«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուներին էքսկուրսավարները սիրով են ներկայացնում Զվարթունների տաճարի կառուցման պատմությունը, հետաքրքիր տեղեկատվություն փոխանցում հայկական ճարտարապետության գեղեցկուհու մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը։
«Պատմական փոքրիկ անդրադարձ կատարենք շուրջ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին, որոնք կարևոր հետք են թողել հուշարձանների պահպանության ոլորտի հետագա զարգացման ընթացքում։
1923 թ․մարտի 20-ին ՀԽՍՀ Լուսժողկոմատի №1138 հրամանով ստեղծվել է Զվարթնոց հնագիտական վայրի և կալվածքի վարչություն, կառավարիչ է նշանակվել Խաչիկ վարդապետ Դադյանը: ՀԽՍՀ Լուսժողկոմատի 1924 թ. ապրիլի 17-ի №141 հրամանով Զվարթնոց հնագիտական վայրն ընդգրկվել է Հայաստանի հնությունների պահպանման կոմիտեի կազմում:
Զվարթնոց արգելավայրիստեղծումը պայմանավորված էր 1900-1907 թթ. Էջմիածնի միաբան Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ և 1904 թ. ճարտարապետ Թորոս Թորամանյանի ղեկավարությամբ իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերված Զվարթնոց կամ Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարի և հարակից շինությունների ավերակների պատմաճարտարապետական բացառիկ նշանակությամբ և պատմահնագիտական գտածոների արժեքով:
Զվարթնոց տաճարի հարավային կողմում 1936-1937 թթ. ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով և հնագետ Կարո Ղաֆադարյանի ղեկավարությամբ կառուցվել է Զվարթնոցի թանգարանային շենքը, որի բացումը կատարվել է 1937 թ. նոյեմբերիր 7-ին։ Առաջին մշտական ցուցադրության հեղինակը եղել է հնագետ Կարո Ղաֆադարյանը։
Արգելավայրը որպես «Զվարթնոցի» հնագիտական վայր գործել է 1924-1944 թթ., հետագայում՝ որպես «Զվարթնոց» հուշարձան թանգարան /1944-1986 թթ./, «Զվարթնոց» պատմաճարտարապետական թանգարան /1986-1989 թթ./, «Զվարթնոց» պատմաճարտարապետական արգելոց-թանգարան /1990-2003 թթ./։
2003 թ. «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղն է։
Արգելոց-թանգարանի ֆոնդերում ներկայումսպահվում է հնագիտական պեղումներից հայտնաբերված 5822 առարկա։ Ցուցասրահներում ներկայացված են տարբեր ժամանակաշրջանների պատմիչների տեղեկությունները Զվարթնոցի մասին, պեղումներին առնչվող փաստական տեղեկություններ, ճարտարապետական բեկորներ, Ռուսա Երկրորդի արձանագրությունը, հնագիտական հարուստ նյութ, 7-10-րդ դարերով թվագրվող Զվարթնոցատիպ եկեղեցիների լուսանկարներ, չափագրություններ։
2000 թ․ Զվարթնոցը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում»,- ասված է հաղորդագրության մեջ։