Գարեջուր հանճարի համար. Սամվել Սևադա (հուշեր Հրանտ Մաթևոսյանի մասին)
Advertisement 1000 x 90

Գարեջուր հանճարի համար. Սամվել Սևադա (հուշեր Հրանտ Մաթևոսյանի մասին)

Երբ առաջին անգամ Լոս Անջելեսում պիտի այցելեի Հրանտին, դրա նախորդ օրը հատուկ գնացի Լոս Անջելեսի «Red Carpet» խանութը, որտեղ աշխարհի բոլոր լավագույն խմիչքներն են վաճառում։ Գնեցի իսկական շոտլանդական վիսկի՝ կանաչ մահուդե տոպրակի մեջ, և դառը, սև շոկոլադ, ինքս ինձնից գոհ`մտածելով, որ ճաշակս կգնահատի վարպետը:

Մյուս օրը, առավոտյան, պայմանավորված ժամին գնացի Գլենդեյլի հյուսիսում գտնվող առանձնատունը, որտեղ ժամանակավորապես հանգրվանել էին Հրանտ Մաթևոսյանն ու կինը:
Դուռը բացեց տիկին Վերժինեն ու ժպիտը դեմքին՝ ինձ ներս առավ:

Ես երկչոտ բարևեցի ու հայացքով տեղ փնտրեցի, որ դնեմ ձեռքիս տոպրակը:

Տիկին Վերժինեն ձեռքիցս վերցրեց այն, թափանցիկ տոպրակի մեջ տեսավ վիսկիի տուփը ու դժգոհ ասաց:

– Ա՜յ տղա, է՞ս ինչու ես բերել:

Ես շփոթված ժպտացի․

– Կներեք, – քրթմնջացի, բայց մտքում վիրավորվել էի: Ինքս ինձ ասացի, -Դե, հա, բա ի՜նչ, 150 դոլար եմ տվել էդ շշին: Սկի ինքս ինձ համար չէի գնել նույնիսկ:

Հրանտը ձեռքով թույլ բարևեց ինձ ու ձեռքը թեթևակի թափ տվեց հեռացող կնոջ ուղղությամբ, կարծես ուզեց ասել՝  հաշվի մի առ:

Ես իհարկե այդպես էլ արեցի: Սրտապնդվեցի, երբ Վարպետը առաջարկեց նստել:

Էդ ժամանակ ես որտեղի՞ց իմանայի, որ նրան խմել չի կարելի, ավելի շուտ` խմելն արգելված է, և բնականաբար տիկին Վերժիկի խիստ հսկողության տակ էր:

Այդ օրը երկար մնացի նրանց մոտ, խոսեցինք, զրուցեցինք ամեն ինչից, հիշեցինք Հայաստանն ու մեր ընդհանուր ընկերներին:

Դրա հաջորդ օրը, տիկին Վերժինեն զանգեց:

– Այ տղա, վեր կաց արի, Հրանտը քեզ է սպասում: Չուշանաս, որ նախաճաշելու ենք միասին:

Եվ այդպես սկսվեց մեր ընկերությունը:

Ամեն օր ես գնում էի իրենց տուն, միասին նախաճաշում էինք, հետո դուրս էինք գալիս շրջելու, ապա և տարբեր այցելություններ կատարում տեսարժան վայրերով:

Ես արդեն գիտեի, որ Վարպետին խմել չի կարելի և հաշտվել էի այդ մտքի հետ: Սովորել էի, որ առիթ լինելիս՝ ես էլ չպիտի խմեմ: Արդեն վարժվել էի նաև տիկին Վերժիկի «Այ տղա»-ին:

Եվ այդպես հրաշալի ընկերություն էինք անում, որը տևեց երեք ամիս:

ՈՒ մի օր էլ, հեթական այցելության ժամանակ, երբ երկուսով էինք, ասաց․

– Այ մարդ, դու ի՞նչ ընկեր ես, որ գոնե մի շիշ գարեջուր չես բերում խմենք:

Սիրտս ցավեց:

Վեր կացա գնացի «Red Carpet»: Լսել էի, որ հատուկ գարեջուր կա, որը նորմալ գարեջրի համ ունի, բայց ալկոհոլ չի պարունակում ու չիմացողը չի էլ հասկանա, որ խմածը իսկական չէ:

Գնեցի երկու շիշ, ու վերադարձա վարպետի մոտ: Վերժինեն դեռ չէր վերադարձել: Շշերը հանդիսավոր բացեցինք ու երկուսով հանգիստ, դանդաղ, աղի ֆիստաշկայի հետ վայելեցինք սառը զովացուցուիչ ըմպելիքը:

Հրանտը բնականաբար այդպես էլ չիմացավ, որ գարեջուրը ալկոհոլ չէր պարունակում: Դե ես էլ իրեն բան չասացի:

Հետո երկուսով շշերը տարանք ու մեզանից գոհ հանդիսավոր թաքցրեցինք բակում՝ աչքից հեռու մի տեղ, որ տիկինը չտեսնի: Ապա ինձնից գոհ գնացի արվեստանոց:

Երեկոյան դասերիցս հետո սովորականի պես եկա Հրանտենց տուն:

ՈՒ փոթորիկը արդեն պայթել էր: Տիկին Վերժինեն գտել էր շշերը և ահավոր ջղայնացած էր:

Աչքերից հուր ու կրակ էր թափում: Ինձ տեսավ` ավելի բորբոքվեց:

– Այ տղա, դու էսքան ժամանակ չհասկացա՞ր, որ նրան խմել չի կարելի, ի՞նչ մտածեցիր, որ բերեցիր:

Ես աչքով – ունքով հասկացնում էի, որ հետո կբացատրեմ: Բայց նա հաշվի չառավ բացարձակապես , նույնիսկ երբ Հրանտի բացակայությամբ շշերի վրա իրեն ցույց տվեցի մանր տառերով գրվաց «Non Alcohol» բառերը:

– Մեկ է, – ասաց, – դու չպիտի բերեիր:

Ոչ մի կերպ չհանգստացավ տիկին Վերժինեն: ՈՒ ես լուռ կանգնել էի: Դե արի բացատրի, որ մարդու սիրտն ուզել է ..․ ՈՒ հետո հասկացա որ անհույս է, նեղացած հեռացա, ու որոշեցի, որ էլ չեմ գալու:

Մյուս օրը չգնացի իրենց մոտ: Վերժիկն էլ չզանգեց:

Երրորդ օրը զանգ եկավ, Հրանտն էր: Ձայնիցս հասկացավ, որ նեղացած եմ: Դանդաղ, իր նման հանդարտ ու հատու ասաց․

– Սամվե՛լ, վեր կաց արի: Հենց հիմա արի:

Լռություն:

– Քեզ եմ ասում, Սամվե՛լ, հենց հիմա վեր կաց արի:

ՈՒ վերջ: Հասկացա:

Հրանտը էդքան երկար չէր համոզել ոչ մեկին: ՈՒ ես էլ իրավունք չունեի երկարացնել իմ նազուտուզը: Վեր կացա ու գնացի: Բարևեցինք: Ես ոչինչ չասացի, Հրանտն էլ մենակ մի նախադասություն ասաց:

– Բա որ դու իմ տեղը լինեիր, ի՞նչ կանեիր…


Մի քանի օրից նրանց ճանապարհեցի Լոս Անջելեսի օդանավակայանից: Ճանապարհեցի, առանց իմանալու, որ այլևս չեմ տեսնելու ինձ համար հարազատ դարձած մարդուն, մե՜ծ, շա՜տ մեծ մարդուն:  ՈՒ մինչև հիմա սրտիս դարդ է եղել էդ անտեր գարեջուրը, որ իսկական չէր ու քթերիցս եկավ:

Լույսերի մեջ մնաս, Հրա՜նտ…

Հ.Գ. Այս լուսանկարը հրապարակվում է առաջին անգամ:

Սամվել Սևադա 

vnews.am