Դանդաղ ու լուռ է քայլում՝ ձեռքին գրքերի ծանր կապոց:
-Գրքերը բերել եմ, որ նվիրեմ իմ սիրելի գրադարանին, դա չափազանց կարեւոր է: Այստեղ է դրանց տեղը, սա է գրքերի տունը,- ասում է:
Արվեստաբան, արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանն է: 86-ամյա արվեստագետը հարկ է համարել անձամբ այցելել եւ գրադարանին նվիրել իր հեղինակած գրքերը, որոնցից մի քանիսը գրադարանում բացակայող օրինակներ են:
«…Վերջին տարիներին նրան ահավոր տանջել են հայ ժողովրդի կրած տառապանքները, ողբերգական արհավիրքները: Պատահական չեն նկարներում փոթորիկի հաճախակի պատկերումները, որոնց բովանդակային էությունը ժողովրդի ծանր վիճակն է` այլաբանորեն ներկայացված»,- Գրքերից մեկի առաջաբանում Այվազովսկու մասին գրել է հեղինակը:
Հիմա բառեր չի շռայլում. արվեստի, Այվազովսկու եւ իր արած գործի հանդեպ սերը յուրաքանչյուր շարժումից, հայացքից, ձայնի ելեւէջից է զգացվում: Մեկ առ մեկ հանում է գրքերը, ժպտում, պատմում ինչպես է գրել…Մենակ են՝ ինքն ու իր գրքերը… սենյակում, գրադարանում, աշխարհում…
Գրքերը հերթով, խոսուն իրար կողքի շարվում են սեղանին: Սենյակում արվեստի չափաբաժինը աստիճանաբար ավելանում է…
«Հովհաննես Այվազյան. Ծննդյան 200-ամյակը». 2017 թվականին հրատարակված ծավալուն ալբոմի վերնագիրն ինքնին խոսում է իր մասին: Դա հեղինակի յուրովի մարտահրավերն է՝ ուղղված հայկական մշակույթի և արվեստի յուրացմանը ամենատարբեր եղանակներով ու ճանապարհներով: Գրքի կողային հատվածում ծովանկարչի հանրածանոթ հայերեն ստորագրության արտատպությունն է՝ «Հովհաննես Այվազյան»: Հեղինակը, գրքի հայերեն եւ ռուսերեն տարբերակներից բացի, գրադարանին է նվիրում նաեւ 2019 թվականին վերահրատարակված ալբոմի ռուսերեն տարբերակը: Գրքի անվանումը՝ «Հովհաննես Այվազյան»:
?Շքեղ հրատարակության առաջին բաժնում ներկայացված է Այվազովսկու միջազգային թանգարանների ու մասնավոր հավաքածուների հանրահայտ գործերը, երկրորդ բաժնում՝ տարբեր երկրներից ի հայտ բերված շուրջ ութ տասնյակ անծանոթ նկարներ են, իսկ երրորդ բաժնում տեղ են գտել հայկական բնապատկերներ, դիմանկարներ եւ այլն:
?Ծավալուն ալբոմների կողքին շարվում են Շահեն Խաչատրյանի «ՃԱՆԱՉԻՐ Եւ ՍԻՐԻՐ» մատենաշարի 15 հատորները.
«Հակոբ Էքիզյան», «Պետրոս Կոնտրաջյան», «Մարտիրոս Սարյան», «Արշիլ Գորկի», «Մինաս Ավետիսյան», «Հակոբ Հակոբյան», «Հովհաննես Այվազովսկի», «Վարդգեսո Սուրենյանց», «Հայոց Եղեռնը», «Հակոբ Հովնաթանյանը», «Էդգար Շահին», «Վարդան Մախուխյան», «Գառզու», «Ժանսեմ», «Թանգարանների հարստացում»:
Սա մատենաշար է, որի միջոցով հեղինակը ներկայացնում է հայ կերպարվեստի վարպետներին՝ հիմնական շեշտադրումը դնելով տվյալ անհատի ստեղծագործական առանձնահատկությունների վրա, բացահայտելով նրա աշխարհընկալման եւ գեղարվեստական մտածողության ինքնատիպությունն ու բերած նորությունը:
?Ալբոմներին կարող եք շուտով ծանոթանալ Ազգային գրադարանի Արվեստի գրականության եւ ոչ գրքային հրատարակությունների բաժնի ընթերցասրահում: