Ինչի՞ են հանգեցնում սոցիալական շփումների սահմանափակումները։ Մարդը որքա՞ն երկար կարող է պահպանել համարժեքությունն արտակարգ իրավիճակներում։
«Մարդկային մտքի համար ամենածանրը մեկուսացումն է հասարակությունից։ Ուստի ժամանակին մտածվել է, օրինակ, բանտարկությունը»,– Ֆինլանդիայի առողջապահության եւ սոցիալական զարգացման պետական գործակալության պրոֆեսոր Քրիստիան Վալբեկի խոսքերը մեջբերել է ֆիննական «Ilta-Sanomat»-ը։ Նա նաեւ ֆիննական հասարակության «Միելի» հոգեկան առողջության զարգացման կենտրոնի տնօրենն է։
Սովորաբար իրադարձությունները հետեւյալ կերպ են զարգանում. մենակությանը, երբ չկա մեկը, որի հետ կիսվես քո վախերով, հետեւում է ընկճվածության զգացումը։ Եթե դա երկարում է, հայտնվում են անհուսության զգացումը, ոգու անկումն ու դեպրեսիվ վիճակը։
Վիճակի փոփոխության արագությունն անհատական է, քանի որ մեզնից յուրաքանչյուրն իր հոգեբանական ծանրությունն է կրում։ Ոմանց դրությունը կարող է փոխվել մի քանի օրվա ընթացքում, իսկ մյուսներին դրա համար ամիսներ եւ նույնիսկ տարիներ են պետք։
Արդեն մեկ ամիս է՝ ապրում ենք մեզ համար անսովոր պայմաններում, եւ հայտնի չէ, թե իրավիճակը երբ կփոխվի։ Մի քանի ամիս տեւող սոցիալական շփումների սահմանափակումները հատկապես ծանր կլինեն երեխաների համար, որոնց ընկերների շրջապատը պետք է զարգացման համար։ Վալբեկն անհանգստացած է երեխաների վիճակով, ովքեր մեծանում են ոչ անվտանգ պայմաններում, ինչպես նաեւ տարեց մարդկանց եւ նրանց վիճակով, ովքեր տառապում են հոգեկան լուրջ խնդիրներից։
Այդ խոցելի խումբը հիմա կարող է միայն հեռավար խորհրդատվություն ստանալ, ինչը շատ է բարդացնում իրավիճակը։ Վալբեկի խոսքերով՝ շատերը սմարթֆոն չունեն, ոմանք չենք կարողանում տեսազանգեր կատարել. «Ստիպված է բավարարվել սովորական զանգերով։ Սակայն այդպես չի հաջողվում լիարժեք օգնություն ցուցաբերել»։
Հեռավար խորհրդատվության պրակտիկան փորձ է արվել ներդնել դեռ մինչեւ համավարակի ի հայտ գալը։ Այս մասին նշել է հոգեբուժարանի պրոֆեսոր Էրկկի Իսոմեցյան։ Դրանք անհրաժեշտ են, օրինակ, Լապլանդիայում, որտեղ բնակավայրերն իրարից շատ հեռու են։ Սակայն տեխնոլոգիաները բոլորին չէ, որ օգնում են։ Միայնակ հիվանդ ծերերին դժվար է օգնել սոսկ հեռավար կապի միջոցով։
Մեկուսացումը, կապված համավարակի հետ, հավանաբար, ոմանց մոտ որոշակի ախտանշաններ կառաջացնի, կարծում է Վալբեկը։ Սակայն նա չի մտածում, որ մարդկանց մոտ ի հայտ կգան հոգեկան նոր շեղումներ, կամ կխորանան արդեն եղածները։
Հավանաբար, հոգեկան խնդիրները կպահպանվեն նախկին մակարդակի վրա։ Մեր ժամանակներում մարդկանց փրկում է տեխնոլոգիաների միջոցով կապ պահպանելու հնարավորությունը։ Եվ գիտակցումը, որ բոլորս գտնվում ենք մի նավակում։ Ֆինները նույնպես շատ լավ հասկանում են, որ պետք է հոգ տանեն իրենց բարեկեցության մասին։ Այսպիսով՝ Վալբեկը չի կարծում, որ մեկուսացումն ավելի վտանգավոր է, քան վիրուսը։
Հոգեբուժարանի պրոֆեսոր Իսոմեցյան նույնպես համարում է, որ մեկուսացումը հոգեկան խնդիրներ չի առաջացնի նրանց մեջ, ում կյանքը քիչ է փոխվել սահմանափակումների ներդնումից հետո։ Սակայն մարդիկ ճգնաժամը տարբեր կերպ են տանում։ Միայնակ եւ ծանր հիվանդ տարեցն այլ վիճակում է, քան միջին տարիքի առողջ հասուն մարդը, ով ակտիվորեն օգտվում է ինտերնետից։
Իսոմեցյան անհանգստացած է նաեւ, որ կարող է աճել ընտանեկան բռնության սպառնալիքը, իսկ ոմանց մոտ կարող է սրվել կախվածությունը թմրամիջոցներից։ Սակայն նրանք ավելի հազվադեպ կդիմեն օգնության համար, ինչը կարող է հանգեցնել ավելի ծանր հետեւանքների։
Պրոֆեսոր Յանա Սուվիսաարին, իր հերթին, խոսել է այն մասին, որ հիմա մարդիկ վախենում են դիմել շտապ օգնության համար՝ անհանգստանալով, որ կարող են վարակվել վիրուսով։ «Կա վտանգ, որ մարդիկ ավելի հազվադեպ կդիմեն՝ օգնություն ստանալու բժշկական այլ խնդիրների համար, որովհետեւ կարող են վարակվել վիրուսով»,– նշել է Սուվիսաարին։
Մեկուսացումը ճնշող է թվում այն պատճառով, որ մենք չգիտենք, թե այն որքան կտեւի։ Այս մասին շեշտել է սոցիալական էթիկայի պրոֆեսոր Յաանա Հալլամաան։ Մենք չենք կարող տեղաբաշխել մեր ուժերը, ինչպես այն մարզիկը, որը վայր է ընկնում միայն եզրագիծը հատելուց հետո։
Հալլամաան վստահ է, որ այժմյան վիճակի մասին անվերջ խոսակցությունները իրականում կոլեկտիվ ախտանշանների դրսեւորում են։ Նա նշում է պատճառաբանությունը, թե ում կհաջողվի հայտնվել վերակենդանացման բաժանմունքում, եթե տեղերն անբավարար են։
«Նման խոսակցություններով ուզում ենք ինքներս մեզ համոզել, որ դա մեզ հաստատ կհաջողվի»,–ասում է Յաանա Հալլամաան։ Նա նշել է նաեւ, թե ֆիզիկական շփումների բացակայությունը որքան ուժեղ է ազդում հիշողության հետ խնդիրներ ունեցող տարեց մարդու վրա։ Հեռախոսով զրույցը չի կարող համեմատվել լիարժեք հանդիպման հետ։ Այդուհանդերձ, նա ոչ մի դեպքում չի դատապարտում ներդրված սահմանափակումները։ Չէ որ խոսքը մահացու հիվանդության դեմ պայքարի մասին է, եւ մեկուսացման տեւողությունը հնարավոր չէ որոշել նախապես. «Մեզ համար այս իրավիճակը ողբերգական է մի շարք առումներով։ Ինչ էլ որ անենք, տխուր տեսակետները կպահպանվեն»։
Ճգնաժամերը տարբեր են լինում, ինչպես եւ խմբային դինամիկան ճգնաժամի զարգացման ժամանակ։ Սակայն գոյություն ունի «տիպիկ ճգնաժամի անատոմիա» հասկացությունը։ Սկզբում անվստահություն է առաջանում։ Այնուհետեւ, երբ սկսում են լրջորեն ընդունել ճգնաժամը, ինչ-որ ժամանակ խոսում են համախմբվածության մասին։ Դրան հետեւում է հոգնածությունը եւ համապատասխան նորմերին չբավարարող վարքագիծ։ Երբ ճգնաժամը հասնում է եզրագծին, սկսվում է մեղավորների ու քավության նոխազների փնտրտուքը։
Երբ, ի վերջո, մարդիկ վերադառնան սովորական կյանքի, ճգնաժամի շատ դասեր կմոռացվեն։ Սակայն համախմբվածության զգացողությունը կմնա հիշողության մեջ։
Եկեք զուգահեռ անցկացնենք պատերազմի հետ։ Սկզբում թվում է, թե սպառնալիքը եկել է արտաքին աշխարհից, եւ մենք բոլորս նույն նավակում ենք։ Երբ միասնության զգացումը թուլանում է, սկսում ենք գործել հնարավոր լրտեսների դեմ։ Այդ դեպքում շատերն են հետեւում, թե ով ուր է գնում ու գալիս։
Ինչ-որ բան հայտնի է նաեւ հոգեկան շեղումների մասին. ներքին ճակատում հոգեկան խնդիրները կրճատվում են, ինչը բացատրվում է պահանջված լինելու ցանկությամբ։ Շատերը, որոնք մինչ այդ իրենց վտարանդի էին համարում, կրկին իրենց զգում են հասարակության լիարժեք եւ արժեքավոր անդամ, եթե նույնիսկ զբաղված են գուլպա լվանալով կամ էլ տարածքը ձյունից մաքրելով։
Իշխան Քիշմիրյան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ