Գաղտնիք չէ, որ վիրուսները, բակտերիաները կարող են պինդ մակերեսին ապրել մինչեւ մի քանի օր, հետեւաբար պետք է ուշադիր լինել ամենուր։ Բացառություն չեն նաեւ ռեստորանները։ Ավելին, այստեղ առավել զգոն է պետք լինել, քանի որ անմիջապես սննդի հետ գործ ունենք, վարակվելն ավելի հեշտ է․ նախ դիպչում ես կեղտոտ մակերեսին, ապա ուտելիքին ես ձեռք տալիս, եւ բակտերիան, վարակը ուտելիքի հետ միասին անմիջապես կարող են հայտնվել օրգանիզմում։
Ահա թե որ իրերը ռեստորաններում կարող են վարակի աղբյուր լինել, ինչերին դիպչելիս է պետք զգուշանալ։
Ռեստորանում ամենակեղտոտ իրը կարող է մենյուն լինել, այն օրական հազար անգամ ձեռքից ձեռք է անցնում, բազմաթիվ մարդիկ ձեռք են տալիս դրան, հետեւաբար՝ ճաշացանկին ծանոթանալուց, պատվերը տալուց հետո անհրաժեշտ է լվացվել։
Սեղանին դրված սովորական հավաքածուն՝ աղի, պղպեղի տարաները, անձեռոցիկի տուփը։ Սրանց եւս օրական բազմաթիվ մարդիկ են դիպչում, այնպես որ դրանք եւս կարող են վարակի աղբյուր լինել։ Նախընտրելի է, որպեսզի այդ առարկաները բռնեք անձեռոցիկով կամ օգտվելուց հետո ախտահանեք ձեռքերը։
Սեղանը եւս սովորաբար լավ չեն ախտահանում, խոնավ կտորով սրբում են եւ վերջ։
Նույնն աթոռներին է վերաբերում։ Դրանց ձեռք տալուց հետո ձեռքերով ուտելիքին դիպչել չարժե։
Զգուշացեք նաև մոխրամաններից, բաժակների տակդիրներից, սպասքից:
Եւ բնականաբար, զուգարանները։ Ռեստորաններում զուգարանից օգտվելիս պետք է զգույշ լինել եւ անպայման վերջում լվացվել։
Եթե գնում եք ռեստորան, ընդհանրապես, նախընտրելի է, որ անմիջապես ուտելիքին անցնելուց առաջ լվացվեք կամ ախտանեք ձեռքերը ալկոգելով։