Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակմամբ, օրեր առաջ՝ մարտի 31-ին, խորհրդարանը կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման նպատակով ընդունել է բջջային հեռախոսներով անձնական տվյալներ ստանալու օրինագիծը։
Տվյալ օրինագիծը, որը երկրում առկա արտակարգ իրադրության պայմաններում համապատասխան պետական մարմիններին թույլ է տալու միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին՝ բազմաթիվ քննադատությունների է արժանացել ոլորտի մասնագետների կողմից։ Շատերի համար անհասկանալի է, թե ինչպես կարող է անձի բջջային հեռախոսի տվյալները օգտակար լինել համաճարակի տարածումը կանխելու համար, ուստի տվյալ համակարգի ներդրումը հիմնականում գնահատվել է որպես հասարակությանը, այդ թվում նաև՝ ընդդիմադիր գործիչներին վերահսկելու, այլ ոչ թե պանդեմիայի տարածումը կանխելու միջոց։
Այս օրինագիծը իր մեջ նաև մի շարք հարցականներ է պարունակում կապված համակարգը ստեղծողների ու նրանց մոտիվացիաների վերաբերյալ, իսկ «համապատասխան պետական մարմին» ասվածի տակ պարզ չէ, թե որ պետական մարմինների մասին է խոսքը։
Քիչ չէ նաև այն ռիսկը, որ հավաքագրված անձնական տվյալները կարող են չոչնչացվել, կամ ոչնչացվելուց առաջ ինչ-որ պահի կարող են հայտնվել երրորդ կողմի ձեռքին և հանգեցնել որոշակի հետևանքների։
Նմանատիպ մտավախություն ունեցող շատուշատ անձինք այս օրինագծի ընդունումից հետո, փորձելով դուրս մնալ սահմանված վերահսկողությունից, մասամբ ապահովագրեցին իրենց՝ սկսելով օգտվել այնպիսի այլընտրանքային բջջային հավելվածներից, որոնք համապատասխան պետական մարմիններին թույլ չեն տա ֆիքսել նրանց հեռախոսազանգերը։ Ինչու՞ մասամբ, քանի որ հեռախոսի միջոցով յուրաքանչյուրի տեղակայման վայրը որոշակի շեղումներով, այնուամենայնիվ հնարավոր է ֆիքսել։ Այս քայլով քաղաքացիները նաև իշխանության հավաստիացումներին որոշակի անվստահություն են ցույց տվել։
Հետաքրիր է նաև, որ նույն կերպ սկսեցին վարվել իշխող ուժի ներկայացուցիչները, ովքեր, «իրենք իրենց անվստահություն հայտնելով», օրինագծի ընդունումից հետո ակտիվորեն գրանցվել են «Signal» հավելվածում։ Սա կրկին ստիպում է թերահավատորեն մոտենալ ընդունված օրինագծին ու այն հավաստիացումներին, թե հեռախոսազանգի բովանդակությունը չի գաղտնալսվելու, իսկ տվյալները արտակարգ դրության ավարտից հետո ոչնչացվելու են։
Ո՞ր հավելվածներն են առավել անվտանգ, և ի՞նչպիսին է դրանց գաղտնիության քաղաքականությունը
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն հանգամանքը, որ շատերը բջջային հավելվածներ ներբեռնելիս ամբողջությամբ չեն ուսումնասիրում հավելվածների կանոնանները անձնական տեղեկատվության մասին և չեն ծանոթանում դրանց գաղտնիության քաղաքականությանը՝ AntiFake.am-ը որոշ ուսումնասիրություններ է կատարել հայ օգտատերերի նախընտրելի բջջային հավելվածների, դրանց գաղտնիության քաղաքականության (privacy policy) և այլ տվյալների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև։
Այսպես, վերջին օրերին հայ օգտատերերի ահռելի հոսք է նկատվել դեպի «Signal», «WhatsApp», «Viber», և «Telegram» հավելվածներ, բացի այդ, հայ օգտատերերի մի մասն էլ ակտիվորեն օգտվում է «Zangi», «Messenger» և «Zoom» հավելվածներից։
1․ Ինչպես տեղեկանում ենք «Signal» հավելվածի գաղտնիության քաղաքականությունից, այս հավելվածը չի հավաքում կամ պահպանում խիստ կարևորություն պարունակող որևէ տեղեկատվություն, իսկ հավելվածը ստեղծողները և 3-րդ անձինք չեն կարող մուտք ունենալ հավելվածը օգտագործողի զանգերին և նամակներին, քանի որ դրանք գաղտնագրված են վերջնակետային կոդավորմամբ (end-to-end encryption), մասնավոր են և անվտանգ։ Signal-ը ակնթարթային հաղորդակցության ամենահայտնի անվտանգ հարթակներից մեկն է, որը հնարավորություն է ընձեռում զանգեր կատարել, ֆայլեր ուղարկել և հաղորդագրություններ ուղարկել՝ այդ թվում նաև ինքնաոչնչացվող հաղորդագրություններ։
«Signal» հավելվածում գրանցվելու համար պետք է լրացած լինի հավելվածից օգտվել ցանկացողի 13 տարեկանը։ Այս հավելվածից առանց ծնողների իմացության օգտվելու մինիմալ տարիքի շեմը տարբեր երկրներում կարող է տարբեր լինել։
Հավելվածում գրանցվելու համար անհրաժեշտ է ձեր բջջային հեռախոսահամարը և հեռախոսահամարին փոխանցված հաստատման կոդի մուտքագրումը։
Կարևոր է ընդգծել, որ «Signal»-ը չի վաճառում և չի տրամադրում ձեր անձնական տվյալները կամ հաղորդագրությունների բովանդակությունը։ «Signal»-ից արդյունավետ օգտվելու համար ընդամենը անհրաժեշտ է հետևել հավելվածի քաղաքականությանը, քանի որ խախտումների դեպքում հավելվածը կարող է հեռացնել ձեզ համակարգից, և առանց համապատասխան թույլտվության դուք այլևս հնարավորություն չեք ունենա գրանցվելու «Signal»-ում։
Հավելվածը ճիշտ օգտագործելը իրենից ենթադրում է հավելվածի օրինական, լիազորված և ընդունելի նպատակների համար կիրառում, այդպիսով դուք չպետք է ոտնահարեք հավելվածի, հավելվածի այլ օգտատերերի գաղտնիության, մտավոր սեփականության իրավունքները, ավտոմատացված կերպով հաղորդագրություններ չուղարկեք և այլն։
Ինչպես նշում են ոլորտի մասնագետները, այս հավելվածն ունի բաց կոդ, ինչի շնորհիվ մասնագետները կարող են գտնել անվտանգության ցանկացած թերություն ու շտկել այն: Հավելվածի առավելություններից մեկն էլ այն է, որ հատուկ կարգավորումներն ակտիվացնելով՝ ձեր զրուցակիցը չի կարողանա լուսանկարել (screenshot) նամակագրությունը։
Տեղեկացնենք նաև, որ համաձայն «Artezio» ընկերության մասնագետների 2018թ․ ուսումնասիրությունների՝ «Signal»-ը ճանաչվել է որպես ամենապահով հաղորդակցային հավելվածը։
2․ «WhatsApp» հավելվածը, որը նույնպես օժվտած է վերջակետային կոդավորմամբ և օգտագործում է հենց «Signal»-ի հաղորդակարգը, թույլ է տալիս ակնթարթային զանգեր և նամակներ ուղարկել։ Հավելվածը նաև տեսակապի հնարավորություն է ընձեռնում և թույլ տալիս, օրինակ, Microsoft Word-ով հավաքված ֆայլեր ուղարկել։ «WhatsApp»-ում գրանցվելուց հետո հավելվածը թույլտվություն է հայցում ծանուցումներ ուղարկելու համար, այնուհետև պահանջում նշված հեռախոսահամարին փոխանցված վեցանիշ կոդի հաստատումը։ Հավելվածում գրանցված օգտատերը անվան դաշտում պարտադիր կերպով պետք է գրի իր անունը, կամ օգտանունը (դա կարող է լինել տառերից, թվերից կամ էմոջիներից բաղկացած օգտանուն)։ Օգտատերը ցանկության դեպքում կարող է իր նախընտրած լուսանկարը ներբեռնել և այն օգտագործել որպես գլխավոր նկար, որը հասանելի կլինի օգտատիրոջ այն ընկերների համար, ովքեր նույնպես գրանցված են «WhatsApp» հավելվածում, այդպիսով հավելվածը նաև թույլտվություն է հայցում օգտատիրոջ հեռախոսային մատյանում գրանցված կոնտակտներին հասանելիություն ստանալու համար։ Հավելվածը նաև թույլտվություն է հայցում տեսախցիկին և լուսանկարներին հասանելիություն ստանալու համար։ Ձայնային հաղորդագրություններ ուղարկելու և զանգեր կատարելու համար հավելվածը նաև միկրոֆոնի օգտագործման թույլտվություն է հայցում։
Ինչպես նշված է հավելվածի անվտանգություն բաժնում, հավելվածի «ԴՆԹ»-ի հիմքը կազմում են անվտանգությունն ու գաղտնիությունը։ Այս հավելվածում ներդրված վերջնակետային կոդավորման առկայության պարագայում հավելվածն օգտագործողի նամակները, լուսանկարները, տեսանյութերը, ձայնային հաղորդագրությունները, ֆայլերը և զանգերը պաշտպանված են, ուստի և չեն կարող հայտնվել կողմնակի անձանց ձեռքերում։ «WhatsApp»-ը հավաստիացնում է, որ հավելվածում իրար հաղորդագրություններ ուղարկող օգտատերերի նամակներին անգամ «WhatsApp»-ը հասանելիություն չունի, քանի որ միայն նամակ ուղարկողը և նամակ ստացողը ունեն հատուկ բանալին, որն անհրաժեշտ է նամակը բացելու և կարդալու համար։ Լրացուցիչ պաշտպանության համար, յուրաքանչյուր ուղարկված նամակը ունի եզակի կողպեք և բանալի։ Եվ որ ամենակարևորն է, այդ ամենը ավտոմատացված է, և կարիք չկա հատուկ կարգավորումներ կատարելու կամ գաղտնի զրուցարաններ ստեղծելու համար։
«WhatsApp»-ով կատարվող զանգերը նույնպես կոդավորված են, ինչի շնորհիվ երրորդ անձինք ինչպես նամակագրությանը, այնպես էլ զանգերին հասանելիություն չունեն։
Հավելվածից օգտվողները ցանկության դեպքում նաև կարող են իրենց տեղակայման վայրով կիսվել իրենց «WhatsApp» հավելված օգտագործող ընկերների հետ, ինչի հասանելիությունը ծրագիրը պարտադիր կերպով չի պահանջում։
Մասնագետների կարծիքով՝ այս հավելվածի թերությունն այն է, որ այն պատկանում է «Facebook»-ին, որը տվյալների հավաքագրման վատ համբավ ունի։
3․ «Viber» հավելվածը նունպես թույլ է տալիս ակնթարթային զանգեր և նամակներ ուղարկել, ինչպես նաև տեսակապի հնարավորություն ընձեռում, թույլ տալիս ֆայլեր ուղարկել։ «Viber»-ում գրանցվելու համար, հավելվածը թույլտվություն է հայցում ծանուցումներ ուղարկելու համար և հասանելիություն հայցում միկրոֆոնին, որը թույլ կտա զանգեր կատարել և ձայնային հաղորդագրություններ ուղարկել։ Այնուհետև հավելվածը պահանջում է նշված հեռախոսահամարին եկած վեցանիշ կոդի հաստատում, որից հետո հավելվածը հաջորդաբար հասանելիություն է հայցում հեռախոսային կոնտակտների համար և հարցնում՝ արդյո՞ք հավելվածում գրանցվողի 16 տարին լրացել է, թե ոչ։
Ինչպես նշված է «Viber»-ի գաղտնիության քաղաքականության մեջ, հավելվածը հավաքում է միայն այն տեղեկատվությունը, որը «Viber»-ին թույլ կտա իրենց ծառայությունը հավելվածից օգտվողներին ամենաբարձր մակարդակով մատուցել։ Դա իր մեջ, օրինակ, ներառում է այն, որ այս համակարգից օգտվողները կարող են տեսնել մեկը մյուսի էջը՝ անուն, նկար։ Իսկ անվան, նկարի, ծննդյան տարեթվի և էլեկտրոնային հասցեի լրացումը պարտադիր պայման չի կազմում հավելվածից օգտվել ցանկացողի համար և կամընտրական է: Նմանատիպ տվյալների հավաքագրումը, ինչպես վստահեցնում է «Viber»-ը, ոչ ոքի չի կարող փոխանցվել, և դրանց հավաքագրումը ընդամենը օգնում և թույլ է տալիս խարդախություններից և սպամերից պաշտպանվել։
«Viber»-ը վստահեցնում է, որ իրենք չեն կարդալու և չեն գաղտնալսելու հավելվածից օգտվողների նամակները և զանգերը։ Ավելին, ուղարկվող նամակները չեն պահպանվում, իսկ այն դեպքում, երբ ուղարկված հաղորդագրությունը 2 շաբաթ անց հասցեատիրոջը չի հասնում, այն ցանկացած պարագայում հեռացվում է հավելվածի սերվերներից։
«Viber 6.0»-ի թողարկմամբ՝ հավելվածի բոլոր գործառույթները նաև պաշտպանված են վեջնակետային կոդավորման միջոցով, ինչը նշանակում է, որ հավելվածով կատարված զանգերի, ուղարկված և ստացած նամակների ծածկագրերը ունի միայն օգտատերը, և դա պահպանվում է միայն օգտատիրոջ հեռախոսի, կամ այն տեխնիկայի մեջ, որով նա մուտք է գործում հավելված, և դրանց անգամ «Viber»-ը հասանելիություն չունի։ Կարևոր է ընդգծել, որ վերջնակետային կոդավորումը չի կիրառվում, օրինակ, հանրային էջերի վրա։ Այս դեպքում նամակները գաղտնագրվում են այլ մեխանիզմով։
Գրանցվելով «Viber»-ում՝ յուրաքանչուրն ինքն է որոշում՝ ինչպիսի տեղեկատվություն փոխանցի իր մասին։ Ինչպես արդեն նշեցինք, անունը, լուսանկարը և այլ տվյալների լրացումը կամընտրական է։ Կամընտրականության սկզբունքով՝ այս հավելվածից օգտվողը «Viber»-ի իր հաշիվը կարող է կցել օրինակ իր ֆեյսբուքյան հաշվին, ինչը «Viber»-ին հասանելիություն կտա օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի անձնական տվյալներին, օրինակ՝ ընկերների ցուցակին, բնակության վայրին, աշխատավայրին և այլ տվյալներին։ Ստացվում է, որ կամընտրականության սկզբունքով շատերը իրենց սոցիալական ցանցերի էջերի անձնական տվյալները կարող են փոխանցել «Viber»-ին։ «Viber» հավելվածը կամընտրականության սկզբունքով նաև թույլ է տալիս ձեր կոնտակտների համար անջատել կամ միացնել ձեր ակտիվ կարգավիճակը։ Համապատասխան կարգավորումներ կատարելը հավելվածի օգտատիրոջը նաև թույլ կտա, որ իր հետ հաղորդակցվող անձինք չտեսնեն, թե ուղարկված նամակը հասցեատերը կարդացել է, թե ոչ։
Պետք է հատուկ ընդգծել նաև, որ «Viber»-ը իր օգտատերերի մասին հավաքագրվող տեղեկատվությունը կարող է փոխանցել գովազդատուներին (գովազդատուի դեպքում շատ դեպքերում տրամադրվում է հավելվածի լեզուն, երկիրը, քաղաքը, տարիքը, օգտագործվող տեխնիկայի տվյալները)։ Օրինակ, համաձայն ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի օրենսդրության՝ «Viber» հավելվածից օգտվող անձինք՝ Կալիֆորնիայի բնակիչները, իրավունք ունեն «Viber»-ից պահանջել այն 3-րդ անձանց ցուցակը, ում նրանց մասին տեղեկատվություն է տրամադրվել հավելվածի կողմից։
Տվյալները նաև կարող են փոխանցվել իրավապահ մարմիններին, պետական գործակալություններին, «Viber»-ի գործընկերներին և մայր ընկերությանը՝ Rakuten Inc-ին և դուստր ձեռնարկություններին։ Պետք է հիշել նաև, որ հավելվածի օգտագործման ընթացքում կամ վեբ կայքեր այցելելիս «Viber»-ը և իր գործընկերները տարբեր նպատակների համար որոշակի մեխանիզմների կիրառմամբ կարող ենք պարզել ձեր գտնվելու վայրը։
Տեղեկացնենք նաև, որ «Viber» հավելվածը ժամանակ առ ժամանակ թարմացնում է իր գաղտնիության քաղաքականությունը, ուստի խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել հավելվածից ստացվող ծանուցումները և դրանք ուշադիր ընթերցել։
4․ «Telegram»-ը ունի 2 հիմնական սկզբունք՝ այն մեր տվյալները չի օգտագործում մեզ գովազդ ցուցադրելու համար, և այս հավելվածը պահպանում է միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են անվտանգ հաղորդակցությունն ապահովելու համար։
«Telegram»-ը հաղորդակցություն ապահովող հավելված է, որտեղ մուտք գործելու համար դուք պետք է մուտքագրեք ձեր հեռախոսահամարը, հաստատեք ձեզ ուղարկված կոդը և նշեք ձեր անունը կամ որևէ օգտանուն մուտքագրեք։ Ձեր կոնտակտային մատյանում գրանցված և այս հավելվածից օգտվողների մոտ երևալու է ոչ թե ձեր գրանցած անունը, այլ այն անունը, որով նա ձեզ գրանցել է իր կոնտակտային մատյանում։
«Telegram»-ը, օգտագործելով cloud ծառայությունը, պահպանում է ձեր հաղորդագրությունները, լուսանկարները, ֆայլերը և փաստաթղթերը, և դուք ցանկացած պահի և յուրաքանչյուր սարքով կարող եք հասանելիություն ստանալ այդ տվյալներին։ Այդ տվյալները կոդավորված են պահվում, և ոչ ոք չի կարող դրանք յուրացնել։
Ձեր գաղտնի խոսակցությունները այս հավելվածի դեպքում նույնպես ունեն վերջնակետային կոդավորում և «Telegram»-ը և որևէ այլ անձ՝ բացի ձեզնից, հասանելիություն չունի դրանց բովանդակությանը։ Այս հաղորդագրությունները նաև չեն պահվում cloud համակարգում։
«Telegram»-ը հայցում է թույլտվություն ձեր հեռախոսային մատյանում գրանցված կոնտակներին հասանելիություն ստանալու համար, հավաքում դրանք, և երբ ձեր կոնտակտներից մեկը գրանցվում է «Telegram»-ում, ապա դուք հաղորդագրություն եք ստանում այդ մասին։
Օրինակ, եթե դուք «Telegram»-ում գրանցվել եք Մեծ Բրիտանիայից կամ ԵԱՏՄ անդամ պետություններից, ապա ձեր տվյալները պահպանվում են Նիդերլանդներում վարձակալված հատուկ կենտրոններում։ Սերվերներն ու ցանցերը, որոնք տեղակայված են այս կենտրոններում, պահվում են կոդավորված և պատկանում են «Telegram»-ին, չեն կարող վաճառվել որևէ մեկին, և ոչ ոք չի կարող դրանց հասանելիություն ստանալ։
Իսկ ձեր հաղորդագրությունները, զանգերի բովանդակությունը մինչև սերվերներ հասնելը կոդավորվում են և պահպանվում են այնքան, որքան դրանք անհրաժեշտ են «Telegram»-ին իր պարտականությունները կատարելու համար։
Նշենք նաև, որ «Telegram»-ը իր հավելվածն օգտագործողների անվտանգությունն ապահովվում է MTProto կոդավորման համակարգի միջոցով, որը ստեղծվել է հենց «Telegram»-ի կողմից։ Այս համակարգի միջոցով ձեր տվյալները հասանելի չեն ոչ միայն այլ նպատակներ հետապնդող անձանց, այլ նաև պետական մարմիններին։ Սակայն, եթե «Telegram»-ը համապատասխան դատական վճիռ ստանա, որ իր հավելվածից օգտվող X մարդը կասկածվում է ահաբեկչության մեջ, այդ պարագայում հավելվածը կարող է տրամադրել օգտատիրոջ IP հասցեն և հեռախոսահամարը պատկան մարմիններին։ Նկատենք նաև, որ մինչ օրս նման դեպք չի գրանցվել։ Բացի այդ, իր հավելվածից օգտվողների մասին տեղեկատվությունը «Telegram»-ը կարող է տրամադրել օրինակ Telegram Group Inc-ին՝ ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով։
Ինչպես նշում են մասնագետները, թեև «Telegram»-ը բաց կոդ չունի ինչպես «Signal»-ը, այն նույնպես ապահով է, սակայն հաղորդագրությունները կոդավորելու համար հավելվածում անհրաժեշտ է ակտիվացնել «գաղտնի զրույց» ֆունկցիան, որից հետո հաղորդագրությունները կինքնաոչնչացվեն բոլոր սարքերից: Հավելվածից օգտվողը նաև կարող է կոնկրետ ժամանակահատված նշել, թե երբ պետք է իր հաղորդագրությունները ոչնչանան։
Համաձայն Artezio ընկերության մասնագետների 2018թ․ ուսումնասիրությունների՝ «Telegram»-ը ճանաչվել է որպես երրորդ ամենապահով մեսենջեր։ Նրան նախորդում են «Signal» և «Wickr» հավելվածները, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են առաջին և երկրորդ հորիզոնականները։
5. Նշվածներից միակ հայկական հավելվածը «Zangi»-ն է։ Այս հավելվածը նույնպես թույլ է տալիս ակնթարթային հաղորդագրություններ ուղարկել, զանգեր ու տեսազանգեր կատարել ու ֆայլեր ուղարկել (օրինակ txt., doc., xlsx.)։ Այս հավելվածը, ի տարբերություն մյուս հավելվածների, սերվերներ չունի, և անձնական տվյալները միայն օգտատիրոջ մոտ են պահպանվում։
Այս հավելվածում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսահամար կամ էլեկտրոնային հասցե, որոնցից մեկի մուտքագրումից, օրինակ՝ հեռախոսահամարի, պետք է 4 նիշ ունեցող կոդով հաստատել գրանցումը։ Այս հավելվածը նույնպես ձեզ ծանուցումներ ուղարկելու և ձեր հեռախոսային կոնտակտների մասին հայցում կուղարկի։ Իսկ անվան և ազգանվան դաշտի լրացումը կամընտրական է։
Այս հավելվածը մասնավոր և անվտանգ հավելված է, որը պաշտպանված է եռաստիճան, այդ թվում նաև՝ վերջնակետային կոդավորմամբ, որն ապահովում է հավելվածից օգտվողի մետատվյալները և բովանդակության անվտանգությունը՝ սկզբից մինչև վերջ, ինչպես նաև փոխանցման ընթացքում։ Հավելվածը նաև չունի ձեր հաղորդակցությունները, քանի որ հավելվածը ստեղծողները հրաժարվել են հավաքել կամ հասանելիություն ունենալ հավելվածից օգտվողների մասին տեղեկություններին, որով էլ բացառում են ձեր տվյալների հասանելիությունը և հավաքագրումը երրորդ անձանց կողմից։
Հավելվածի բազմաշերտ և ռազմական դասի կոդավորում ունեցող հավելվածը ապահովում է զանգերի և հաղորդագրությունների ամբողջական գաղտնիությունը անգամ ամենախոցելի կամ թշնամական ցանցերում։
Հավելվածը հնարավորություն է տալիս որակյալ զանգեր կատարել անգամ թույլ կապի պայմաններում։
6. Մեզանից շատերը մեծամասամբ կիրառում են «Messenger» հավելվածը, որն այդքան էլ ապահով չէ։ «Messenger» մուտք գործելու համար պետք է ունենալ ֆեյսբուքյան հաշիվ, կամ բջջային համարով պարզապես գրանցվել «Messenger»-ում։
Չնայած այն պնդումներին, թե «Messenger»-ում ուղարկվող հաղորդագրությունները կոդավորված են նույն կոդերով, ինչն ունեն բանկային ծրագրերը՝ դրանք, ի տարբերություն «Signal» հավելվածի, «ծայրից ծայր» կոդավորված չեն, և մեր խոսակցություններն այդքան էլ մասնավոր չեն։ Նույնը չի կարելի ասել «Messenger»-ի գաղտնի հաղորդագրությունների մասին, որը յուրաքանչյուր օգտատեր կարող է ստեղծել իր նախընտրած ընկերոջ հետ և ընտրել հաղորդագրության անհետացման ժամանակը։ Այս դեպքում անվտանգությունը և խոսակցության մասնավորությունն ամբողջությամբ ապահովված է և հասանելի չէ անգամ Ֆեյսբուքի թիմին։
«Facebook», «Messenger» և «Instagram» փոխկապակցված հավելվածների՝ ձեր մասին ունեցած տեղեկությունները հավաքագրվում են այնպես, ինչպես դուք օգտագործում եք այդ հավելվածները։
Դա կարող է լինել ձեր լուսանկարի հասցեն (location), կամ դրա ստեղծման ամսաթիվը։ Այս հավելվածները նաև ավտոմատացված կերպով կարող են վերլուծել ձեր հաղորդագրությունները, օրինակ հասկանալու համար, թե ինչ հանրային էջերի, անձնական էջերի և խմբերի հետ եք դուք փոխկապակցված, և որն է ձեր շփման շրջանակը։ Այս հավելվածներով ֆինանսական գործարքները, օրինակ գովազդներ կատարելը հավելվածին նաև թույլ է տալիս հասանելիություն ստանալ կատարված գնման տեղեկատվությանը, բանկային քարտի համարին և քարտային այլ տեղեկատվության։ Այս ծրագրերը նաև տեղեկատվություն ունեն այն սարքերի վերաբերյալ՝ համակարգիչ, հեռախոս, որով դուք մուտք եք գործում համակարգ։ Այդ տվյալները կարող են լինել օպերացիոն համակարգի, մարտկոցի լիցքավորման, կապի, բրաուզերի տիպի և այլնի հետ կապված։ Անգամ ֆիքսվում են ձեր համակարգչի մկնիկի շարժը, ID հասցեները, բջջային օպերատորը կամ ISP-ը` ինտերնետ մատակարարը։
Այս հավելածները նաև պարբերաբար իրենց «ինֆորմացիոն գործընկերներից» տեղեկատվություն են ստանում ձեր մասին։ Օրինակ, երբ դուք օնլայն կամ օֆֆլայն գնում եք կատարում՝ երրորդ կողմի իրավունք ունեցող մատակարարները այդ տվյալները փոխանցում են այս հավելվածներին։ Տվյալ պարագայում պետք է ուշադիր լինել այն հավելվածներին, որոնք դուք ներբեռնում և ինչ-որ հասանելիություն եք տալիս։ Մշտապես պետք է ուսումնասիրել ցանկացած հավելվածի գաղտնիության քաղաքականությունը, և այն՝ թե այդ հավելվածը երբ է 3-րդ կողմին ինֆորմացիա տրամադրում։
Իսկ հավաքագրված տեղեկատվությունը «Facebook»,-ը «Messenger»-ը և «Instagram»-ը օգտագործում են ճիշտ թիրախավորման և իրենց արտադրանքի վաճառքի համար։ Օրինակ հավաքագրված տվյալները կարող են փոխանցվել այս հավելվածների բիզնեսի գործիքներն օգտագործող ընկերություններին, որոնք իրենց անհրաժեշտ թիրախային խումբ ընտրելու և իրենց արտադրանքը գովազդելու միջոցով կարող են գումար աշխատել։
Նշենք նաև, որ այս հավելվածները ձեր մասին հավաքագրված տեղեկատվությունը ոչ ոքի չեն վաճառում, և իրենց գործընկերների համար խիստ սահմանափակումներ են գործում ձեր տվյալների կիրառելիության համար։ Օրինակ «Facebook»-յան և «Instagram»-յան բիզնես էջերի կառավարիչները տեղեկություն են ստանում իրենց էջերը դիտողների, այդ էջերում արվող հրապարակումների արձագանքողների կամ մեկնաբանություններ թողողների վերաբերյալ, որը բիզնես էջերի կառավարիչներին օգնում է ավելի ճիշտ և թիրախավորված կատարել էջի կառավարումը։
Ամփոփելով կատարված ուսումնասիրությունները, կարող ենք փաստել, որ առավել ապահով հավելվածներն են «Signal», «Telegram», «WhatsApp» և «Zangi» հավելվածները, սակայն յուրաքանչյուր հավելվածների ճիշտ և գրագետ կիրառման դեպքում կարելի է օգտվել նաև մյուս հավելվածներից։
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
Ավելի մանրամասն՝ antifake.am