Փաշինյանը նրանց հույսերը չի՞ արդարացրել, կամ ինչո՞ւ են աղմկում «սորոսականները». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Փաշինյանը նրանց հույսերը չի՞ արդարացրել, կամ ինչո՞ւ են աղմկում «սորոսականները». armeniasputnik.am

Հայաստանի գործող իշխանության ներսում առնվազն երեք խմբավորում կամ շերտ գոյություն ունի, որոնք ներքին պայքար են մղում։ Եվ բացառված չէ, որ այդ խմբավորումներից մեկն իրեն նեղացած է զգում այդ պայքարում, ինչի մասին կարող է վկայել Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կայքում տեղադրված հայտարարությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ավելի վաղ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կայքում ստորագրահավաք-հայտարարություն է հայտնվել, որի հեղինակները, նախևառաջ, ՀՀ իշխանություններից պահանջում են դատական համակարգի մարմինների լիակատար և համակողմանի ստուգում իրականացնել։ Երկրորդ՝ խոսվում է դատական համակարգի օրենսդրությունը բարեփոխելու անհրաժեշտության և նոր միայն ստուգումներ իրականացնելու մասին։ Եվ երրորդ՝ նրանք պահանջում են առաջին հերթին իրականացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ստուգում, քանի որ այդ մարմինը դատավորների վերահսկողության վերջին ատյանն է լինելու։

Հակոբյանը չի կարծում, որ այդ հայտարարությունը պատահականություն կամ առօրյա փաստաթուղթ է։ Նրա խոսքով՝ ՀՀ գործող իշխանությունը կոալիցիոն է։ Այն բաղկացած է մի քանի շերտից․ այդ շարքում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիրը», քաղաքացիական հասարակության մի մասը, որոնց ընդունված է «սորոսականներ» համարել, և վերջապես՝ առանձին մարդիկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մտերիմ շրջապատից։ Այս երկու տարվա ընթացքում բոլոր հիշատակված թևերն իշխանության ներսում պայքար են մղում Փաշինյանի որոշումների վրա ազդեցություն ունենալու համար։

«Վերջին «լայվերում» վարչապետը խոսեց իշխանության ներսում առաջացած դժգոհությունների մասին։ Նա անձամբ ասաց, որ մեծ հիասթափություն կա, որովհետև փայերի բաժանում չի կատարվում, այդ մարդիկ այդպես էլ չեն ստացել տնտեսական կարկանդակի իրենց բաժինը և այլն։ Կարծում եմ,որ Սորոսի հիմնադրամի հայաստանյան կայքում հրապարակված հայտարարությունը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ»,-ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ «սորոսական» թևը մի քանի անգամ տարբեր ձևերով դժգոհություն է հայտնել, որ նոր իշխանությունը չափազանց դանդաղ է գնում դեպի խոստացված փոփոխությունները։ Խոսքը ինչպես դատաիրավական բարեփոխումների, այնպես էլ կառավարության ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքի մասին է։ Մասնավորապես, այդ կառույցներին դուր չի գալիս այն, որ տնտեսական բլոկի որոշ ներկայացուցիչներ նախկին իշխանության հետ աշխատած մարդիկ են։ Ըստ էության, սորոսականներն իրենց սպասելիքներն ու հաշվարկներն ունեին, բայց իրականությունը, պարզվեց, այլ է։

«Հիմա նրանք դժգոհ են նրանից, որ դատավորների վեթինգն այդպես էլ չկայացավ։ Բայց եկեք հասկանանք, թե ինչ է վեթինգը։ Չէ՞ որ բացի դատավորների բուն ստուգման գործընթացից, բացի ձևական կողմից, դա նաև ավելի խորքային տեղեկություններ հավաքելու հնարավորություն է։ Վեթինգի մեխանիզմը այդ ստուգման հետևում կանգնած ուժերին թույլ է տալիս հասանելիություն ստանալ քաղաքական և տնտեսական բնույթի տեղեկության»,- նշեց Հակոբյանը։

Փորձագետը վստահ չէ, որ դատական վեթինգին չէր հետևի այլ ոլորտների վեթինգը, այդ թվում՝ անվտանգության ոլորտի։ Այդ առումով, ըստ Հակոբյանի, ստորագրահավաքի հեղինակների դժգոհությունը միանգամայն կարելի է «հասկանալ։

Հիշեցնենք, որ հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները մի քանի անգամ գրանտներ են ստացել «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանից», որը ժողովրդին հայտնի է «Սորոսի հիմնադրամ» անունով։ Դրանք են՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը», «Ասպարեզ» լրագրողական ակումբը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, «Իրավունքների զարգացման և պաշտպանության» հիմնադրամը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը։

armeniasputnik.am