Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված ֆիլմը՝ նվիրված ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանին, արդեն համացանցում է: Նրանք, որոնք չեն կարողացել դիտել ֆիլմը Հանրայինի եթերում, այժմ հնարավորություն ունեն համացանցում փնտրել ու դիտել ֆիլմը: Այն պարզապես մեկ մարդու կամ ընտանիքի մասին չէ. այն իսկապես մտորելու տեղիք է տալիս՝ ինչպես ապրել, գործել, դաստիարակել, սիրել ու մնալ երկրի վրա այն դեպքում, երբ այլևս հավերժի ճամփորդ ես:
Ֆիլմի ռեժիսիոր Դավիթ Գյուլղազարյանին հաջողվել է եթերային կարճ ժամանակահատվածում ներկայացնել արժեքավորը: Ավելի ճիշտ՝ պատկերներով նկարել ճշմարտությունը, որին էլ լեզու, այսինքն արյուն է հաղորդել տեքստի հեղինակ Լուսինե Նազարյանը: Ֆիլմում Կառլեն Եսայանի մասին պատմում են գործընկերները, համագյուղացիները, մանկության ընկերները, ընտանիքի անդամներն ու ճանաչված մարդիկ: Պատմում են սիրով, հիշում են ժպտալով ու կարոտելով Կառլեն Եսայանին:
Ֆիլմում Եսայանի ու նրա գերդաստանի մասին իր հետաքրքիր ձևակերպումով առանձնանում է Տեր Նշան քահանա Ալավերդյանը: «Ինձ համար կարևոր ու հարազատ բանը հայկական ավանդականությունը շարունակելն է բազմազավակության առումով։ Այդ իմաստով մենք պետք է այսօր իսկ մտահոգ լինենք վաղվա մեր պետության, մեր ազգային, հոգևոր կյանքի կառուցման համար։ Այս ընտանիքը ևս միտում ունի իր զավակների շարունակական ավանդության մեջ թողնել այն, ինչ-որ թերևս պապի և տատի ընկալումից շարունակվել է զավակների և թոռների մեջ: Այս ընտանիքի, գերդաստանի ամեն մի զավակի տրվում է ամենակարևոր դաստիարակչական դասերից մեկը՝ կիսել ուրիշի հետ»։ Այո, սա ունեցածով կիսվելու մասին իրական պատմություն է, որի հերոսները մեր ժամանակակիցներն են: