«Երկու հայր»
Advertisement 1000 x 90

«Երկու հայր»

Հովհաննես Թումանյան

ԵՐԿՈՒ ՀԱՅՐ

«1896-ի կոտորածի ձմեռն էր: Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին: Նրանց մէջ էր ծերունի Տէր Սարգիսը:
– Հայրիկի աջը կուզեմ համբուրել,- խնդրեց նա վեհարանում եւ ներս թողին:
– Բարո՛վ, Տէր հայր,- աջը մեկնեց Հայրիկը: Քահանան համբուրեց ու հետ քաշուեց, կանգնեց դահլիճի մէջտեղը յոգնած, խորտակուած:
– Որտեղի՞ց կու գաս:
– Սասունի կողմերէն, Տէր Սարգիսն եմ… Ես քսան հոգուց բաղկացած գերդաստան ունէի, Հայրի՛կ: Տղաներս կոտորեցին, հարսներս տարան, թոռներս կորան, տունս թալանեցին, վառեցին, մնացի այսպէս:
– Է հիմի՞:
– Ես ոչինչ չեմ ուզում, Հայրի՛կ, ես… Այնպէս, եկել եմ… Եկել եմ… Հայրիկին ասեմ՝ էլ ոչինչ չեմ ուզում:
– Ու Հայրիկի առաջ կանգնած էր մարդը, որ ամէն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում: Երկուսն էլ լուռ էին:
– Քանի՞ որդի կորցրիր, Տէր Սարգիս,- գլուխը վեր քաշեց կաթողիկոսը:
– Ամէնքը միասին քսան, Հայրի՛կ:
– Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,- պատասխանեց Հայրիկը,- այդ էլ քսան՝ եղաւ քսան հազար ու քսան: Ո՞ւմն է շատ, Տէր Սարգիս:
Քահանան ցնցուեց ու լուռ կանգնած էր:
– Ո՞ւմ վիշտն է մեծ, Տէր Սարգիս:
– Հայրիկինը…
– Դէ ե՛կ, Տէր Սարգիս, մօ՛տ եկ, աջդ դիր գլխիս, աղօթի՛ր, օրհնի՛ր, որ այս վշտին դիմանամ:
Ասաւ ու գլուխը խոնարհեց: Քահանան շտապեց առաջ, աջը դրաւ իր Հայրապետի գլխին, սկսաւ աղօթք մրմնջալ ու աչքերը լցուեցին արտասուքով։ Նա օրհնում էր հայոց կաթողիկոսին։ Նրա առաջ խոնարհած էր Հայոց Հայրիկը:

Արշալույս Զուրաբյանի էջից: