Ի տարբերություն արտագաղթողների, որոնք երկիրն օրինական ճանապարհով են լքել, վտարանդիները երկիրը լքում էին` դեռևս պետական ծառայության մեջ գտնվելով: Եթե վտարանդին զինվորական էր, ապա այստեղ տեղ էր գտնում նաև երդմնազանցությունը: Կապված այն բանի հետ, որ էմիգրացիան երկաթե վարագույրի դեպքում միայն բացառիկ դեպքերում էր հնարավոր, արտասահմանում գտնվելու ժամանակ փախուստը դարձավ խորհրդային էմիգրացիայի ամենաբնորոշ ձևը:
- Ֆյոդոր Շալյապին
1922 թ. հունիսին հանրահայտ բաս երգիչ Ֆյոդոր Շալյապինը ԽՍՀՄ-ից ԱՄՆ մեկնեց հյուրախաղերի ու դարձավ Խորհրդային Միության ամենահայտնի վտարանդիներից մեկը պատմության մեջ: Փախուստի պահին նա Մարիինյան հանրահայտ թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: Առաջինն էր արժանացել ժողովրդական արտիստի կոչման:
Նրա փախուստը ԽՍՀՄ-ում շատ ցավագին տարան: Հայտնի խորհրդային ռուս գրող Վ. Մայակովսկին անգամ բանաստեղծություն գրեց այդ թեմայով:
1927թ. Ֆ. Շալյապինին զրկեցին ԽՍՀՄ քաղաքացիությունից ու բոլոր կոչումներից:
Ֆյոդոր Շալյապինը շատ էր շրջում հյուրախաղերով, զբաղվում բարեգործությամբ, գումարներ փոխանցում զանազան ֆոնդերի, այդ թվում՝ նաև ռուս ներգաղթյալներին:
1937թ. նրա մոտ հայտնաբերեցին լեյկոզ: Մահացավ 1938թ. Փարիզում: Հայրենիք նրա աճյունասափորը վերադարձավ միայն 1984թ.:
- Ռուդոլֆ Նուրեև. Բալետի պարող, բալետմեյստեր
Լենինգրադի Ս.Մ. Կիրովի անվան օպերայի և բալետի, այժմ` Մարիինյան թատրոնի ամենավառ աստղերից մեկը:
Երբ 1961թ. թատրոնը հյուրախաղերով գտնվում էր Փարիզում, Նուրեևը հրաժարվեց վերադառնալ ԽՍՀՄ:
Փախուստից անմիջապես հետո ընդունվեց Լոնդոնի Արքայական բալետ, որի աստղը դարձավ հետագա 15 տարիներին: Հետագայում դարձավ փարիզյան Գրանդ-օպերայի բալետային խմբի տնօրենը: Կյանքի վերջին տարիներին զբաղված էր դիրիժորությամբ:
Ուներ արվեստի գործերի շքեղ հավաքածու:
Մահացավ 1993թ. Փարիզում, ՁԻԱՀ-ից: Նրա գերեզմանը մինչ այսօր էլ նրա երկրպագուների համար նշանակալի վայր է:
- Ալեքսանդր Գոդունով. Բալետի պարող
Մեծ թատրոնում այս պարողին փառահեղ կարիերա էին կանխատեսում:
1979թ. Նյու Յորքում Մեծ թատրոնի հյուրախաղերի ժամանակ այդ երկրից քաղաքական ապաստան խնդրեց: Միջադեպի մեջ ներգրավված էին ԱՄՆ նախագահ Ջ. Քարտերը ու ԽՍՀՄ ԿԿ գլխավոր քարտուղար Լ. Բրեժնևը: Այս իրադարձությունների մոտիվներով հետագայում նկարահանվեց «Չվերթ 222» ֆիլմը:
Ամերիկյան բալետի թատրոնում պարել է Մ. Բարիշնիկովի մոտ: 1982թ.` Մ Բարիշնիկովի հետ ունեցած սկանդալից հետո, հեռացել է բալետային խմբից: Փորձել է անհատական կարիերա անել:
Ամուսնանալով հոլիվուդյան դերասանուհի Ժաքլին Բիսեթի հետ` իրեն փորձել է նաև կինոյում:
1995թ. նրա մարմինը մահից մի քանի օր անց գտան: Ա. Գոդունովի աճյունափոշին ցրեցին Խաղաղ օվկիանոսի վրա:
- Անդրեյ Տարկովսկի. Կինոռեժիսոր
1984թ. Ստոկհոլմ գործուղման ժամանակ, ուր պիտի քննարկեր «Զոհաբերություն» ֆիլմի նկարահանումները, հենց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ հայրենիք չի վերադառնա:
1 տարի անցկացրեց Բեռլինում և Շվեդիայում, սկսեց վերոնշյալ ֆիլմի նկարահանումները:
1985թ. վերջում նրա մոտ քաղցկեղ ախտորոշեցին: Մահացավ 1986թ.: Նրա երրորդ որդին ծնվեց Տարկովսկու մահից հետո արդեն:
- Նատալյա Մակարովա. Բալետի պարուհի
Եղել է Մարիինյան թատրոնի առաջատար մենապարուհին:
1970թ. Մեծ Բրիտանիայում կայացած հյուրախաղերի ժամանակ այդ երկրից քաղաքական ապաստան խնդրեց:
1970թ.-ից Ամերիկյան բալետի թատրոնի պրիմա-պարուհին էր, պարել է Եվրոպայի լավագույն բալետային խմբերում:
1989թ. կրկին պարել է Մարիինյան թատրոնի բեմում:
Ներկայումս աշխատում է՝ որպես դրամատիկ դերասանուհի, ապրում է ԱՄՆ-ում:
- Միխայիլ Բարիշնիկով. Բալետի պարող
Մարիինյան թատրոնի մենապարող:
1974թ. Մոսկվայի և Լենինգրադի 2, Մեծ և Մարիինյան թատրոնների Կանադա և ԱՄՆ կատարած հյուրախաղերի վերջում ԱՄՆ-ից քաղաքական ապաստան խնդրեց:
Անմիջապես Ջորջ Բալանչինից հրավեր ստացավ դառնալ Ամերիկյան բալետի թատրոնի մենապարողը: Շուտով դարձավ թատրոնի տնօրենը, իսկ քիչ անց և մինչ այսօր` միլիոնատեր: Այժմ աշխատում է՝ որպես դրամատիկ դերասան: Ապրում է ԱՄՆ-ում: Հանդիսանում է Նյու Յորքում հայտնի «Ռուսական ինքնաեռ» ռեստորանի համասեփականատերը:
- Վիկտորյա Մուլլովա. Ջութակահարուհի
Մի շարք միջազգային մրցույթների, այդ թվում և՝ Չայկովսկու մրցույթի հաղթող:
1983թ. իր քաղաքացիական ամուսնու` դիրիժոր Վախթանգ Ժորդանիայի հետ միասին Ֆինլանդիայում հյուրախաղերով հանդես գալուց հետո տաքսիով Ֆինլանդիայից փախավ Շվեդիա, ուր 2 օր փակված մնաց հյուրանոցում` սպասելով, թե երբ կբացվի Ամերիկյան դեսպանատունը:
Ֆինլանդիայի իր հյուրանոցի համարում Վ. Մուլլովան «պատանդ» էր թողել Ստրադիվարիուսի թանկարժեք ջութակը: Նա հույս ուներ՝ ՊԱԿ աշխատակիցները, ջութակը հայտնաբերելով, իրեն արդեն չեն փնտրի:
Փայլուն կարիերա է արել Արևմուտքում: Որոշ ժամանակ ամուսնացած է եղել հանրահայտ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի հետ:
- Սվետլանա Ալիլուևա. Բանասեր
Մասնագիտությամբ բանասեր Ալիլուևան Ժողովուրդների առաջնորդ Իոսիֆ Ստալինի դուստրն էր: Աշխատում էր Համաշխարհային գրականության ինստիտուտում:
1966թ. Ս. Ալիլուևան իր քաղաքացիական ամուսնու` ազգությամբ հնդիկ Բրաջեշ Սինգհի աճյունասափորով մեկնեց Հնդկաստան: Մի քանի ամիս անց` 1967թ. մարտին, դիմեց Հնդկաստանում ԽՍՀՄ դեսպանին` խնդրանքով՝ չվերադառնալ երկիր: Մերժում ստանալով` գնաց Դելիում ԱՄՆ դեսպանատուն ու քաղաքական ապաստան խնդրեց:
ԱՄՆ-ում գիրք է հրատարակել հոր ու նրա շրջապատի մասին: Գիրքը դարձավ ամենավաճառվողներից մեկը ու Ալիլուևային բերեց ավելի քան 2.5 միլիոն դոլար գումար:
1984թ. ԽՍՀՄ վերադառնալու փորձ արեց, բայց անհաջող: Նրա` ԱՄՆ-ում ծնված դուստրը ռուսերեն չէր խոսում, իսկ նախորդ ամուսնությունից ծնված, ԽՍՀՄ-ում մնացած երեխաները շատ սառն ընդունեցին իրենց մորը:
Վրաստանում Ալիլուևային նույնպիսի սառը ընդունելություն էր սպասում, և նա վերադարձավ Ամերիկա:
Շրջել է ողջ աշխարհով մեկ: Մահացել է 2011թ.:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը