Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սեւանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության կապիտան Էվելինա Խաչատրյանը «համազգեստից դուրս» ունեցած անկեղծ զրույցում խոստովանում է՝ իր կողքին պատկերացնում է կամային բարձր հատկանիշներ ունեցող, չտատանվող, չերկմտող, համառ, ինքնասածի անձնավորության։ Սա տղամարդու իր իդեալն է։
Երիցյանը կնոջը վստահեց բավականին պատասխանատու աշխատանք՝ նշանակելով Սեւանի հրշեջ փրկարարական ջոկատում որպես ջրասուզական աշխատանքների իրականացման խմբի հրամանատարի տեղակալ՝ լեյտենանտի կոչումով։ Գրեթե մեկ տարի անց էլ՝ Սեւանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար։
«Ի զարմանս շատերի եւ հուրախություն ինձ՝ կարողացա ապացուցել, որ բնավ պարտադիր չէ այդ պաշտոնը զբաղեցնի արական սեռի ներկայացուցիչ»,-անկեղծանում է զրուցակիցս։
Ասում է՝ եթե անձը տիրապետում է աշխատանքին, եթե ի վիճակի է կատարել իր պարտականությունները՝ անկախ դրա բարդությունից, ապա ինչո՞ւ նրան չվստահել այսպիսի աշխատանք. «Ինձ վստահել են, եւ ես սիրով ու մեծ հպարտությամբ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Ցանկության դեպքում, կարծում եմ, անհնարին բաներն առհասարակ երկրագնդի վրա շատ քիչ են։ Ես հավատում եմ իմ ուժերին եւ փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի ինձ վստահված պաշտոնում արդարացնեմ վերադաս հրամանատարներիս հույսերը»։ Է. Խաչատրյանի աշխատանքը բարդ դեպքերի հետ է կապված, ցավալի միջադեպերի, բայց առանց զավեշտալի իրավիճակների էլ չի լինում։ Հիշում է հատկապես 2019 թ. Ամանորը, որ ՀՀ անծանոթ քաղաքացիների հետ միասին նշեցին ջոկատում։
«Մի քիչ գինովցած էինք։ Որոշեցինք տոնը շարունակել Էջմիածնում։ Սեւանից դուրս եկող ճանապարհին մեքենա էր դուրս եկել երթեւեկելի հատվածից ու հայտնվել ձորակում։ Բնականաբար, այդ ժամին գրեթե անհնար կլիներ մեքենա քարշ տալ եւ դուրս բերել այնտեղից։ 23։50-ին չորս ընկերոջ հետ վերադարձանք ջոկատ՝ համոզելով նրանց՝ տոնը նշել միասին»,-ժպիտով վերհիշում է Ամանորը։ Կապիտանը շեշտում է՝ երբեք համաձայն չի եղել այն մտքին, թե, կինը «թույլ սեռի» ներկայացուցիչ է. «Թույլ ասվածը հարաբերական է։ Թույլ կարելի է լինել ֆիզիկապես, մտավոր, հոգեւոր եւ այլ առումներով։ Չեմ ցանկանա որեւէ մեկին վիրավորել, բայց Աստված ինչպես կամենում է, մարդիկ այդպիսին էլ լույս աշխարհ են գալիս։ Չեմ կարող ասել, որ բոլոր տղամարդիկ հարյուր տոկոսով ուժեղ են։ Նրանք էլ են, ի վերջո, մսից եւ արյունից, ունեն զգացմունքներ, հույզեր»։
Իր պարագայում, ասում է, հավանաբար մեծ կամքի ուժի առկայությունն է ուժի խորհրդանիշն ու բոլոր իրավիճակների «առաջնորդը»։ Կարեւորում է նաեւ նպատակասլացությունը. «Չեմ սիրում թերանալ, չեմ սիրում, երբ փորձում են դիտողություններ, նկատողություններ անել։ Սիրում եմ, երբ ամեն բան կատարյալին մոտ է, անթերի»։ Թուլության մասին է խոսում։ Ասում է՝ ինչպես բոլոր խելամիտ մարդկանց պարագայում, իր դեպքում եւս թուլությունն իր ընտանիքն է. «Իմ հարազատները, ծնողները, իմ շատ սիրելի քույրը, որն իմ կողքին է ուրախության եւ տխրության պահերին»։ Մարտի 8—ի ամենացանկալի նվերը Է. Խաչատրյանին լիովին բավարար կլինի՝ մարդկային վերաբերմունքը։ «Ջոկատիս ծառայողներն ինձ երբեք չեն անտեսում, միշտ էլ նվերներ մատուցում են։ Իսկ ինձ համար լավագույն նվերը ազնիվ, բարեխիղճ, պարկեշտ ծառայությունը կլինի։ Մնացյալը երկրորդական է»,-ասաց ԱԻՆ փրկարարական ծառայության կապիտանը։
Լիանա Սարգսյան