Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է Սերգեյ Փարաջանովի կյանքի անհայտ փաստերի մասին` կինոռեժիսորի մտերիմների խոսքերով։
Ի պաշտպանություն 70-ականներին համասեռամոլության մեղադրանքով կալանավորված Սերգեյ Փարաջանովի` բարձր ձայնով աղաղակող կինը բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է` Հայաստանում գենդերային հավասարության, ինչպես և քաղաքացիական համարձակության ու խիզախության հետ կապված խնդիրներ չեն եղել և չկան։
Համենայնդեպս, տվյալ դեպքում հայ տղամարդիկ նկատելիորեն զիջել են կանանց. փաստ, որը ստիպում է մտածել. «Եթե այսպես շարունակվի, ապա…»։
Եվս մեկ արդիական պահ. «Փարաջանովի չափազանց նուրբ բնավորությունն ու թուլակամությունը ինտիմ հարաբերություններում հասցրին պաթոլոգիայի, որն ավելի շուտ կարելի է հիվանդություն համարել, ինչը բուժման և օգնության կարիք ունի», – գրել է Սիլվա Կապուտիկյանը։
Խնդրում եմ ուշադրություն դարձրեք` պոետը ռեժիսորին չի խարազանում քրեական օրենսգրքով հետապնդվող սեռական ավանդույթներից շեղվելու համար, պարզապես փոխըմբռնման կոչ է անում։
Պատմությանը նախորդող ևս մեկ նկատառում։ Փարաջանովը, ինչպես ժամանակին Վիսոցկին, իսկ ավելի վաղ նաև շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, էլ չենք խոսում նկարիչ Մինասի մասին, մահից հետո հանկարծ հարյուրավոր մարդկանց ընկեր դարձավ, որոնց հեռակա կարգով էր ճանաչում, և եթե հավատանք ինքնակոչների խոսքերին, անգամ ապաշխարել էր նրանց մոտ։ Եվ այսպես, այս հոդվածի հեղինակը Փարաջանովի հետ անձամբ ծանոթ չի եղել, նրան Սերյոժա չի անվանել, իսկ այն ամենը, ինչը գրված է ստորև, վերապատմել է ռեժիսորին քաջ ծանոթ և ամուր ընկերություն անող մարդկանց պատմածներից։
Իսկ այժմ բուն պատմության մասին։ «Օրինակ` Փարաջանովը քայլում էր փողոցով, կանգ առնում ցուցափեղկի մոտ, ամեն ինչ նայում, մտնում խանութ և խորհուրդ էր տալիս փոխել իրերի դասավորվածությունը։ Հյուր գնալիս սեղան էր նստում, սպասքի տեղը փոխում և ուտեստներին կանաչի ու համեմունքներ ավելացնում»,- կարդում ենք կինեմատոգրաֆիստ և գրող Վասիլի Քաթանյանի հուշագրություններում։
Փարաջանովի երևակայության թռիչքի մասին։ Քաթանյանը գրում է, որ հերիք է` նա գնար հացի խանութ, վերադառնում էր տարաբնույթ պատմություններով. «Հարևան կինը «գոգլի» էր սարքում և հիվանդ Ռեզիկին համոզում, որ ուտի։ Ես նրա վրա բղավեցի, վերցրեց բաժակն ու սկսեց «գոգլին» հակառակ ուղղությամբ խառնել։ Սկզբում հայտնվեց դեղնուցը, այնուհետև ձուն, հետո էլ ճուտը և վերջապես հավը։ Կինը ցնցվեց»։
Նրան մե՛կ բանտ էին նստեցնում, մե՛կ պարզապես թույլ չէին տալիս աշխատել։ Քրեական օրենսգրքում այնպիսի հոդված չկար, որ Փարաջանովին չվերագրեին, և ոչ մի մահացու մեղք չկար, որում նրան չմեղադրեին` գողություն, սպեկուլյացիա, բռնաբարություն, մանկապղծություն և տարեց կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ…
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am