Օրգանիզմում մեծ քանակի ճարպային կուտակումը կարող է կրծքագեղձի քաղցկեղի զարգացում առաջացնել։ Այս մասին հայտնել է ամերիկյան Լուիսվիլի համալսարանի միկրոկենսաբանության եւ իմունոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժիշկ Նինգ Լին։ Իր տեսությունը գիտնականը նկարագրել է Trends in Molecular Medicine ամսագրում հրապարակված հոդվածում։
Նրա խոսքերով՝ քաղցկեղային բջիջների աճի մեջ կարեւոր դեր է կատարում ճարպային հյուսվածքներում սինթեզվող FABP4 (fatty acid binding protein) սպիտակուցը, որը միավորում է ճարպաթթուները։ FABP4-ը արտադրվում է ճարպային բջիջների կողմից, իսկ նրա ոչ մեծ քանակը ընկնում է արյան մեջ։ Եթե օրգանիզմում շատ ճարպային հյուսվածքներ կան, արյան մեջ սպիտակուցի ավելցուկ է առաջանում։ Ինչպես հայտնի է, ուռուցքներում հայտնաբերվում է մեծ քանակությամբ մակրոֆագներ՝ FABP4-ի բարձր պարունակությամբ։ Ավելին, սպտակուցի ակտիվությունը ճնշելու դեպքում ուռուցքի աճը կենդանիների մոտ դանդաղում է, նույնիսկ եթե ճարպակալումը մնում է նախկին մակարդակի վրա։
Գիտնականների տվյալներով՝ անոթներում շրջանառվող FABP4-ը անմիջականորեն ազդում է կրծքագեղձի քաղցկեղի աճի վրա՝ չարորակ բջիջների հետ ուղիղ փոխազդեցության միջոցով։ Այն նաեւ խթանում է ուռուցքի եւ ճարպային բջիջների միջեւ փոխազդեցությունը՝ նպաստելով չարորակ նորագոյացությունների զարգացմանը։