Հունվարի 1-ից Հայաստանում գործում է ՃՈ տուգանքների նոր՝ բալային համակարգը։ Յուրաքանչյուր վարորդի այսուհետ տրվում է 9 բալ, որոնք սպառելու դեպքում վարորդը 6 ամսով զրկվելու է մեքենա վարելու իրավունքից։ Մեկ տարվա ընթացքում 2-րդ 9 միավորն սպառելուց հետո կզրկվի մեկ տարով։ Նորից ղեկին վերադառնալու համար նա ստիպված կլինի նոր քննություն հանձնել։ Ի՞նչ է ցույց տվել այս մի քանի օրերի վիճակագրությունը։
2020 թվականը մեկնարկեց վարորդների համար իսկապես բեկումնային փոփոխությամբ։ Օրենքի հեղինակները վստահ են՝ այն ինչ չէր հաջողվում գրպանին հարվածելով, բալային համակարգը կկարգավորի։
Բալային համակարգին անցնելու անհրաժեշտությունը բխում էր այսօրվա իրավիճակից, օրենսդրական փաթեթը մշակելը և գործողության մեջ դնելն արդեն դարձել էր օրվա պահանջ, նկատում է Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Փորձը ցույց է տվել, որ վարորդների մեծամասնությունը խախտում է կատարում` գիտակցելով իր քայլի վտանգավորությունը, և անգամ բարձր տուգանքները նրանց չեն զսպում։
Օրենքի ուժի մեջ մտնելու պահից սկսած, յուրաքանչյուր անձ, որն ունի վարորդական վկայական՝ կստանա 9 տուգանային միավոր (բալ): Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում նրա տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի կեսը լրանալուն պես՝ անձը հնարավորություն կստանա հանձնել տեսական քննություն և վերականգնել իր վարելու իրավունքը: Այդ քննությունը չհանձնելու դեպքում 6 ամիս անց՝ օրենքի ուժով, առանց որևէ քննություն հանձնելու, վերականգնվում է նրա վարելու իրավունքը և կրկին տրվում է 9 բալ: Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու դեպքում անձը կզրկվի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ 1 տարի ժամկետով:
Կան որոշ բալեր վերականգնելու հնարավորություն: Սպառված բալերի մնացորդային նիշը, եթե հասել է 3 և պակաս բալ, ապա անձն իրավունք ունի իր ցանկությամբ հանձնել տեսական քննություն և իր ունեցած բալերին ավելացնել ևս 2-ը:
Ճանապարհային երթևեկության մոտ 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսվել են 25-ի համար: Դրանք այն իրավախախտումներն են, որոնց կատարմամբ առավելապես պայմանավորվում են հատկապես ծանր հետևանքով ՃՏՊ-ները կամ այն պատահարները, որոնց հետեւանքով երթևեկության ժամանակ լինում են խցանումներ:
Բալային համակարգի ներդրմանը զուգահեռ՝ խախտումների որոշ տեսակներ քրեորեն պատժելի են, և դրանց թվին ավելացել են առանց իրավունքի վարելը (եթե իրավունքը վերցրել են վարորդի ձեռքից), կասեցված վարորդական իրավունքով վարելը (եթե դա տարվա մեջ երկրորդ դեպքն է): Տարեսկզբից արդեն բալային համակարգն ուժի մեջ է մտել։
Ի՞նչ է ցույց տվել այս մի քանի օրերի վիճակագրությունը, արդյո՞ք բալային համակարգն իրեն իսկապես արդարացնում է, մի քանի օրից պարզ կդառնա։ Բայց ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանն արդեն որոշ դրական տեղաշարժ է նկատում։
«Բալային համակարգը դեռևս մի քանի օր է ինչ ուժի մեջ է մտել և թվային տվյալներ դեռևս չկան, բացառությամբ հունվարի առաջին օրերի։ Ըստ այդմ` ՃՈ պատահարների և զոհերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ 2 անգամ պակասել է։ Իսկ տուգանված վարորդների մասին դեռ վաղ է խոսելը։ Տուգանքի մասին որոշումը 17 աշխատանքային օրվա ընթացքում է կայացվում, ուստի դրանց մասին կարող ենք խոսել հունվարի 20-ից հետո միայն»:
Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում նաև փաստացի վարորդի մասին տվյալներ տրամադրելու պահանջը այն դեպքում, եթե մեքենայի սեփականատիրոջ մոտ վարորդական իրավունք չկա: Կա օնլայն գրանցման, ինչպես նաև ամեն օր տեղեկացնելու հնարավորություն, եթե մեքենան վարում է մի քանի վարորդ, օրինակ` հայրը որդիների հետ: Եթե փաստացի վարորդը հայտնի չէ, և մեքենայի հաշվին կա 3 և ավելի խախտում, որոնք ընդգրկված են բալային համակարգում, մեքենայի նկատմամբ հետախուզում է հայտարարվում մինչեւ վարորդի ինքնությունը հաստատելը:
Որոշ խախտումների դեպքում նախատեսված է պատժամիջոց մեկ տարով իրավունքի զրկման տեսքով: Նման խախտումների թվում են ոստիկանության, շտապօգնության լուսաձայնային ազդանշանների անօրինական օգտագործումը, առանց համարանիշների կամ կեղծ համարանիշներով վարելը (նախկինում սահմանվում էր 200 հազար դրամի չափով տուգանք), «դեղին համարանիշների» անօրինական օգտագործում, ՃՈ աշխատակցի՝ կանգնելու պահանջին չենթարկվելը: Հարբած վիճակում տաքսի և տրանսպորտ վարելը նախատեսում է իրավունքի զրկում կես տարով: Տաքսիի և տրանսպորտի վարորդների կողմից թմրանյութերի օգտագործումը ենթադրում է իրավունքի զրկում երկու տարով:
Ամբողջությամբ՝ armradio.am