Էլիզան ծաղկանոցից ուրախ ցատկոտելով բարձրացավ պատշգամբ: Կարծեցիք երևի, որ մի փունջ ծաղիկ է հավաքել, հիմա էլ մտածում է, թե ո՞ր ծաղկամանի մեջ դնի ու տեղավորի պալատի յոթ սրահներից ամենամեծում, ամենաաչքի ընկնող տեղում: Պիտի հիասթափեցնեմ նատյուրմորտների սիրահարներին. Էլիզան ծաղիկները չի պոկում թփերից: Իմաստը ո՞րն է, եթե իր պատուհանի առջև գիշեր-ցերեկ բուրում են տարատեսակ ծաղիկներ ու ցանկացած պահի կարող է զրուցել նրանց հետ, լսել նրանց գլխով անցած զարմանալի պատմությունները:
Գիտե´մ, գիտե´մ, ձեզ բազմիցս ասել են, որ ծաղիկները չեն խոսում, ավելին՝ վստահաբար հավելել են, որ յուրաքանչյուր ծաղիկ ծնված օրից երազում է ծաղկամանում հայտնվելու մասին: Ծաղիկները երազանքներ ունեն, անշուշտ, բայց դրանց մասին սովորաբար կամացուկ իրար մեջ են փսփսում: Ծաղկամանում՝ կտրված ոտքով կանգնելուց շա՜տ տարբեր ու հեռու են ծաղկային երազները: Ծաղիկներն իրենց սիրելի երգերն ունեն անգամ, հաճախ կատակում են, դե, իսկ հեքիաթ պատմելու համար խելքները գնում է: Վերջերս երկվորյակ Քրիզանթեմները իրենց կազմած ծաղկային հեքիաթների երկհատորյակը նվիրեցին, որտեղ էլ հենց կարդացի այս պատմությունը:
…Էլիզը պատշգամբից վերցրեց նկարչական պարագաներն ու նորից վազեց ցած: Մինչ նա տեղավորում է մոլբերտն ու հերթով գույները դնում ներկապնակին՝ ծանոթանանք պալատին: Պալատ կոչվածն իրականում բավականին ընդարձակ ու հարմարավետ տուն է, որ գտնվում է Թագավորական հովտի ճիշտ կենտրոնում, բայց քանի որ յուրաքանչյուր աղջնակ արդեն իսկ փոքրիկ արքայադուստր է, կարծում եմ՝ դեմ չեք, որ տունն այսուհետ պալատ անվանենք, Էլիզային արքայադուտր, նրա ծնողներին էլ՝ թագավոր և թագուհի: Ի վերջո արքայական արյունն այսօր պարտադիր պայման չէ պալատում ապրելու համար:
Մի սովորական թագավորություն, իր սովորական պալատական առօրյայով ու արտասովոր հրաշք պարտեզով, որ խնամում է արքյադուստր Էլիզան:
Ամեն առավոտ Էլիզան վերցնում է մեծ ցնցուղն ու գնում կարկաչուն առվակի մոտ, ողջունում է, հարցնում որպիսությունը, հետո ցնցուղը դնում առվի ափին: Առվակը բարձրանում է, լցվում ցնցուղի մեջ մինչև պռունկը ու հետ քաշվում: Երբեմն էլ կատակով, հենց որ Էլիզան մոտենում է, որ ցնցուղը վերցնի՝ մանր կաթիլներով ցայտում է աղջկա վարդագույն այտերին, երկուսն էլ ծիծաղում են: էլիզան վերցնում է ջրով լի ցնցուղն ու վազում պարտեզ: Ծաղիկները ոտնաձայնից ճանաչում են նրան և ուրախ խշխշացնում են տերևիկները: Էլիզան նախ ողջունում է պարտեզի մուտքի մոտի հսկա ընկուզենուն, հետո կանգնում պարտեզի կենտրոնում ու զրնգուն, այնպես որ բոլոր ծաղիկները լսեն, ասում.
— Սիրելիներս, ցնցուղ ընդունելու ժամն է:
Գրպանից հանում է սրվակները, յուրաքանչյուրից երեքական կաթիլ կաթեցնում ջրի մեջ.
-Մեկ, երկու, երեք` արագ աճի համար,
Մեկ, երկու, երեք` վառ գույների համար,
Մեկ, երկու, երեք` անուշ բույրի համար:
Ծննդյան օրը մայրիկը Էլիզային գեղեցիկ տուփով ծաղկանեկտարով սրվակներ նվիրեց: Տուփի վրա գրված էր «Սերը հրաշագործ է»: Հաջորդ առավոտ Էլիզան փորձեց սրվակների կախարդական զորությունն ու այդ օրվանից մոր թույլտվությամբ սկսեց խնամել պարտեզը:
Օր-օրի ավելի գեղեցկանում էր պարտեզն ու ծաղիկները զարմացնում էին անհավանական գույներով, իսկ նրանց բույրն այնքան դյութիչ էր, որ խոհարարար Մորեխը երբեմն գործը թողած՝ պատուհանագոգին հենված վայելում էր ու… սթափվում միայն այն ժամանակ, երբ վառած ապուրի հոտը խփում էր քթին: Թագավորն այդ օրը նեղսրտում էր մի քիչ, բայց քանի որ ինքն էլ հաճախ թագավորական գործերը մոռացած՝ ժամերով զբոսնում էր պարտեզում և մտորում, թե ինչո՞ւ երիցուկը հատկապես կապույտ գույնի է, իսկ վարդը սպիտակից՝ ալ կարմիրի բոլոր երանգները, առավոտյան հրովարտակով ներում էր շնորհում խոհարարին ու թույլատրում հիանալ ծաղիկներով, միայն թե չափավոր, առանց իր թագավորական ստամոքսին վնաս հասցնելու:
Թագուհին ամեն երեկո շրջում էր պարտեզում, համոզվում, որ Էլիզան հրաշալի է կատարում այդ պատասխանատու գործը, գովում էր դստերը, իսկ հետո միասին նվագում էին կամ երգում: Ճիշտ է, ծերուկ խոհարարը, որ երեկոյան համերգների մշտական ունկնդիրն էր, հաճախ փնթնթում էր, որովհետև հենց հերթը հասնում էր նրա սիրելի. «Օ, Մարիա» երգին, Էլիզան կրճատում էր երրորդ քառատողն ու սահմանափակվում մեկ կրկներգով: Բայց Էլիզան երգի ավարտին չարաճճի ժպտում էր և օդային համբույր ուղարկում ծերունուն։ Ծղրիդը ժպտում էր ի պատասխան և խոստանում էր առավոտյան Էլիզայի սիրած բալի սերուցքով օշարակի կրկնակի չափաբաժին պատրաստել:
Մի օր էլ քամին սովորականից ուժեղ փչեց, ծաղիկների բույրը տարավ-հասցրեց հարևան թագավորություն՝ արքայադուստր Մերիի ննջարան:
— Սքանչելի բո՜ւյր է: Ուզում եմ՝ այս ծաղիկն ամեն առավոտ իր բույրով ինձ արթնացնի:
Արքայադուստրը հրամայեց այգեպան Խխունջին իր պարտեզից գտնել և բերել այդ անուշաբույր ծաղիկը: Շփոթված այգեպանը երկար պտտվեց պարտեզում ի վերջո յուրաքանչյուր տեսակից մեկական ծաղիկ քաղեց ու փունջը դրեց արքայադստեր զարդասեղանին:
— Սա´ չէ, ո´չ էլ այս մեկը:
Մերին հերթով հոտ էր քաշում ծաղիկներից ու շպրտում հատակին: Ծաղիկներն ընկնում էին ու տնքում, շուտով արքայադստեր ոտքերի մոտ վիրավոր ծաղիկների մի բլրակ հայտնվեց: Մերին ծաղիկների կույտը քամահրանքով հրեց մի կողմ ու դարձավ Խխունջին, որը գլուխը կախ՝ սպասում էր անկյունում.
— Իմ ուզած բույրը չունեն:
— Թագավորությունում ուրիշ ծաղիկ չկա,- արդարացավ Խխունջը:
Արքայադուստրը ոտքը հարվածեց հատակին, իսկ դա նշանակում էր՝ ուր որ է՝ կայծակ կպայթի:
— Հարևան թագավորությունից փչող քամին երբեմն բերում-հասցնում է արքայական ծաղկանոցի բույրը, — կմկմաց Խխունջն անհամարձակ:
— Էլիզան ծաղիկներ ունի, որոնցից իմ պարտեզում չկա՞ն,- բարակ ձայնով ծղրտաց արքայադուտր Մերին ու կծոտեց եղունգները: Աչքի պոչով փնտրում էր մի ծանր իր, որ շպրտի այգեպանի վրա: Վերջապես հայացքը կանգ առավ պատուհանագոգին դրված ծանր մոմակալին:
Խեղճ այգեպանը կծկվել, փոքրացել էր, բայց չէր համարձակվում տեղից շարժվել:
— Մեր պարտեզում աճում են ծաղիկների բոլոր տեսակները, որոնք որ հնարավոր է գտնել ալպիական բարձունքներից մինչև անապատային ավազները,- փորձեց ընդդիմանալ Խխունջը:
— Ուրե՞մն,- արքայադուտրը ձեռքում ծանրութեթև էր անում մոմակալը, ձեռքի շարժումով ցույց տվեց, որ Խխունջը մի փոքր ձախ գնա (այդպես հարվածը հաստատ նշանակետին կհասներ):
Այգեպանն ուզում էր պատմել ծաղիկների հանդեպ Էիզայի հոգատարության, ամենօրյա խնամքի անհրաժեշտության և էլի ուրիշ բաների մասին, բայց մոմակալն այդ պահին արագացումով ուղղվեց դեպի նրա խեղճ գլուխն, ու նա հազիվ հասցրեց գլուխը թաքցնել պատյանի մեջ: Հարվածը կպավ դռանն ու փչացրեց ոսկեկար զարդանախշը:
-Դանդալո´շ, — ծղրտաց Մերին, ես ինքս վաղը կգնամ Էլիզային հյուր ու կպարզեմ հրաշք ծաղկաբույրի գաղտնիքը:
Մերին ամբողջ օրը զայրացած պտտվեց պալատում ու չորս անգամ փոխել տվեց ծաղկամանում եղած փնջերը. մեկ գույնն այն չէր, մեկ ծաղիկները դիտավորյալ «սուր» էին բուրում, որ ինքը փռշտար…
Առավոտ շուտ Մերին ճանապարհվեց դեպի հարևան թագավորություն: Շատ էր շտապում, չողջունեց ո´չ Սպիտակ Սունկին, որ ճամփեզրի մեծ կաղնու շվաքին ծղոտե զամբյուղներ էր հյուսում, ո´չ անտառապահ Բուին, որ գիշերվա հերթափոխից հետո հազիվ էր աչքերը բացում. Բուն զարմացած թևերը թափահարեց, գլուխը տարուբերեց ու քնեց:
Քիչ անց Մերին Էլիզային կողքին էր, պարտեզում:
-Սքանչելի բույր է, ի՞նչ գաղտնի բաղադրատոմսով ես ջրում ծաղիկները,- հարցրեց, առանց երկար բարակ նախաբանի:
-Ողջույն, սիրելի´ս, ի՜նչ լավ է, որ մեզ հյուր ես եկել: Քեզ էլ սրվակով ծաղկանեկտար կնվիրեմ, ճիշտ է՝ շատ չի մնացել, բայց երկուսիս կհերիքի: Ամեն օր կցողես տերևիկներն ու կզրուցես ծաղիկների հետ:
-Առանց զրուցել չի՞ լինի, ես էդքան հավես ու ժամանակ չունեմ:
-Սերը հրաշագործ է, դժվարն առաջին զրույցն է, հետո առանց ծաղկանեկտարի էլ գործը գլուխ կգա, — Էլիզան ծիծաղեց, — Արի´, գնանք ներս, նկարներս ցույց տամ:
Մեծ սրահում սեղանին բազմաթիվ ծաղկանկար բացիկներ էին:
— Այսքան նկար ինչի՞դ է պետք:
— Ա´յ, սա մայրիկին եմ նվիրելու (ցույց տվեց փոքրիկ մանուշակներով նկարը): Մյուսները հիվանդ երեխաների համար են: Մի մասը մայրիկի հետ հիվանդանոց կատարած այցերի ժամանակ ենք նվիրում (էլիզայի մայրը բժկուհի էր), մյուսները ուղարկում եմ փոստով: Սերն անգամ նկարից հրաշքներ է գործում: Մի քանի օրից այս բացիկներն էլ կուղարկեմ, կուզե՞ս մեկն էլ դու նկարի:
Մերիի աչքերը լցվեցին, ինքն էլ չհասկացավ՝ ինչու: Վերցրեց Էլիզայի պարզած վրձինն ու ներկերը և մի կակաչ էլ ինքը նկարեց: Հետո հրաժեշտ տվեց ու արագ հեռացավ:
Այդ երեկո Մերին փակվեց իր սենյակում, անգամ ընթրիքից հրաժարվեց: Առավոտյան իջավ պարտեզ ու կամացուկ ներողություն խնդրեց Խխունջից, հետո վերցրեց փոքրիկ դույլը, աղբյուրից ջուր լցրեց և առաջին անգամ ողջունեց ծաղիներին:
— Սիրելիներս, ցնցուղ ընդունելու ժամն է:
Ծաղիկները ժպտացին և անուշ բուրեցին:
Աղավնի Գրիգորյան