Տասներեք-տասնչորս տարեկան տղեկ էր։ 1975 թ. մարտի 1-ն էր։ Առանց տնեցիներին տեղյակ պահելու, դուրս է գալիս տնից ու գնում դեպի իր նախնիների երկիրը։ Քայլում է Մասսի ուղղությամբ։ 5 օր ու գիշեր քայլում է մինչեւ ծնկները հասնող ձների միջով։ Գիշերը մնում է ծիրանի ու խաղողի այգիներում։ Քնել հնարավոր չէր. ատամները ցրտից շխկշխկում էին։ Անցավ վերջին գյուղը ու հայտնվեց փշալարերի առաջ։ Ու արդեն սահմանապահների նախաձեռնությամբ Արտաշատի ՊԱԿ-ի բաժանմունքում էր։
Բաժանմունքի ալեհեր պետը փրփրած էր՝ այս լակոտը, տես սրա հանդգնությունը, պետական սահման է ուզում անցնել։ Հարցերի տարափ էր թափում երեխայի գլխին։ Հարցերից մեկը հստակվեց տղայի համար։ Պետը հարցնում էր՝ ինչո՞ւ էիր գնում։ Տղայի պատասխանն ավելի քան հանգիստ ու հավասարկշիռ էր.
-Գնում էի պապիս գյուղը տեսնելու… Ի՞նչ է, դու երբեւէ չե՞ս ուզել քո պապի տունը տեսնել։
Ալեհեր պաշտոնյան մեկեն լռեց։ Փրկվելու համար հայացքը գցեց սենյակում ներկա զինվորական համազգեստով երիտասարդին ու կարգադրեց.
-Սոված կլինի, տար՝ հաց ուտի։
Այս միջադեպի շարադրանքն այսքանով ավարտենք։ Ընդամենն ավելացնենք, որ նրան չդատեցին, որովհետեւ անչափահաս էր։ Հավանաբար, հասկանալի եղավ՝ տղան Սամվել Կարապետյանն էր։
Սամվելը մանկուց արշավների մեջ էր։ Մենակ ոտքի տակ էր տվել ողջ Հայաստանը։ Գիտեր ամեն քար ու թուփ։ Դպրոցն ավարտեց։ Մորը գոհացնելու համար փորձեց բուհ ընդունվել։ Սակայն առաջին քննությունից կտրվեց։ Ու ուսերից ծանր բեռը թոթափած՝ ազատագրվածի նման վերցրեց ուսապարկն ու գնաց։
17 տարեկան տղան մտավ Ադրբեջանի Հանրապետություն, որպեսզի լուսանկարի, չափագրի այնտեղ գտնվող հայկական հուշարձանները։ Դե, հիմա պատկերացրեք. գնում է Ադրբեջանի ինչ-որ գյուղ, մտնում է գյուղխորհրդի շենք ու այն վստահ գիտակցությամբ, որ գյուղը հայկական է, գյուղի ղեկավարն էլ՝ հայ, առաջարկում է վերջինիս, որ մի ուղեկցող տա, որպեսզի իրեն տանի գյուղից վեց կմ դուրս, անտառների մեջ գտնվող եկեղեցին։
Նախագահը զարմանքից չռված աչքերով լսեց տղային։ Գրասեղանի դարակից հանեց ու նրան մեկնեց մի կնքված թուղթ ու զայրացած՝ կարդա՛։ Չհամբերելով մինչեւ տղան կարդալը կավարտեր, ձեռքից առավ թուղթն ու վրա բերեց.
-Լսիր, այստեղ գրված է, որ եթե որեւէ մեկը փորձի լուսանկարել հուշարձանները, անմիջապես նրան հանձնեք շրջկենտրոնում գտնվող միլիցիայի բաժանմունք։ Հասկացա՞ր, տղա ջան, թե դու ինչ ես ուզում ինձնից։
Տղան ուշքի չէր եկել կատարվածից, երբ նախագահը շարունակեց, բայց արդեն՝ հանգիստ տոնով.
-Իմացիր՝ ոչ բոլոր գյուղի նախագահներն իմ նման կլինեն, չխաբվես նրանց հայ լինելուց. առանց տատանվելու քեզ կտան միլիցիայի ձեռքը։
Ա՛յ, այստեղ արդեն Աամվելը մտածեց, որ իսկապես ինքը ճիշտ ճանապարհի վրա է. այն գործը, որ մտադիր է անել, պե՛տք է անի։ Ու՝ անպայմա՛ն անի։ Ամե՛ն գնով անի։
Սամվելը մտավ Կուր գետի ձախափնյա շրջանի ադրբեջանական բնակավայրերը, ապա գնաց Հյուսիսային Արցախ։ Նա եղավ ԼՂԻՄ վարչական տարածքի բոլոր բնակավայրերում՝ տեղ առ տեղ, գյուղ առ գյուղ։ 1978 թվականից մինչ 1987 թվականը, մինչ կսկսվեր ղարաբաղյան շարժումը, նա լուսանկարում, չափագրում, ուսումնասիում էր ամեն պատմական հուշարձան, որ կար այս տարածքներում՝ եկեղեցի, վանք, տապանաքար, խաչքար, բնակելի հասարակական կառույցներ, բերդեր, աղբյուրներ, ջրաղացներ, ձիթաններ։ Ինչն ուներ պատմական արժեք, ներկայացնում էր մեր ազգային նյութական մշակույթը։ Նա կարդում էր արձանագրությունները, վերծանում վիմագրությունները, լուսանկարում ու գրառում դրանք։ Նա տեղեկություններ էր հավաքում յուրաքանչյուր հուշարձանի վերաբերյալ առանձին-առանձին։ Այդ նպատակով հընթացս կարդում էր գրքեր, ուսումնասիրում պատմական հետազոտություններ, տեղեկություններ էր փնտրում ժամանակի՝ հիմնականում 19-րդ դարի երկրորդ կեսերի պարբերականներում։ Նայում էր ժամանակի՝ պահպանված վիճակագրական տվյալները։ Ուսումնասիրում էր օտարազգի հեղինակներին։ Համարյա ութ տարի նա Հայաստանի պետական արխիվում էր։ Նա՝ Ազգային գրադարանում։
Այս տարածքներից՝ Կուրի ձախափնյա բնակավայրերից Հյուսիսային Արցախից բերեց 25 հազար լուսանկարչական նեգատիվներ սլայդներ։
Իսկ երբ սկսվեց ղարաբաղյան պատերազմը, փակվեցին դեպի Ադրբեջան ճանապարհները, հետազոտական արշավների ուղղությունը թեքեց։ 1991-ից մինչեւ 1993-ի մայիսը Վրաստանի՝ պատմական Հայաստանի տարածքներում էր։ Մտավ Բոլնիսի, Դմանիսի, Մառնեուլի շրջանները, հասավ գաղթավայրերը՝ Կախեթիից մինչ Քարթլի։ Ապա ուղեւորվեց Ջավախք։ Կրկին ոտքի տակ տվեց ամեն բնակավայր, հարակից հանդ ու չոլերը, անտառները։ Գտավ ու, մոռացության փոշին հետ տանելով, լուսանկարեց հուշարձանները, վիմագիր արձանագրությունները, այն ամենը, ինչն իր վրա կրում էր հայկականության հետքը։
1993—ի մայիսն էր։ Անվտանգության գոտի ստեղծելու նպատակով հայկական զինված ուժերը ազատագրել էին Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները։ Բայց համառորեն պտտվում էին շշուկները, թե տարածքները հնարավոր է՝ հետ վերադարձվեն։ Սամվելը հասկանում էր, թե դա ինչ կնշանակեր այնտեղ եղած հայկական հուշարձանների համար։ Ադրբեջանը պարտվածի իր ցասումը կմեղմեր մշակութային մեր արժեքների իսպառ ոչնչացմամբ։ Աճապարեց այդ շրջանները՝ Լաչին, Քելբաջար մյուսները։ Պատերազմն ընթանում էր. նա ռազմական տաք գործողությունների մեջ էր իր գործն անում։ Այդպես՝ մինչ հրադադարի պայմանագիրը։
Նա այս ամենն անում էր մեն-մենակ։ Երկարատեւ ճամփորդությունների ուղեկից ընդհանրապես չէր ունենում։ Նրա շրջապատում մարդիկ էլ չկային, որոնց հետաքրքրեր այս գործը։
Հետագայում միակ պաշտոնյան, միակ հայ պաշտոնյան, ով գիտակցեց, թե ինչ է անում այս երիտասարդը, ով ռեալ օգնություն ցուցաբերեց նրան, Ալեքսան Կիրակոսյանն էր, երբ թոշակի անցնելուց հետո գլխավորում էր հուշարձանների պահպանության գլխավոր վարչությունը։ Դա ԽՍՀՄ փլուզման շրջանում էր, շարժումն արդեն սկսված էր։
Սամվել Կարապետյանի հետազոտած այս ամբողջ նյութը, սկսած 1991 թվականից, դարձավ գիտական ուսումնասիրություններ ու լույս տեսան մեկը մյուսի հետեւից։ Երկու տասնյակի հասնող հաստափոր հատորներ են։
Գրքերում տվյալ տարածքների ժողովրդագրական, տեղագական ողջ նյութի ուսումնասիրությունն է։ Ներկայացված են բնակավայրերի հիմնադրման հանգամանքները, պատմական ընթացքը, բնակչության թիվը ըստ տարբեր ժամանակների՝ սկսած 19-րդ դարի երկրորդ կեսերից։ Ներկայացված են հասարակական նշանակության օջախները, եթե այդպիսիք եղել են, դպրոցները՝ ըստ տարիների՝ իրենց աշակերտների թվով եւ այլն, եւ այլն։ Այսինքն՝ այն ամենը, ինչը եղել է տիպական տվյալ բնակավայրին։
Ապա՝ գալիս են շրջակայքում եղած պատմական հուշարձանները, իրենցից արժեք ներկայացնող շինությունները։ Դրանք ներկայացված են լուսանկարներով, հատակագծերով։ Եթե կան արձանագրություններ, ապա վերծանված են ամփոփված պատկերային գրչանկար տարբերակներով։ Ներդրված են ամբողջական շրջանների առանձին բնակավայրերի տարատիպ քարտեզներ։ Ընդ որում, տվյալ բնակավայրի մասին տեղեկությունները քաղված չեն միայն հայկական աբյուրներից։ Նաեւ ներկայացված են այլազգի ուսումնասիրողների տեղեկությունները, հատկապես օգտագործված են Վրաստանի պետական արխիվի նյութերը (Սամվել Կարապետյանը դրա ճարն էլ է գտել, թե ինչպես հասու դարձնի իրեն)։
Իսկ «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» աշխատությունը լույս տեսավ երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Գրքում ընդգրկված է ազատագրված տարածքների հայկական պատմամշակութային ողջ նյութը։ Սա եղավ այն գիրքը, որը օգտագործվեց, այսօր էլ օգտագործվում է մեր երկրի դիվանագետների, պետական-հասարակական կառույցների ներկայացուցիչների կողմից ղարաբաղյան հարցի բանակցությունների ժամանակ։ Այն մեր ձեռքին եղած լավագույն փաստական նյութերից է։
Հիմա՝ այլ բանի մասին. եթե չլիներ Սամվել Կարապետյանն ու այս գործերը չաներ, մենք՝ ազգովի, ի՞նչ կունենայինք մեր ձեռքին մեր մշակութային ժառանգության այս կորսվող ժամանակներում։ Պարզապես՝ ոչինչ. մեր ձեռքի ափերը դատարկ կմնային։
Պատմականորեն մեզ տրվեց ընդամենը մի կարճ ժամանակահատված, որպեսզի մտնեինք այդ տարածքներն ու հավաքեինք տեղեկություններ մեր մշակութային մարգարիտների մասին։ Դա մոտավորապես մեկ տասնամյակի հասնող ժամանակահատված էր. 70-ականների վերջից մինչեւ ղարաբաղյան շարժումը։ Եվ գտնվեց այդ մենակը, ով գնաց, մտավ հարեւան երկրների վարչական տարածքներն ու մեկիկ—մեկիկ հավաքեց, ուսումնասիրեց ու տուն բերեց մեր ազգային արժեքների վկայությունները։
Հ. Գ. Հիշում եմ բերանից թռցրած խոսքը՝ Ադրբեջանում ՊԱԿ—ի այնպիսի ծառայություն չկար, որտեղ ես ներկայացված չլինեի, միլիցիայի բաժանմունք չկար, որտեղ տարված չլինեի։ Շաբաթով ՊԱԿ-ի բանտախցերում եմ մնացել։ Հետո ավելացրեց՝ այս երկրում սարսափում էին լուսանկարչական սարքից։ Եթե հրազենով ման գայիր, այնքան չէիր վախեցնի, ինչքան ահաբեկվում էին լուսանկարչական ապարատից։
Գոհար Սարդարյան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ