Ապահովագրության ի՞նչ տեսակներ կան. iravaban.net
Advertisement 1000 x 90

Ապահովագրության ի՞նչ տեսակներ կան. iravaban.net

Ապահովագրությունը լինում է կամավոր և պարտադիր: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ կենտրոնական բանկից:

  • Կամավոր ապահովագրությունը ձեր ցանկությամբ ապահովագրական ընկերության հետ ապահովագրության պայմանագրի կնքումն է:
  • Պարտադիր ապահովագրությունը ձեր կամքից անկախ, oրենքով սահմանված պահանջ է ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Այս պահին Հայաստանում պարտադիր է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության ապահովագրությունը (ԱՊՊԱ):

Ապահովագրել կարելի է ինչպես գույքային (մեքենա, տուն և այլն), այնպես էլ ոչ գույքային (առողջություն, կյանք և այլն) շահը։

Գույքային շահը կարող է ապահովագրվել տարբեր ռիսկերից` հրդեհից, պայթյունից, գողությունից, փոթորկից, սողանքից կամ այլ ապահովագրական պատահարներից:

Ոչ գույքային շահերը կարող են ապահովագրվել տարբեր պատահարներից․

  • Պատասխանատվության ապահովագրություն․ երրորդ անձին անզգույշ կամ ոչ միտումնավոր կերպով պատճառված վնասների ապահովագրություն։
  • Առողջության ապահովագրություն. հատուցման ենթակա են առողջության վերականգման և բուժման ծախսերը: Դժբախտ դեպքերից ապահովագրություն. դժբախտ պատահարի հետևանքով մահվան կամ առողջությանը պատճառված վնասի դեպքում ֆինանսական ծախսերի հատուցում:
  • Կյանքի ապահովագրություն. անձի հետ կապված իրադարձության ապահովագրում: Սա կարելի է բաժանել երկու խոշոր խմբի՝ «պաշտպանության» վկայագրեր և «խնայողության» վկայագրեր:

«Պաշտպանության» վկայագրիրն ուղղված է ապահովադրի վաղաժամկետ մահվան դեպքում նրա ընտանիքին ապահովագրավճարը տրամադրելուն: Սա կոչվում է նաև մահվան ապահովագրություն:

«Խնայողության» վկայագրերն ուղղված են մարդու՝ կյանքի որոշ իրադարձություններին նախապատրաստմանը: Օրինակ՝ երեխայի ծնունդ, ամուսնության, կենսաթոշակ:

Իրավաբան.net