Ամառն անցավ, հրդեհներից պրծում չկա. մեղքն ընկնում է հովիվների, երեխաների ու որսորդների վրա. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ամառն անցավ, հրդեհներից պրծում չկա. մեղքն ընկնում է հովիվների, երեխաների ու որսորդների վրա. armeniasputnik.am

Վերջին օրերին հանրապետությունում կտրուկ ավելացել է հրդեհների թիվը, և դրանց առաջացման պատճառը մարդկային գործոնն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը:

«Այս տարի առհասարակ բավականին շատ է հրդեհների թիվը, լուրջ աճ կա մասնավորապես խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների թվի առումով։ Այսինքն` հրդեհների աննախադեպ աճ ունեինք ամռան ամիսներին ու այս սեզոնին էլ, նախորդ տարվա համեմատ, կրկին աճ կա»,–ասաց նա։

Հայրապետյանի խոսքով` այս սեզոնին հրդեհներ են բռնկվում նաև դժվարանցանելի վայրերում, և նման դեպքերում բավական բարդ է հասկանալ, թե ինչով է պայմանավորված կրակի բռնկումը։ Նա նշեց նաև, որ հրդեհների բռնկման գերակշիռ մասը մարդկային գործոնով է պայմանավորված և անփութության հետևանք է։

Հարցին, թե ցուրտ եղանակին ինչո՞վ է պայմանավորված հրդեհների աճն անտառային տարածքներում` Հայրապետյանը պատասխանեց, որ դրանք հիմա հիմնականում որսորդների կրակոցների կամ հովիվների վառած խարույկի մնացորդների հետևանքով են առաջանում։

«Իհարկե, լինում են դեպքեր, որ հրդեհները դիտավորյալ են առաջացնում։ Օրինակ, եղել է դեպք, որ  երեխաները խոտն այրել են, հրդեհ ստեղծել, քանի որ նրանց հետաքրքիր էր նայել, թե ինչպես են հրշեջները հանգցնում կրակը։ Սակայն նման դեպքերը, բարեբախտաբար, քիչ տոկոս են կազմում»,–ասաց նա։

ՀՀ արտակարդ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից էլ հայտնեցին, որ 2018–ի առաջին կիսամյակի համեմատ, 2019–ի առաջին կիսամյակում հրդեհների քանակը 2.1 անգամ ավելի է: Ավելին, խոտածածկ տարածքներում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարի մոտ 4 անգամ ավելի շատ հրդեհ են գրանցվել։ Հրդեհների հետևանքով այրված տարածքների մակերեսը 2018–ի 1-ին կիսամյակի համեմատ 2019-ի նույն ժամանակահատվածում 5.7 անգամ ավել է եղել:

Ի դեպ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 79–րդ հոդվածը սահմանում է, որ հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը և մշակաբույսերը ոչնչացնելու կամ վնասելու համար քաղաքացիները կարող են տուգանվել սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձինք` հարյուրհիսունապատիկի չափով:

Հիշեցնենք, որ դեռ օգոստոսին լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնել էր, որ բոլոր հրդեհների 90 տոկոսից ավելի դեպքերում առկա է մարդկային գործոնը։

armeniasputnik.am