Աբովյան 10 հասցեում գտնվող այսօր հրդեհված շենքը ժամանակին գրանցված է եղել պատմամշակութային արժեքների ցանկում, բայց այդ ցանկից այնքան կառույցներ են տարեցտարի հանել, որ պարզ չէ` ինչ է մնացել այնտեղ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, ժամը 14–ին շրջանում հրդեհ էր բռնկվեր։ Այն մարվել էր ժամը 17-ին. հայտարարվել էր հրդեհի բարդության` «Թիվ-3» կանչ։
«Ժամանակին ուզում էին այդ շենքի նկուղն օգտագործեին ինչ–ինչ նպատակների համար, սակայն չթույլատրեցին, քանի որ պատմամշակութային արժեք էր շենքը։ Խնդիրն այն է, որ 2001-ին 1600 հուշարձան հանվեց այդ ցուցակներից, օրինակ` «Հրազդան» մարզադաշտը, «Ռոսսիա» կինոթատրոնը, ու հիմա պարզ չէ` ինչ են թողել այդ ցուցակներում»,- ասաց ճարտարապետը` հավելելով, որ տեղյակ չէ` Աբովյան 10-ը նույնպե՞ս հանել են այդ ցանկից։
Նրա խոսքով` հուշարձանները հանել են պատմամշակութային արժեքների ցանկից, որպեսզ վաճառեն կամ քանդեն, այլ բան կառուցեն։
Մուշեղյանը նշեց, որ անվանի երկրաբան Աշոտ Ասլանյանը 1966-ին, երբ կրթության նախարար էր նշանակվել, որոշեց նստել Աբովյան 10 հասցեում գտնվող շենքում։ Ավելին, շենքի նկուղն այդ տարիներին վերածվել էր երկրաբանական կենտրոնի. Աբովյան 10 հասցեում 71 տարի (1937-2008 թթ.) եղել է մեծ գիտնական, երկրաբան Հովհաննես Կարապետյանի անունը կրող Երկրաբանության թանգարանը։
«Եթե անգամ այդ շենքը հանել են հուշարձանների պահպանության ցանկից, ապա, միևնույն է, այն պետք է պահպանեն որպես Հին Երևանի մի մասնիկ։ Հին Երևանի այդ մի կտորն է մնացել, որ նման է Երևանին, քանի որ մնացած շենքերն արդեն այլանդակել են»,- ասաց նա։
Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը նույնպես նշեց, որ տեղյակ չէ` 1870-ականներին կառուցված Աբովյան 10-ի շենքն ընդգրկվա՞ծ է հուշարձանների պահպանության ցանկում, թե ոչ, քանի որ վերջին տարիներին այդ ցանկից բավական կառույցներ են հանել։ Ըստ նրա` այն, որ այդ շենքը պետք է պահպանել` անխոս է։
«Այնքան բան հանեցին-մտցրին այդ ցանկ, որ հիմա ոչ ոք չգիտի` ինչ կառույցներ են մնացել այդ ցանկում։ Ավելին, վերջին տարիներին պատմամշակութային հուշարձանների պահպանման ցանկից ավելի շատ հանել են ինչ-որ կառույցներ, քան նորերն ընդգրկել»,- ասաց նա։
Մեզ հաջողվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ճշտել, որ շենքն ընդգրկված է հուշարձաների պահպանության ցանկում` որպես տեղական նշանակության հուշարձան։
Աբովյան 10-ի մասին որոնողական համակարգերում ինֆորմացիա փնտրելիս` անմիջապես հանդիպում ես ևս մեկ կարևոր տեղեկության` 1928-ին այնտեղ հյուրընկալվել է ռուս գրող Մաքսիմ Գորկին: Գրողն այնտեղ անցկացրել է մեկ գիշեր` հուլիսի 25-26-ը:
Հիշեցնենք, որ Երևանի Աբովյան-Պուշկին-Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածը կառավարության որոշմամբ գերակա շահ է ճանաչվել 2008-ին: Տարածքը ձեռք է բերել «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, որը պատկանում է Սամվել Մայրապետյանին։ Ըստ նախագծի` ծրագրվում էր այդ տարածքում բազմաֆունկիցոնալ կառուցապատում իրականացնել՝ հյուրանոցից մինչև բնակելի շենքեր:
Երևանի Աբովյան փողոցի բնակիչները վստահ են` Աբովյան 10 հասցեում գտնվող երկհարկանի շենքի այսօրվա հրդեհը միտումնավոր է արվել։ Նրանց խոսքով` տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել, և հիմա այրում են, որպեսզի հեշտ տիրանան այդ կառույցին: