Ինչպես էին թուրքերը ոչնչացնում հայկական մշակույթի գոհարները
Advertisement 1000 x 90

Ինչպես էին թուրքերը ոչնչացնում հայկական մշակույթի գոհարները

Մեծ եղեռնի ականատեսներից մեկի՝ թուրքահպատակ արաբ, Խարբերդի գավառապետի տեղակալ, հետագայում Դամասկոսում աշխատած փաստաբան Ֆայեզ էլ Ղոսեյնի վկայությամբ, հայկական հին ձեռագրերից ու հնատիպ գրքերից շատերի թերթերը, այդ թվում նաեւ մանրանկարներով զարդարված էջերը թուրք նպարավաճառներն օգտագործել են որպես փաթեթավորման անարժեք թուղթ։

Հայ կերպարվեստի եւ կիրառական արվեստի կորուստներն Օսմանյան կայսրության տարածքում՝ սկսած համիդյան ջարդերից մինչեւ մեր օրերը, հսկայական են եղել։ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը՝ հենվելով հայ եւ օտարազգի մասնագետների բազմաթիվ ուսումնասիրությունների վրա, ուշագրավ օրինակներ է բերում հայկական վանքերում ու եկեղեցիներում պահվող՝ մանրանկարներով զարդարված մեր միջնադարյան ձեռագրերի, որմնանկարների, սրբանկարների, քանդակների, խաչքարերի ու խաչարձանների, կիրառական արվեստի տարատեսակ նմուշների միտումնավոր ոչնչացման եւ յուրացման, ինչը վկայում է այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած եւ այսօր էլ պարբերաբար շարունակվող մշակութային վանդալիզմի մասին։ 1894-1896 թթ. համիդյան ջարդերին հետեւեցին երիտթուրքերի ծրագրած եւ իրագործած հայերի զանգվածային կոտորածները։

Ա. Աղասյանը նկատում է՝ հայ ժողովրդի հալածանքների, իր պատմական հայրենիքից նրան արտաքսելու, տեղահանելու տարիներին սուլթան Համիդը, իսկ հետո նաեւ երիտթուրքերի կառավարությունը նպատակ ունեին ոչ միայն վերացնելու հայ ժողովրդին, այլեւ ոչնչացնելու հայկական բազմադարյան քաղաքակրթության ու մշակույթի նյութական բոլոր վկայությունները. «Համիդյան ջարդերի եւ հատկապես Մեծ եղեռնի տարիներին անդառնալի կորուստներ կրեց պատմական, հոգեւոր ու գեղարվեստական բացառիկ արժեք ներկայացնող մեր միջնադարյան ճարտարապետությունը. Արեւմտյան Հայաստանի եւ Թուրքիայի հայաբնակ այլ վայրերի հայկական վանական համալիրներից, եկեղեցիներից, պաշտամունքային կառույցներից շատերը թալանվեցին, ավերվեցին ու հրկիզվեցին։ Կործանման վտանգի տակ հայտնվեց նաեւ միջին դարերում իր փառահեղ «հազար ու մեկ եկեղեցիներով» հայտնի Անի գահանիստ բերդաքաղաքը»։

Ասվածի վկայություն է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի խորհրդական Ռիզա Նուրի բեյի՝ արեւելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրին 1921 թ. մայիսի 25-ին հղած նամակը, որում վերջինս կոչ է անում իսպառ վերացնել Անի քաղաքի հուշարձանների բոլոր հետքերը՝ դրանով իսկ «մեծ ծառայություն մատուցելով Թուրքիային»։

Ինստիտուտի տնօրենի խոսքով, ղեկավարվելով Թալեաթ փաշայի հրամանով՝ «ամեն կերպ ջանալ ոչնչացնել բուն «Հայաստան» անվանումը Թուրքիայում», ջարդարարները քանդեցին, հողին հավասարեցրին ու մոխիր դարձրին Արեւմտյան

Հայաստանի եւ Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը։ Ինչպես գրում է արեւմտահայ պատմաբան եւ բանասեր Գեւորգ Մեսրոպը. «Նոյնիսկ մենք, հայերս, չենք գիտեր, թէ ի՞նչ էր… մեր վանքերուն, մեր եկեղեցիներուն իսկական թիւը… տեսակն ու քանակը, որակն ու արժէքը»։ «Բայց, բարեբախտաբար, դրանց գոնե մոտավոր թվաքանակի մասին պատկերացում են տալիս Առաջին աշխարհամարտին եւ Հայոց ցեղասպանությանը նախորդած տարիներին հայկական վանքերի ու եկեղեցիների՝ տարբեր առիթներով կազմված ցուցակները եւ վիճակագրական տվյալները։ Վկայությունների համաձայն՝ հայ լուսավորչական վանքերից ու եկեղեցիներից հիմնահատակ ավերվել եւ թալանվել են 1727-ը։ Այլ տվյալներով Արեւմտյան Հայաստանում եւ օսմանյան Թուրքիայի ամբողջ տարածքում այդ տարիներին կործանվել եւ կողոպտվել են ավելի քան 2000 հայկական վանքեր, եկեղեցիներ ու մատուռներ։ Թուրքական արխիվներում պահվող,

Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու առիթ ունեցած արեւմտահայ իրավաբան, խմբագիր ու թարգմանիչ Հայկազն Ղազարյանը նշում է. «…պետական գրաւոր հրամանագրերու համաձայն, Թուրքիան 1914-18 բռնագրաւեց եւ կողոպտեց հայոց պատկանող բազմաթիւ շէնքեր, նաեւ 2050 հայ եկեղեցիներ ու 203 վանքեր եւ աւերեց զանոնք»։

Հայոց ցեղասպանության զոհերը դարձան նաեւ այդ վանքերին ու եկեղեցիներին պատկանող, ինչպես նաեւ արեւմտահայերից շատերի անձնական սեփականությունը հանդիսացող, նրանց ընտանիքներում սրբությամբ պահված ու սերնդեսերունդ ժառանգաբար փոխանցված մեր միջնադարյան ձեռագիր մատյանները, այդ թվում՝ մանրանկարներով զարդարված գրչագրերը, որոնց համար բանիմաց մարդիկ պատրաստ էին իրենց ունեցվածքը տալու»,–ընդգծում է Ա. Աղասյանը՝ հավելելով, որ ազգային այդ անգին հարստության կորստի մասին սրտի ցավով ու անթաքույց տխրությամբ է արտահայտվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, ականավոր հայագետ եւ արվեստաբան Գարեգին Հովսեփյանը։

Նա գրել է. «Ոչնչացան հայ ժողովուրդի անգնահատելի գանձերը, որ ո՛չ ցեցը եւ ո՛չ ուտիճը պիտի ոչնչացնէր, բայց ոչնչացրեց մոլեգնեալ Էնվէրների եւ Թալէաթների թուրքական կառավարութիւնը՝ Վանտալների եւ Ատիլաների բարբարոսութիւնից առաւել աստիճաններով։ Ոչնչացել են հազարաւոր ձեռագիրներից բաղկացած ժողովածուները, որոնց մէջ էր մարմնաւորուած հայ արուեստը, հայ մշակոյթը, հայ միտքը, հայի հոգին…»։ Հայկական վանքերի ու եկեղեցիների, այն հարուստ մատենադարանների, որտեղ պահվում էին հազարավոր ձեռագրեր ու հնատիպ մատյաններ՝ Հին ու Նոր կտակարաններ, սաղմոսներ ու մաշտոցներ, ճաշոցներ ու ժամագրքեր, պատարագամատույցներ ու շարակնոցներ, հայսմավուրքներ ու ճառընտիրներ, քարոզագրքեր ու կանոնագրքեր, տոմարագրքեր ու տոնացույցներ, սրբերի վարքեր, հայ եւ օտար հեղինակների ոչնչացումը կորուստ էր ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային մշակույթի համար։ Սուլթան Աբդուլ Համիդի գահակալության օրոք հայ ժողովրդի եւ նրա ստեղծած մշակութային ժառանգության հանդեպ կատարված անպատիժ հանցանքներն ու բարբարոսական վարվելակերպը, Ա. Աղասյանի խոսքով, գեղարվեստական արտակարգ ուժով ներկայացվել են 1890-ական թվականներին նկարիչ Վարդգես Սուրենյանցի մի շարք գործերում, մասնավորապես «Ոտնահարված սրբություն» (1895) եւ «Ջարդից հետո» («Կույսերի կոտորածը», 1899) հանրահայտ կտավներում. «Դիտողի վրա ցնցող տպավորություն են թողնում ինչպես եկեղեցիների հատակին ընկած հոգեւորականի եւ բռնաբարված կույսերի արյունահեղձ դիակները, այնպես էլ պատառոտված ու ոտնահարված, արյամբ շաղախված մեր սրբությունները՝ միջնադարյան ձեռագրերը, մանրանկարներով զարդարված մագաղաթյա մատյանները։

Սուրենյանցի այս կտավները ոչ միայն գեղարվեստական բացառիկ արժեքներ են, այլեւ սուլթանական վարչակարգի օրոք Թուրքիայում հատուկ հրահրված ու խրախուսված, հայերի դեմ ուղղված բռնությունների, համատարած կոտորածների եւ մշակութային վանդալիզմի անժխտելի ապացույցներ ու մեղադրագրեր, քանի որ դրանք կերտելիս նկարիչն իր ստեղծագործական երեւակայության հետ մեկտեղ հենվել է նաեւ ջարդերից փրկված հայ գաղթականների հետ իր անձնական հանդիպումների ու զրույցների, լրատվական արժանահավատ տեղեկությունների, փաստացի վավերագրերի եւ լուսանկարների վրա»։

Փանոս Թերլեմեզյանի հուշերից տեղեկանում ենք, որ 1915 թ. ամռանը՝ Վանի հայության գաղթի օրերին, Ախավանքում փրկված ձեռագրերը «…սնդուկների մեջ առագաստանավով բերում են Ավանց գյուղի նավահանգիստը եւ այնտեղ հաջողացնում են երեք սնդուկ ուղարկել Էջմիածին, իսկ երկու սնդուկ ձգում են ծովը, որպեսզի թուրքերի ձեռքը չընկնի»։ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը նկատում է՝ Արեւմտյան Հայաստանում հայկական մշակութային ժառանգության, ազգային ճարտարապետության ու կերպարվեստի հուշարձանների հետեւողական ոչնչացումը, այլակերպումը եւ յուրացումը շարունակվել են նաեւ 1923 թվականից հետո՝ ընդհուպ մինչեւ մեր օրերը, չնայած որ պատմական ու մշակութային արժեք ներկայացնող ստեղծագործությունների եւ հուշարձանների պահպանության պարտավորությունն ամրագրվել է Թուրքիայի ինչպես նախկին, այնպես էլ ներկա հիմնական օրենքի՝ Սահմանադրության մեջ։ Հիշատակելով 1974 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած տվյալները, նա նշեց, որ Արեւմտյան Հայաստանում եւ Թուրքիայի սահմաններում 1923 թ. դեռ կանգուն 913 հայկական կրոնական կառույցներից ու եկեղեցական շինություններից 464-ը ամբողջովին անհետացել են, 252-ը ավերակների են վերածվել, իսկ 197-ը շտապ վերանորոգման կարիք ունեն։

Լիանա Սարգսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ