Պատմության մոռացված էջերից. Էլլէն Բիւզանդի ուղին Սարդարապատի ճակատամարտից Չեկայի բանտ. evnreport.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պատմության մոռացված էջերից. Էլլէն Բիւզանդի ուղին Սարդարապատի ճակատամարտից Չեկայի բանտ. evnreport.com

Համառ օրիորդը

Էլլէն Բիւզանդը (Եղիսաբէթ Ստամբոլցեան) ծնվել է 1895 թվականի ապրիլի 3-ին Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի), Շողակաթ և Մարտիրոս Ստամբոլցյանների ընտանիքում։ Հայրը՝ Մարտիրոս Ստամբոլցյանը, արմատներով Կոստանդնուպոլսից էր (ներկայիս Ստամբուլ), ճանաչված դերձակ, որը զինվորական համազգեստ էր կարում։ Էլենի ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվում է Կարս, որն արդեն Ռուսական կայսրության կազմում էր, և Էլենը իր ողջ մանկությունն անցկացնում է այնտեղ։

Ստամբոլցյանների գերդաստանում կրթությանը մեծ կարևորություն էր տրվում։ Էլենի հայրը տիրապետում էր գրաբարին, հայտնի էր որպես նարեկագետ։ Հորեղբայրը՝ Խորեն Ստամբոլցյանը, ավարտել էր Էջմիածնի Գևորգյան ճեմարանը և հարգված քահանա ու ուսուցիչ էր։

Դեռևս դպրոցական տարիներից Էլենը կամ Եղսոն, ինչպես սովորաբար նրան դիմում էին մտերիմները, տարբերվում էր հասակակիցներից։ Մինչ նրա ընկերուհիները զբաղվում էին տնային գործերով, դերձակությամբ կամ խոհարարությամբ, Եղսոն իր օրն անցկացնում էր գրքերի մեջ։ Էլենի քույրը՝ Հռիփսիմեն, իր հուշերում գրում է, որ Էլենը միշտ մի քայլ առաջ էր հասակակիցներից։ Մի անգամ նա ասել է Հռիփսիմեին. «… պիտի դպրոց գնամ, համալսարան, վարժուհի դառնամ, բոլոր աղջիկներին սովորեցնեմ, որ շուտով չամուսնանան, կրթութիւն ստանան, որ կարողանանք մեր ազգին օգնել»։

Էլլէն Բիւզանդը (երկրորդ շարք, աջից առաջինը՝ կանգնած) Ստամբոլցյան գերդաստանի կանանց և աղջիկների հետ, Կարս, 1905:

Էլենի վարքագիծն ու մտքերը խորթ էին ժամանակաշրջանին ու հասարակությանը, որում ամուսնությունը և տնային տնտեսությունը օրիորդի կյանքի ամենից կարևոր առաքելությունն էին։ Էլենը հասակակիցներից տարբերվում էր նաև հայոց լեզվի և մշակույթի հանդեպ իր անհագ սիրով։ 1910-ական թվականներին տեղի հայկական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա հրաժարվում է կրթությունը շարունակել Կարսի ռուսական գիմնազիայում՝ պատճառաբանելով, որ չի ուզում ռուսալեզու կրթություն ստանալ։ Նա փոքրուց երազում էր սովորել Թիֆլիսի Մարիամյան-Հովնանյան դպրոցում և ստանալ բարձրակարգ հայալեզու կրթություն։

Էլլէնի մայրը՝ տիկին Շողակաթը, կտրականապես դեմ էր աղջկան մենակ Թիֆլիս ուղարկելուն։ Սակայն Էլլէնը չէր պատրաստվում հանձնվել։ Նա երազում էր գրող դառնալ և ոչ մի բան չէր կարող խանգարել նրան այս ճանապարհին։ Նախ, բոլորից գաղտնի Էլլէնն ընդունելության դիմում է ուղարկում Թիֆլիս, իրերը հավաքում ու թաքցնում ընկերուհու տանը, որպեսզի ցանկացած հարմար պահի կարողանա փախչել տնից։ Բայց Էլլէնին բախտն ավելի շուտ է ժպտում. նրա մեծ քրոջ ընտանիքը որոշակի ժամանակով պետք է Թիֆլիս տեղափոխվեր, և Էլլէնի մայրը թույլատրում է նրան մեկնել և ընդունվել Մարիամյան-Հովնանյան դպրոց:

Թիֆլիս հասնելուն պես Էլլէնն անմիջապես վազում է դպրոց: Բայց պարզվում է, որ դիմումը նա ուշացրել է և պետք է սպասի մյուս տարվա ընդունելությանը: Էլլէնի նման համառ աղջկան նորությունն ամենևին չի տխրեցնում, հակառակը, նա միանգամից ուղղվում է Գայանյան օրիորդաց դպրոց, տեղում քննություն հանձնում և ընդունվում:

Թվում էր, թե Էլլէնի՝ հայալեզու դպրոցում սովորելու երազանքն արդեն իրականություն էր, նա Գայանյան դպրոցում էր. բայց Հովնանյան-Մարիամյան դպրոցում սովորելու միտքը աղջկան հանգիստ չէր տալիս։ Ժամանակ առ ժամանակ Էլլէնն այցելում էր դպրոց, հարցնում, թե արդյոք ազատ աշակերտի տեղ չկա։ Թիֆլիսում շատերն էին արդեն խոսում կարսեցի համառ այս աղջնակի մասին, որի խելքն ու միտքը կրթությունն էր:

Էլլէնի համառությունն իզուր չի անցնում. Գայանյան դպրոց ընդունվելուց վեց ամիս անց նրան հաջողվում է տեղափոխվել Մարիամյան-Հովնանյան դպրոց։ Արկածներն այսքանով չեն ավարտվում։ Էլլէնին իրեն այցելել է խնդրում իշխանուհի Մարիամ Թումանյանը. այդ օրը հիմնովին փոխում է Էլլէնի կյանքը:

Կյանքը Թումանյան իշխանուհու ընտանիքում

20-րդ դարի սկզբներին իշխանուհի Մարիամ Թումանյանը Անդրկովկասում հայտնի հասարակական գործիչ էր, մի շարք հայ մտավորականների մեկենանսը, որը խրախուսում էր աղջիկների կրթությունն ու հասարակական կյանքում նրանց ակտիվ ներգրավվածությունը։ Իշխանուհին, որը նույնպես Գայանյան օրիորդաց դպրոցի շրջանավարտ էր, լսել էր երիտասարդ Էլլէնի մասին և իմանալով, որ Կարսից է, որոշել էր օգնել նրան։ Ինչպես Էլլէնն է գրում Մարիամ Թումանյանին նվիրված իր անտիպ հուշագրությունում՝ իշխանուհին հաճելիորեն զարմացած էր տեսնել կրթությանն այդչափ նվիրված աղջնակի։ Նա Էլլէնին առաջարկում է հայոց լեզու դասավանդել իր փոքրիկներին և միառժամանակ ապրել իրենց առանձնատանը։

Ոգևորված Էլլէնը հաջորդ իսկ օրն անցնում է աշխատանքի, իսկ ժամանակի ընթացքում Թումանյանների շնորհիվ սկսում շփվել Թիֆլիսի մտավորական և ազնվական շրջանակների հետ։

Իշխանուհի Թումանյանը, որն ակտիվ գործունեություն էր ծավալում Թիֆլիսում, նաև նվիրված մայր էր ու դաստիարակ։ Նա ոչինչ չէր խնայում ոչ միայն իր երեխաների, այլև Էլլէնին կրթելու և հասուն կյանքին նախապատրաստելու համար։

Իշխանուհին ցանկանում էր, որ երեխաները կեանքը ճաշակեն (ոչ) միայն գրքերով, այլ իրենց շրջապատող գործնական կեանքում։ Նա մեզ տարավ Թիֆլիսում համբավաւոր «Սանինեան» թեյարան-սրճարանը Երեւանեան հրապարակի վրայ, որ իր հաստատութեան գենտայարկում ուներ խմորեղեն-շաքարեղեն պատրաստելու գործարան ու մենք տեսանք, թե ինչպես ճերմակ հագած այրեր եւ կիներ պատրաստում են պեսպիսի հրուշակներ, «բօմբօն-ներ, … կանֆետներ», զետեղում էին նկարագեղ տուփերի մէջ, կապում են ժապավեններով վաճառքի համար։

Մեկ ուրիշ անգամ իշխանուհին որոշում է Էլլէնին ու երեխաների ցույց տալ, թե ինչպես են մետաքս ստանում։ Էլլէնի հուշերում տպավորվել են իշխանուհու խոսքերը. «Սիրո՞ւմ եք մետաքսե հագուստ-կապուստը, ուրեմն գիտցեք որտեղից է գալիս մետաքսը»։

Էլլէն Բիւզանդը 1930-ականներին, Փարիզ, Ֆրանսիա:

Իր հուշագրությունում Էլլէնը պատմում է թիֆլիսահայ մտավորականների՝ Թումանյանների տանը գումարվող հավաքների մասին։ Նա հիշում է Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի և այլոց հետ իր հանդիպումները, նաև Կոմիտաս Վարդապետին, որը դաշնամուրի առջև նվագում էր իր նոր մեղեդին՝ գրված «Անուշ» օպերայի համար[1]։

Իշխանուհի Թումանյանը միշտ ոգևորել է Էլլէնին և աջակցել գրող դառնալու  նրա ցանկությանը։ Նա Էլլէնին հորդորում է շարունակել կրթությունը, ասելով, որ սոսկ ուսուցչուհի լինելը բավարար չէ։

Մտիր համալսարան, մեզ պետք են այդպիսինները, ուրիշ ազգերը յետ չմնալու համար. ռուսները, վրացիները… ինչո՞ւ մենք էլ չունենաք համալսարանական հայ կիներ…

Ամառային արձակուրդներին Էլլէնը վերադառնում էր Կարս՝ ոգևորելով և կրթելով տարեկիցներին։ Էլլէնի մտերիմների շարքում է եղել նաև երիտասարդ Եղիշե Չարենցը, որն ապրում էր մոտակա փողոցում։ Ինչպես նշում է Էլլէնի քույրն իր հուշագրությունում, Եղիշեն ու Էլլէնը սիրում էին հանդիպել, ցույց տալ իրենց բանաստեղծությունները և խորհուրդներ հարցնել միմյանցից։

Համալսարանից ռազմաճակատ

1916 թվականին Էլլէնն ավարտում է Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցն ու կրթությունը շարունակելու նպատակով տեղափոխվում Դոնի Ռոստով։ Նա սկսում է իրավաբանության դասընթացների հաճախել Վարշավայի համալսարանում, որն Առաջին համաշխարհային պատերազմի օրերին տեղափոխվել էր Դոնի Ռոստով։ Սովորելուց զատ Էլլէնն աշխատում է հայազգի իրավաբան Գրիգոր Չալխյանի գրասենյակում, նրա երեխաներին հայերեն սովորեցնում։ Շուտով Էլլէնը համալրում է Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը, իսկ Հոկտեմբերյան հեղափոխությունը սկսելուն պես տեղափոխվում Երևան։

Երևան հասնելուց հետո Էլլէնը որոշում է մեկնել ռազմաճակատ և մասնակցել Սարդարապատի ճակատամարտին։ Ինչպես գրում է ժամանակի մամուլը, երիտասարդ Էլլէնը՝ քաջարի մի աղջիկ, մարտի դաշտում հայրենասիրական կոչերով ոգևորում էր զինվորներին։

1918-ին, Առաջին հանրապետության հռչակումից հետո, Էլլէնն աշխատանքի է անցնում Ազգային ժողովում, որպես քարտուղար։ 1919-ի հայ-թուրքական մարտերից հետո Կարսը վերադարձվում է Հայաստանի Հանրապետությանը, 24-ամյա Էլլէնը հանձնարարություն է ստանում վերամիավորել Կարսի և շրջակա բնակավայրերի արհմիությունները։

Էլլէնի գործունեությունն Առաջին հանրապետությունում ցավոք երկար չի տևում։ 1920-ին Հայաստանի խորհրդայնացումից հետո բոլշևիկները բանտարկում են Ազգային ժողովի աշխատակիցներին, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամներին։ Էլլէնը ևս նրանց թվում էր։

Էլլէնը քաղբանտարկյալ

1920 թ. նոյեմբերին Էլլէնը ձերբակալվում և տեղափոխվում է նախ Երևանի Չեկայի, ապա՝ Կենտրոնական բանտ, ուր նա պահվում է մինչև 1921-ի Փետրվարյան ապստամբությունը։

Բանտում հայտնվելու առաջին վայրկյանից իսկ Էլլէնը հանդիպում է բոլշևիկների դաժան վերաբերմունքին։ 1960-ականներին Բոսթոնի «Հայրենիք» ամսագրում հրատարակված «Հայուհիները Երեւանի «Չեկայ»ի բանտում» իր հուշագրությունում Էլլէնը պատմում է Երևանի բանտերում պահվող հայ կանանց մասին։ Հուշագրության նախաբանում Էլլէնը նշում է, որ բազմաթիվ հուշագրություններ կան Հայաստանի խորհրդայնացման տարիների ձերբակալությունների մասին, բայց դրանցից ոչ մեկը չի անդրադառնում կանանց ձերբակալություններին։ Յուրօրինակ այս հուշագրությունը նկարագրում է ոչ միայն 1920-ականների Երևանի բանտային առօրյան, այլև փաստում Էլլէն Բիւզանդի քաջությունն ու անմնացորդ նվիրումը հայրենիքին։

Էլլէն Բիւզանդը ամուսնու՝ Օննիկ Քիւթուքեանի հետ, 1930-ականներ, Փարիզ, Ֆրանսիա:

Էլլէնը բանտում երեք ամիս է անցկացնում ու չնայած սպառնալիքներին, չի հանձնվում, չի դավաճանում իր արժեքները։ Բանտ տեղափոխելուց հետո Էլլէնին տանում են հարցաքննության։ Ռուսերենով տրվող հարցերին նա սկսում է պատասխանել հայերեն, ու չնայած ոստիկանապետի բարկությանը, մինչև վերջ էլ չի հանձնվում։

Կոմիսարը բարկացած ոտքի ելաւ.

– Ձեզ հետ խօսում են ռուսերէն, պատասխանեցէք ռուսերէնով, որ վստահ եմ, թէ գիտէք։

– Հայաստանի պաշտօնական լեզուն հայերէնն է,- ասացի,- մեր իրաւունքն է հայերէն խօսել։ Եթե դուք չգիտէք պետական լեզուն՝ խնդրեմ թարգմանիչ բերէք։

Հուշերում Էլլէնը պատմում է, որ բանտարկված էին նաև Ազգային ժողովի բազմաթիվ աշխատակցուհիներ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամների հարազատներ։ Բանտարկվածների մեջ անգամ հղի կին կար և մի դեռատի աղջնակ։

Բանտային պայմանները սարսափելի էին։ Քնելու համար բավականաչափ տարածք չկար, ուտելիք բանտարկվածների համար հարազատները պիտի հոգային։

Հովհաննես Քաջազնունին, Հայաստանի առաջին հանրապետության վարչապետը ևս բանտարկվածների թվում էր։ Հուշերում Էլլէն Բիւզանդը գրում է, որ իր համար պատիվ էր վարչապետի հետ նույն բանտում բանտարկված լինելը։ Հուշագրության դրվագներից մեկը թերևս հիանալիորեն ներկայացնում է Էլլէնի ակնածանքը դեպի Հովհաննես Քաջազնունին։

Այդպէս հասանք Յունուար 13ին։ Յիշեցինք, որ այդ օրը՝ եօթն անուան (Յովհաննէս, Մկրտիչ, Կարապետ… եւայլն) անուանակոչութեան տօն օր է։ Մեզ հասած առատ ուտեստի պաշարներէն ընտրեցինք լաւագոյն պատառները, կազմեցինք մի մեծկակ ծրար եւ, տալով մեզ վրայ պահակ կեցած զինուորներէն մէկին, խնդրեցինք, որ հասցնէ տղամարդկանց բաժինը՝ յանձնելու համար վարչապետ Յովհաննէս Քաջազնունուն, որ տօնատէր էր այդ օրը։

Չիմացանք տեղ հասնելը։

Բանտարկության ամիսներին Էլլէնն ականատես է լինում բոլլշևիկների անբացատրելի դաժան վերաբերմունքին։ Կանայք և աղջիկներ, որոնք ոչ մի հանցանք չէին գործել, ստիպված էին օրեր անցկացնել բանտախցում միայն այն պատճառով, որ նրանց եղբայրները կամ ամուսինները Առաջին հանրապետության կառավարության անդամներ էին։

Կէս գիշերն անց, մեր դրան առջեւ ահռելի մի ճիչ լսուեց, ծանր մի բանի անկման աղմուկ, տղամարդկանց հայհոյանք եւ…«խաղ չենք ուզում, ոտքի»։

Վեր ցատկեցինք տեղերէս։ Կնոջ ձայն էր ճիչը։

Դուռը բացուեց. Երկու տղամարդ ոտքերէն եւ ուսերէն բռնած, քաշկռտելով ներս բերին մէկը եւ կոպտօրէն ձգեցին դրանը մօտիկ թախթի վրայ։ Մեկ ուրիշը ներս բերեց մի փաթեթ, դրեց կնոջ քովը։ Առանց որևէ խօսքի՝ դուրս գնացին բերողները, դուռը չրխկացնելով։ 

Փաթեթը կենդանութիւն ունէր, նււում էր. կինը, ջղային պրկումի ենթարկուած (հիսթերիա), անգիտակից ճչում էր.- «Երեխա՛ս, երեխա՛ս, երեխա՛ս»…

Բերուածը Խորհրդարանի անդամ, նախագահութեան առաջին քարտուղար Յակոբ Տէր Յակոբեանի տիկինն էր՝ Մանուշակը. հետը, փաթեթում հազիւ 3-4 օր առաջ ծնած մանկիկը։ Տիկինը կանոնաւոր հագնուած չէր. անկողնէն էին քաշել, հանել։

* * *

Որքան էլ ապրեմ՝ այդ գիշերը երբեք պիտի չմոռնամ։ Համայնավար անմարդկային բարքերի մի փաստ էր, որ գուցէ միայն մենք տեսանք. բանտ բերել նորածին մի մանկիկ, որպէս պատանդ՝ չգտնուող հայրը մէջտեղ հանելու համար։

Մի քանի շաբաթ Չեկայի բանտում անցկացնելուց հետո Էլլէնը տեղափոխվում է Երևանի կենտրոնական բանտ։ Ու ինչպես պատմում է իր հուշագրությունում, այնտեղ ևս ՀՅԴ և կառավարության բանտարկված անդամներ կային, որոնց ինքն անձամբ ճանաչում էր։ Կենտրոնական բանտ տեղափոխվելուց որոշ ժամանակ անց Էլլէնն ու իր բանտակիցները սկսում են տարօրինակ շարժ նկատել բանտի շրջակայքում. անընդհատ բեռնատար մեքենաներ էին գալիս ու գնում, և մի տարօրինակ ձայն կար՝ որը չէր դադարում։ Մի երեկո Վարոս Բաբայանը, Առաջին հանրապետության աշխատանքի նախարարը, որը նույնպես բանտարկված էր Կենտրոնական բանտում, զգուշացնում է Էլլէնին, որ եկող գիշեր ուշադիր լինի։

Էլլէն Բիւզանդն ամուսնու և որդու՝ Բենոյի հետ, հավանաբար 1930-ականների վերջ, Ֆրանսիա:

Ի՞նչ պիտի լինէր այդ գիշեր, ինչէ՞ն պիտի զգուշանայինք, ինչպէ՞ս պիտի զգուշանայինք…Սպասում էինք ինչ որ բանի, որի անորոշութիւնը տանջում էր մեզ։

Երկու գիշեր Էլլէնն անհանգիստ սպասման մեջ էր. ոչ ոք չգիտեր ինչ է լինելու, ամեն ինչ անորոշ էր։ Փետրվարի 18-ին Էլլէնն արթնանում է աղաղակներից և մինչ կփորձեր հասկանալ, թե շուրջն ինչ է կատարվում, հանկարծ լսում է. «Կիներն ազատեցեք, կիներն ազատեցեք…»։

Սկզբից նրան թվում է, թե թուրքերը մտել են Երևան և տղամարդիկ, անգամ կոմունիստները, շտապում են ազատել հայ կանանց։ Սակայն րոպեներ անց բացվում են բանտի դռները և ՀՅԴ անդամներն ազատ են արձակում Էլլէնին ու հարյուրավոր այլ քաղբանտարկյալների։

Սկսվել էր Փետրվարյան հեղափոխությունը՝ ՀՅԴ-ն ընդվզում էր Հայաստանի խորհրդայնացման դեմ։ Էջմիածինը, Գառնին, Աշտարակն ու Հրազդանն ազատագրված էին։ Հերթը հասել էր Երևանին։

Բակ խուժեցին հայեր – կին, տղամարդ, պատանի, մանուկ, սասունցիներ ազգային տարազներով։ Գրկում, համբուրում են իրար, բանտարկեալներին։

* * *

Երբ հասանք Խորհրդարանի շէնքին, նրա վրայ արդէն ծածանում էր Եռագոյն դրօշը։

Այդպես, եղաւ Փետրուար 18։ 

Ու փողոցներում կային դիակներ, կար արիւն։ Ու հեռուն օտար սահմանների վրայ կռնակ տուած հայութեան թշնամի օտարների, դարան մտած սպասում էր բռնութիւնն յանձին համայնավարութեան։

Դժբախտաբար, ազաատութիւնը մի պահ էր միայն, արբեցում, Պայքարը պիտի շարունակուէր, շարունակւում է դեռ։

Ու պայքարի անմահ սպարապետն է դրօշն ազգային։

Կյանքի հետագա տարիները և գրական գործունեությունը

Բանտից ազատ արձակվելուց հետո Էլլէնը մեկնում է առաջնագիծ՝ Ղամարլու (ներկայիս Արտաշատ) և անտեղ մնում մոտ մեկ տարի։ Այդ ընթացքում նա ծանոթանում է Յովհաննես Քիւթուքեանի (Կիլիկեցի)՝ երիտասարդ մի բժշկի հետ, որը կամավոր էր առաջնագծում։ Շուտով նրանք ամուսնանում են, տեղափոխվում Իրան, ուր հինգ տարի ապրելուց հետո՝ 1929-ին տեղափոխվում Արֆորվիլլ, Ֆրանսիա։ Իրանում ապրելու տարիներին ծնվում են Էլլէնի ու Օննիկի զավակները՝ Բենոն ու Անահիտը։

Էլլէնն իր գրական գործունեությունը սկսել է դեռևս պատանեկան տարիքից։ Դպրոցում սովորելու տարիներին նա պիեսներ, բանաստեղծություններ ու պատմվածքներ էր գրում, արդեն տպագրվել էր Երևանի «Ռազմիկ» ամսագրում, Թիֆլիսի «Գեղարվեստ» ամսագրում և Դոնի Ռոստովի հայ համայնքի ամսագրում։ Այդուհանդերձ, նրա գրական իրական գործունեությունը սկսվում է Ֆրանսիա տեղափոխվելուց հետո։

1930-ականների սկզբին Եղիսաբեթ Ստամբոլցյանը վերցնում է Էլլէն Բիւզանդ գրական կեղծանունը և սկսում հրատարակվել ֆրանսահայ մամուլում, մասնավորապես «Յառաջ» օրաթերթում։ Դրան զուգահեռ նա ընտրվում է Ֆրանսիայի Հայ Օգնության Միության ղեկավար։

Ֆրանսիա տեղափոխվելուց հետո թվում էր կյանքն իր սովորական հունով պիտի ընթանար, և Էլլէնը վերջապես պիտի կարողանար ամբողջովին կենտրոնանալ իր գրական գործունեության վրա։ Փորձությունները, սակայն, դեռ առջևում էին։

1940-ականների սկզբին մահանում է Էլլէնի աղջիկը՝ Անահիտը։ Էլլէնը, որը եղել էր առաջնագծում և ամիսներ անցկացրել Չեկայի անմարդկային բանտում, իր մեջ ուժ է գտնում և շարունակում գործունեությունը՝ զավակի կորստի ցավը սրտում: 1944-ին Ֆրանսիայի «Արաքս» հրատարակչությունը հրատարակում է Էլլէնի առաջին գիրքը՝ «Պահակը» պատմվածքների ժողովածուն։ Նույն այդ ժամանակ Ռումինիայում տպվում են Էլլէնի «Վահագնի վեգերը» մանկական պատմվածքը։

Երկրորդ համաշխարհայինի օրերին գրական գործունեությունից զատ Էլլէնը նաև կամավոր էր Արֆորվիլլ։ Հետագայում Արֆորվիլլի քաղաքապետարանը նրան պարգևատրում է հատուկ մեդալով՝ պատերազմի ժամանակ Ֆրանսիային աջակցելու համար։

1958-ին մահանում է Էլլէնի ամուսինը՝ Յովհաննես Քիւթուքեանը, և նա որոշում է տեղափոխվել Լոս Անջելես, ԱՄՆ, ուր արդեն հաստատվել էր որդին՝ Բենոն։ Լոս Անջելեսում էր ապրում նաև Էլլէնի քույրը՝ Հռիփսիմե Ստամբոլցյանը։

1960-ին հայ համայնքը Էլլէն Բիւզանդին հրավիրում է Իրան՝ երկրի հայաշատ համայնքներում դասախոսություններ կարդալու։ Այդ շրջանի իրանահայ մամուլի հրապարակումներից կարելի է պատկերացում կազմել, թե ինչ մեծ ոգևորությամբ է տեղի հայությունն ընդունել Էլլէնի այցը։

Երեք ամիս տևած շրջագայության ընթացքում իրանահայերը որոշում են հրատարակել Էլլէն Բիւզանդի նովելները։ Էլլէնը հիշում է, որ այդ ճամփորդությունն իրեն խաղաղություն ու ներքին հանգստություն է բերել, որի կարիքն ինքը շատ ուներ՝ հատկապես ամուսնու մահից հետո։

Ավելի ուշ, 1960-ականների կեսերին Իրանի «Ալիք» հրատարակչությունը տպագրում է Էլլէն Բիւզանդի հիմնական գրական գործերը՝ «Նոր կինը» և «Կարսը և եղբայր Արշոն» նովելները։ Նրա որոշ գործեր հրատարակվում են նաև Բեյրութում։

Էլլէն Բիւզանդի երեխաները՝ Անահիտն ու Բենոն, վաղ 1930-ականներ, Ֆրանսիա:

Էլլէն Բիւզանդի նովելներն անդրադառնում են կանանց խնդիրներին։ Բիւզանդին երբեմն համարում են առաջին հայ կին գրողը, որն իր նովելներում բացահայտ խոսում է կանանց՝ սիրո ձգտման և մարմնական սիրո ցանկության մասին։

Ճակատագիրը, սակայն, նոր հարված էր պատրաստել Էլլէն Բիւզանդի համար։ 1965-ին մահանում է նրա որդին՝ Բենոն, որը նոր էր ամուսնացել։ Վիշտը թեթևացնելու և կյանքի հետագա տարիները ավելի լուսավոր դարձնելու համար Էլլէնի քույրը՝ Հռիփսիմեն, որոշում նրան իր հարկի տակ ընդունել։

Կյանքի վերջին տարիներին Էլլէն Բիւզանդը ակտիվ գործունեություն է ծավալում Լոս Անջելեսի հայ համայնքում։ Ժամանակ առ ժամանակ նա հոդվածներ է գրում Բոսթոնի «Հայրենիք» ամսագրի համար։ Նրա վերջին գործը՝ «Սարէ Բռբչէ» պոեմը նվիրված էր հայ ֆիդայիներին։

Էլլէն Բիւզանդը մահանում է 1970 թվականի հունվարի 14-ին՝ սերունդներին ժառանգելով ուշագրավ օրագրեր և հուշագրություններ, որոնք դեռ սպասում են հրատարակության իրենց հերթին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում։

Էլլէն Բիւզանդը կամ Եղիսաբեթ Ստամբոլցյանն անշուշտ կարող է 20-րդ դարի հայ ականավոր գործիչներից մեկը համարվել։ Եվ պատկերացնել կարելի է միայն, թե քանի ու քանի ուշագրավ պատմություններ և պատմական կարևոր իրադարձություններ են թաքնված Էլլէն Բիւզանդի անտիպ օրագրերում…

Էլլէն Բիւզանդը քրոջ՝ Հռիփսիմեի հետ Ալտֆորտվիլում, հավանաբար 1950-ականներ, Ֆրանսիա:

*Հոդվածում օգտագործված մեջբերումները, ինչպես նաև Էլլէն Բիւզանդի անունը և ազգանունը գրված են այնպես, ինչպես ձեռագրերում են։ 

Հղումներ

————

Էլլէն Բիւզանդ, Համառոտ կենսագրական, անտիպ։

Էլլէն Բիւզանդ, Իշխանուհի Մարիամ Թումանեան, անտիպ։

Էլլէն Բիւզանդ, 1965, Հայուհիները Երեւանի «Չեկայ»ի բանտում, Հայրենիք ամսագիր, N8-9 (Հ. 43-44), Բոսթոն։

Մ. Գէորգեան, Ա. Տօնոյեան, Ա. Գէորգեան, 1981, Էլլէն Բիւզանդի հետ, Լոս Անճելոս։ 

Հատուկ շնորհակալություն Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի աշխատակիցներին։

Լուսանկարները վերցված են Էլլէն Բիւզանդի՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից և «Էլլէն Բիւզանդի հետ» գրքից։

[1] 1900-ականների սկզբին իշխանուհի Մարիամ Թումանյանն առաջարկում է Կոմիտաս Վարդապետին օպերա գրել Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա։ Մի քանի տարի Վարդապետն աշխատում է օպերայի վրա, պատրաստում մի քանի կտոր, սակայն տարբեր հանգամանքներից ելնելով օպերան անավարտ է մնում։

evnreport.com