Գտնվել է Երևանի Մլերի քաղաքային գերեզմանատան կենտրոնական հատվածում, դա ներկայիս Կոմիտասի անվան պանթեոնից՝ մինչև Երևան Մոլ ընկած տարածքն էր: Եկեղեցին կառուցվել է 1900 թվականին՝ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով: Քանդվել է 1930-ականների սկզբին, երբ վերացնում էին նաեւ Մլերի գերեզմանատունը: Այսօր քչերը գիտեն, որ այս տարածքում են եղել անգամ ուրարտական ժամանակաշրջանի հնագույն դամբարաններ, որոնցից մեկը հիմա հրաշքով պահպանվել է Երևան Մոլի տեղանքում:
Մլերի գերեզմանատանը թաղված էին շատ հայ հայտնիներ, նրանցից էր նաև 1919-ի հունվարին վախճանված Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը, ում մասունքները հետագայում գաղտնի տեղափոխվեցին նախ Կոզեռնի գերեզմանատուն և այժմ ամփոփված են Թոխմախի գերեզմանատանը:
Մլերի առանձին հատվածներում էր գտնվում նաեւ 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտի պանծալի հերոսների պանթեոնը և 1921-ի փետրվարյան ապստամբության ժամանակ բոլշևիկների կողմից կացնահարված հայ ազգային գործիչների գերեզմանախումբը, որոնց տեղանքում նախատեսված էր կանգնեցնել հուշարձաններ:
Մլերում էր թաղված նաեւ Եղիշե Չարենցի առաջին կինը՝ Արփենիկը, որ մահացել էր 1927-ի սկզբին: Այդ տապանը պահպանվել էր և տարիներ շարունակ ուխտատեղի էր շատերի համար, մինչև 1986 թվականին վերջնական ոչնչացումը՝ խողովակաշար անցկացնելու պատրվակով:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: