Ինտենսիվ կարդիովարժությունները կարող են նպաստել սրտի հանկարծակի կանգին, նախասրտերի ֆիբրիլյացիային կամ սրտի կաթվածին, նախազգուշացնում են ամերիկացի գիտնականները:
MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ հետազոտողները վերլուծել են 300 գիտական աշխատանքներ եւ պարզել, որ մարդկանց գերակշիռ մեծամասնության համար աերոբիկայի մարզումների օգուտը ռիսկերը գերազանցում է: Ֆիզիկապես ակտիվ մարդկանց, ինչպես նաեւ սովորական հետիոտնի համար սրտի նոպայի եւ հանկարծամահության վտանգը մինչեւ 50 տոկոսով նվազում է: Սակայն մարաթոնները եւ բազմամարտը սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խափանումների հավանականությունը մեծացնում են:
Բազմամարտի մասնակիցների շրջանում պատահարների գրեթե 40 տոկոսը տեղի է ունեցել նրանց մոտ, որոնք առաջին անգամ են մասնակցել մրցությանը, ինչը կարող է նշանակել անբավարար մարզման կամ սրտի հետ կապված խնդիրների առկայություն: Դեպքերի կեսում սրտի հետ կապված խնդիրները սկսվել են մարաթոնների վերջին 1,5 կիլոմետրին:
Մասնագետների խոսքով՝ չարժե սեփական օրգանիզմը ենթարկել չափից ավելի մեծ ծանրաբեռնվածության. ավելի լավ է ծանրաբեռնվածությունն աստիճանաբար մեծացնել՝ օրգանիզմին հարմարվելու եւ վարժվելու ժամանակ տալով:
Հատկանշական է, որ նախասրտերի ֆիբրիլյացիան (սա կաթվածի զարգացմանը նպաստող առիթմիայի տարածված ձեւն է) զգալիորեն նվազում է չափավոր մարզումների դեպքում, բայց ավելի բարձր է նրանց մոտ, ովքեր նստակյաց կենսակերպ են վարում, ինչպես նաեւ նրանց շրջանում, ովքեր անչափ ինտենսիվ մարզումներով են զբաղվում, օրինակ՝ շաբաթական 100 կմ վազքով: