Մելիքյան. «Ակտիվիստների նկատմամբ կատարվածը համակարգային բնույթի ապօրինություն էր». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մելիքյան. «Ակտիվիստների նկատմամբ կատարվածը համակարգային բնույթի ապօրինություն էր». armeniasputnik.am

Ռուբեն Մելիքյանի դիտարկմամբ՝ ակտիվիստ երիտասարդների նկատմամբ կատարված բոլոր գործողություններն անթույլատրելի էին, դա համակարգային բնույթ կրող ապօրինություն էր, քանզի ակնհայտ էր, որ այն, ինչ փնտրում էին տվյալ անձանց մոտ, չկար, և այն կասկածը, որ նախապես կար, իրականում որևէ կերպ հիմնավոր լինել չէր կարող:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից բերման ենթարկվածների մեջ էին ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն ու միաբանության երեք անդամները, ինչպես նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

«Այդ ամենը կապ չուներ քրեական դատավարության հետ, այլ ուներ քաղաքական նպատակներ: Ես արդեն հրապարակավ հարցադրումներ եմ արել ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարին, պահանջել եմ հանդիպում, որպեսզի քննարկենք խնդիրները: Ի դեպ, հարցերը վերաբերում են ոչ այնքան երեկվա իրադարձություններին, որքան ապագային: Այսինքն՝ ուզում ենք հասկանալ, թե մեր ոստիկանությունն ինչպե՞ս է շարունակելու իրականացնել իր գործառույթները: Արդյո՞ք կրկնվելու են երեկ տեղի ունեցած դեպքերը, թե՞ լինելու են երաշխիքներ, որ այսուհետ նման ապօրինություններ չեն կատարվելու»,- նշում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը:

Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ՝ այն անձինք, ում ինքն ու մի քանի փաստաբաններ իրենց մասնագիտական աջակցությունն առաջարկեցին, որևէ կարգավիճակ չունեն: Նրանք բերման ենթարկվելուց որոշ ժամանակ անց ազատ են արձակվել առանց իրավական հետևանքների: Ըստ Մելիքյանի՝ վարչական ակտի մասին որևէ խոսք չկա, որովհետև նախապես կասկած կար, թե նրանց մոտ կային արգելված իրեր, սակայն նրանց մոտ նման իրեր չհայտնաբերվեցին, իսկ եթե անձը որևէ ապօրինություն չի կատարել, սակայն բերման է ենթարկվում, դա չի կարող մնալ անհետևանք:

Հիշեցնենք` ՎԵՏՕ շարժման մասնակիցները պայքարում են «Բաց հասարակությունների գրասենյակ» հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) մոտ և պահանջում արգելել նրանց գործունեությունը Հայաստանում։ 2019թ–ի ընթացքում նրանք բազմաթիվ բողոքի ակցիաներ են իրականացրել։

Օրերս Նարեկ Մալյանը հրապարակել էր կառավարության՝ 2019թ.-ի մարտի որոշման հղումը, որտեղ երևում է, որ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության 3,2 միլիոն դոլարի չափով ծրագիրը 2019-2020թթ–ին ճանաչվել է բարեգործական։ Դա փաստացի մի շարք հարկերից ազատում է հիմնադրամի կողմից ֆինանսավորվող 19 կազմակերպություններին (այդ թվում` ԶԼՄ–ներին)։

armeniasputnik.am