք, հնարավոր չի բարձրանալը։ Ինձ թվում է ովքեր արել են, իրենք էլ նկարել ուղարկել են։ Դա տարածք է, որտեղ ոչ ոք չի գնում։ Նույնիսկ մեր աշխատողները չեն գնում, որովհետև անելու բան չկա այնտեղ»։
Տնօրենը կատարվածում նաև դիտավորություն է փնտրում. «Այս շրջանում շատերին ձեռք էլ չի տալիս, որ ես Երևանից եկել եմ` իրենց չեմ թողնում մտնեն։ Յոթ տարի եկել եմ, չեմ թողնում մտնել տարածք։ Նախկինում իրենց տան նման մտել են, ինչ ուզել արել են… որսագողություն եւ այլն։ Իրենց կոկորդի ոսկորն եմ, էլի, երևի, ամեն վատություն անում են, որ ինձ մեջտեղից հանեն, կոպիտ ասած»։
Ամբողջությամբ՝ armradio.am