Ժամանակին Լենինականի քաղսովետը որոշում է մի տուն նվիրել բանաստեղծ Հովհաննես Շիրազին:
Տունը երկար փնտրեցին, բայց վերջնական որոշման այսպես էլ չհանգեցին, և ընտրությունը կատարեց հենց ինքը՝ բանաստեղծը: Նա մատը դրեց այն տան վրա, որի նկուղում ճակատագրի բերումով դեռ մանուկ տարիներին քնել էր, երբ փախել է մանկատնից: Սակայն տան ընտրությունը պայմանավորված էր ևս մեկ փաստով՝ այն գտնվում էր Ավետիք Իսահակյանի տան հարևանությամբ: Շիրազն այդ տունն ընտրելիս՝ պատճառաբանում է.
«…որ Ավոյի տուն գնացողը, իմ տուն էլ գա»…
Ջուր վաճառող տղայի պատմությունը սկասում է հենց այս տան բակից:
Մեծ տարիքում վարպետը սիրում էր զբոսնել քաղաքով, հերթական զբոսանքի ժամանակ նրա առաջ մի տարեց մարդ է կանգնում ու հարցնում.
«Դու բանաստեղծ Շիրազն ե՞ս»:
Շիրազն էլ հպարտ-հպարտ, որ տարեց մարդը ճանաչել է իրեն, պատասխանում է.
«Հա՜, ես եմ Շիրազը»:
Պապիկը թեթևացած ասում է՝
«Դե որ դու Շիրազն ես, իմացած եղիր՝ ես քեզ փող եմ պարտք, ա՛ռ, վերցրու էս 10 կոպեկը»:
Բանաստեղծը հանկարծակիի է գալիս՝ ասելով, որ չի ճանաչում այդ պապիկին, բայց վերջինս պատասխանում է.
«Որ դու փոքր էիր ու փողոցում ջուր կծախեիր, ես ջահել տղայի էի, ջուրդ խմում էի, գլխարկդ աչքերիդ էի քաշում ու ոչ մի կոպեկ չէի տալիս ջրի համար: Հիմա իմացել եմ, որ մեծ մարդ ես դարձել, խիղճս տանջում է, որ հետդ այդպես եմ վարվել: Վերցրու էս կոպեկը, որ հոգիս Աստծուն հանգիստ կարողանամ տալ»…
Շիրազը մի կոպեկ է վերցնում պապիկի ձեռքից՝ փոխարենը տալով նրան 10 ռուբլիանոց՝ ասելով.
«Ա՛ռ, հայրի՛կ ջան, վերցրո՛ւ, մի շիշ օղի կգնես ու հաջողությանս կենացը կխմես»…
Հետո բանաստեղծը հանդիպում է ընկերներին ու պարծենալով ասում.
«Ստացել եմ մանկությանս աշխատավարձը»…
Աղբյուրը՝ Հովհաննես Շիրազի տուն-թանգարան, Ազդարար