Ասում է Իրանում արգելված ռեժիսորը
«ՄԻ աշխարհում, որտեղ միլիոնավոր դոլարներ են ծախսվում ֆիլմեր նկարահանելու վրա, մենք նկարահանում ենք մի ֆիլմ, որտեղ փոքրիկ աղջիկն ուզում է 1 դոլարով ձկնիկ գնել»։ Սրանք իրանցի հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիի խոսքերն են, ով այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ցանկալի հյուրերից մեկն է։ «Ոսկե ծիրանի» կազմկոմիտեն նրա ֆիլմերին սպասում էր դեռ անցյալ տարի. փառատոնը պետք է բացվեր իրանական նեոռեալիզմի ներկայացուցչի 2006թ. նկարահանած «Խաղից դուրս» ֆիլմով, սակայն որոշ խնդիրների պատճառով ո՛չ ռեժիսորը, ո՛չ էլ նրա ֆիլմը Հայաստան չհասան։ Այս տարի էլ աղմկահարույց այս իրանցու այցը Հայաստան կապված էր լուրջ խնդիրների հետ։ Իրանցու ֆիլմերի մեծ մասն արգելված է ցուցադրել Իրանում և ՀՀ Իրանի դեսպանատունը չէր ցանկանում թույլատրել Փանահիին՝ ներկայացնել դրանք Հայաստանում։ Փանահին և իր ֆիլմը թեպետ և եկան Հայաստան, սակայն ֆիլմի ցուցադրման առաջին օրը՝ հուլիսի 10-ին, ֆիլմի դիտումը «Նաիրի» կինոթատրոնում տեխնիկական պատճառով ձախողվեց։ «Ցանկացած երկրի ցանկացած փառատոնի ժամանակ այսպիսի բան լինում է, և ոչ մի դիտավորություն դրանում չեմ տեսնում»,- ասաց իրանցի ռեժիսորը՝ ավելացնելով, որ շատ է ջանացել, որ այս ֆիլմը ցուցադրվի նաև իր հայրենիքում։ «Մինչ Բեռլինի փառատոնին գնալը, ես իրանական կինոներկայացուցիչներին ասացի, թե ուզում եմ Բեռլինում հայտարարել, որ ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է իմ երկրում։ Բայց մինչ այժմ այս խնդիրը լուծված չէ, լայնամասշտաբ ցուցադրումներ չեն լինում»,- պատմում է միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Փանահին, (2006թ. նրա «Խաղից դուրս» ժապավենն արժանացել է Բեռլինի «Արծաթե արջ» մրցանակին)։
Ջ. Փանահին առաջին անգամ մրցանակի է արժանացել 10 տարեկան հասակում՝ իր առաջին գրքի համար։ Նույն ժամանակահատվածում նա սկսել է նաև զբաղվել կինեմատոգրաֆիայով։ Պրոֆեսիոնալ կինոաշխարհում նրա առաջին ֆիլմը «Սպիտակ փուչիկն» էր, որ 1995թ. Կաննի փառատոնում արժանացավ «Ոսկե կինոխցիկ» մրցանակին։ Իսկ նրա երկրորդ ֆիլմը՝ «Հայելին», Լոկարնոյի միջազգային կինոփառատոնում արժանացավ «Ոսկե ընձառյուծ» մրցանակին։ 2003թ. Կաննի կինոփառատոնի ժամանակ Փանահին կրկին արժանացավ ժյուրիի մրցանակին՝ «Բոսոր ոսկի» ժապավենի համար։ «Խաղից դուրս» ֆիլմը, որ ներկայացված էր «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում, 2006թ.-ին մեծ շանսեր ուներ որպես արտասահմանյան լավագույն ֆիլմ՝ արժանանալ «Օսկար» մրցանակին։ «Միջազգային կինոքննադատների կարծիքով՝ ֆիլմը հաղթելու մեծ հավանականություն ուներ։ Ինչպես գիտեք, «Օսկար» մրցանակաբաշխության կանոնների համաձայն՝ թեկնածու ֆիլմը պետք է գոնե մեկ շաբաթ ցուցադրվի իր հայրենիքում։ Մեր երկիրը, սակայն, մերժեց ֆիլմը ցուցադրել նույնիսկ ամենահեռավոր քաղաքներից մեկում, և, փաստորեն, ոչ մի «Օսկարի» էլ չմասնակցեցինք»,- պատմում է Ջ. Փանահին։
Իրանում Փանահիի ֆիլմերն արգելված են այն պատճառով, որ նա չի վախենում խոսել Իրանի ժամանակակից մարդու պրոբլեմների մասին։ Նրա հերոսները հիմնականում իրանուհիներն են, ովքեր խստագույն սահմանափակումներով են ապրում։ «Թե՛ մեր հասարակությունում, թե՛ մեր աշխարհում կան հասարակական խնդիրներ, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ։ Մեզ մոտ այդ խնդիրը կանանց սահմանափակումների հետ է կապված։ Դա շատ արդիական թեմա է, այդ իսկ պատճառով իմ ֆիլմերից 4-ը հենց այդ խնդրին են անդրադառնում»,- ասում է նա՝ ավելացնելով, որ իր ֆիլմերով չի փորձում վիրավորել մարդուն և նրա արժանապատվությունը։ Չնայած ռեժիսորի հասցեին հնչող կտրուկ գրախոսությանը՝ դերասանները ցանկանում են աշխատել այս տաղանդաշատ մարդու հետ՝ չվախենալով հետագայում մերժվել հասարակության կողմից։ «Իմ ֆիլմից ոչ մի կադր չեմ մոնտաժում՝ քննադատներին հաճոյանալու և ֆիլմս ցուցադրելու իրավունք ստանալու համար։ Եթե ես նկարել եմ այդ կադրը, ուրեմն պետք է եղել։ Մեր երկրում կանայք փողոց դուրս գալիս պետք է անպայման հեյջափ կրեն, իսկ տանը նրանք առանց դրա են։ Սակայն, եթե ֆիլմ ես նկարահանում, որտեղ կան տան տեսարաններ, ապա ստիպված ես կնոջը հեյջափով նկարել։ Ես ոչ մի բարոյական իրավունք չունեմ կնոջն ասել, որ հանի գլխաշորը։ Բայց մենք ունենք նաև անհիմն սահմանափակումներ։ Ես իմ ֆիլմերում օգտագործում եմ փողոցի կադրեր, որպեսզի ամեն ինչ իրական լինի։ Եթե ես ինքս չհավատամ իմ նկարածին, ինչպե՞ս կարող եմ դա հրամցնել հանդիսատեսին»,- ասում է իրանցի ռեժիսորը։ Նա համոզված է, որ եթե այսօր Իրանում իր ֆիլմերը չեն ցուցադրվում, ապա, միևնույն է, դրանք երկրի պատմության համար փաստաթուղթ են դառնում, և տարիներ հետո մարդիկ կարող են այս ֆիլմերի միջոցով իմանալ կոնկրետ ժամանակաշրջանի իրականությունը։ «Պատմությունը կդատի իմ ֆիլմերը»,- ասում է նա։
Ջ. Փանահին չի սիրում քաղաքականացված ֆիլմեր և չի կարծում, թե մոտ ապագայում կանդրադառնա ԱՄՆ-Իրան հակասության թեմային։ Նրա ֆիլմերը սոցիալական և մարդկային բնույթի են, որոնք, սակայն, սխալ քաղաքական համակարգի հետևանք են։ «Ես քաղաքական ռեժիսոր չեմ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում և չեմ էլ թողնում, որ դա անդրադառնա իմ արվեստի վրա։ Ցավոք, Իրանում քաղաքական խնդիրները հաճախ են խառնվում մշակույթի հետ։ Սակայն հուսով եմ, որ դա մեծ անդրադարձ չի ունենա իրանական կինոն ամբողջ աշխարհին ներկայացնելու գործին»,- ասում է ռեժիսորը։ Իսկ աշխարհը, պարզվում է, բավական հետաքրքրված է իրանական կինոներով և իրանական կյանքով։ Հենց այս կապակցությամբ նշենք, որ վերջերս միջազգային մամուլը մի լուր էր տարածել այն մասին, որ ամերիկացի հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունը ցանկություն է հայտնել ֆիլմ նկարահանել Իրանի նախագահի մասին։ Նախագահը, սակայն, մերժել է ամերիկացի ռեժիսորի առաջարկը։ Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք՝ Իրանը պատասխան առաջարկ անի ԱՄՆ-ին՝ նկարել ԱՄՆ նախագահի կյանքի պատմությունը՝ իրանական մեկնաբանություններով, Ջ. Փանահին ասաց. «Մենք էլ ենք լսել այդ լուրը, սակայն դա հետագայում հերքվել է։ Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր արվեստագետ իրավունք ունի անդրադառնալ յուրաքանչյուր թեմայի։ Եվ հետո, Իրանը չի ցանկանա, որ այդ ֆիլմը նկարահանի ամերիկացի ռեժիսորը։ Համենայնդեպս, նմանատիպ ֆիլմ ստեղծելու անհրաժեշտություն առայժմ չկա»։
Իրանական հեղափոխությունից հետո իրանական կինոն մեծ վերելք է ապրել, և տարեկան 75 ֆիլմ է արտադրվում։ Աշխարհի մոտ 70 երկրներ են գնել իրանական ֆիլմեր հեռարձակելու իրավունքը։ Գրախոսությունը, Իրանում, այնուամենայնիվ, խիստ է դրված։ «Գրաքննությունը մեծ երախով ահավոր մի կենդանի է, որի երախի մեջ ինչքան բան գցես, միևնույն է, նա չի կշտանա»,- ասում է Փանահին՝ ավելացնելով, որ դա բավական լուրջ խնդիրներ է ստեղծում Իրանում աշխատող ռեժիսորների համար։ Գրախոսության զոհ դարձած ռեժիսորներն անգամ լքում են իրենց երկիրն՝ ավելի ազատ պայմաններում ստեղծագործելու համար։ Փանահին իրեն համարում է մեծ հայրենասեր և համոզված է, որ ինքն, անկախ ամեն ինչից, ստեղծագործելու է իր հայրենիքում։ «Ես ընդամենը մեկ անձնագիր ունեմ»,- կարճ ու կոնկրետ ասում է նա։ Մեր այն հարցին, թե չի՞ ցանկանա արդյոք համագործակցել հայկական կինոգործիչների հետ, ստեղծել այնպիսի ֆիլմեր, որտեղ, օրինակ, հայ և իրանցի ընտանիքի մեջ կծագի կրոնական խնդիր, նա պատասխանում է. «Ամեն ռեժիսոր իրեն հարազատ թեմա է փնտրում։ Ես հուսով եմ, որ Իրանում ապրող հայ ռեժիսորները կարող են այս թեմային անդրադառնալ։ Իսկ ես ծնվել և մեծացել եմ Թեհրանում։ Ես իմ ժողովրդին շատ լավ եմ ճանաչում ու ուզում եմ խոսել իմ ազգի մասին»,– ասում է նա՝ ավելացնելով, որ դեռևս պատրաստ չէ կինոասպարեզում համագործակցել այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, թեպետ ունի շատ լավ հայ ընկերներ։
Պատրաստեց Անուշ Մկրտչյանը
«3 Միլիոն»