Մառի Պէյլէրեանն արևմտահայ այսօր քիչ ճանաչված մտավորականներից է, թեև 20-րդ դարի սկզբում նա չափազանց հայտնի էր իր «Արտէմիս» ընտանեկան-գրական ամսահանդեսով. հանդես, որը նպատակ ուներ կրթել աշխարհով մեկ սփռված հայ կանանց ու աղջիկներին և որը խոսում էր նրանց իրավունքների մասին։
Ո՞վ է Մառի Պէյլէրեանը
Մառի Պէյլէրեանի մասին կենսագրական տվյալներ քիչ կան, թեև նա չափազանց հայտնի էր 20-դարի սկզբին՝ շնորհիվ իր «Արտէմիս» ամսագրի։ Հայոց մեծ եղեռնից հետո Պէյլէրեանը կարծես մոռացության մատնվեց։ Կա վարկած [1], որ նա երկու հայ կանանցից մեկն էր (Զապել Եսայանի հետ մեկտեղ), ում անունը ներառված էր 1915-ի ապրիլի 24-ին Պոլսում ձերբակալված մտավորականների ցուցակում։ Ցավոք առ այսօր նրա ճակատագրի շատ էջեր անհայտ են…
Մառի Պէյլէրեանը ծնվել է 1877 թվականին Պոլսում, կրթությունը ստացել է Եսայան դպրոցում, ապա ուսումը շարունակել Բերայի արվեստանոցում (Բերան Պոլսի թաղամասերից է)։ Գրական-հասարական գործունեությունը Մառին սկսել է թղթակցելով «Արեւելք» թերթին՝ ներկայանալով Կալիպսօ ստեղծագործական կեղծանվամբ։
1890-ականների սկզբին Մառին փորձում է անդամակցել Հնչակյան կուսակցությանը։ Նա ոգևորված էր թափ առնող ազգային ազատագրական շարժմամբ և ցանկանում էր իր ներդրումն ունենալ հայ ժողովրդի արդարացի այս պայքարում։ Կուսակցության ղեկավարությունը, սակայն, որոշում է, որ Մառին դեռ փոքր է կուսակցական լինելու համար և առաջարկում է նրան թղթակցել «Հնչակ» թերթին։
1890-ին Հնչակյան կուսակցությունը կազմակերպում է հայտնի Գում Գափուի ցույցը։ Պէյլէրեանը ներկա էր ցույցին և լուսաբանում էր այն։
Ցուցարարները հարկադրում են Պոլսի հայոց պատրիարքին ընկերակցելու իրենց երթին դեպի սուլթանի պալատը՝ հայկական բարենորոգումների մասին պահանջագիր ներկայացնելու, ինչպես նաև բողոքելու հայկական վիլայեթներում վայրագությունների դեմ։ Ցույցն ավարտվում է օսմանյան ոստիկանների հետ ընդհարմամբ՝ բազմաթիվ զոհերով և վիրավորներով։
1895-ին հնչյակյանները կազմակերպում են ևս մեկ ցույց, որը հետագայում հայտնի դարձավ Բաբ Ալի անվամբ։ Մառի Պէյլէրեանը ցուցի կազմակերպիչներից էր[2], ցույցը սկսվել է հենց նրա ոգևորիչ ճառով։ Չնայած ցույցի խաղաղ բնույթին և կազմակերպիչների ձեռնարկած նախազգուշական միջոցներին (կազմակերպիչները ցույցի մասին նախապես տեղեկացրել էին իշխանություններին և եվրոպական երկրների դեսպաններին)՝ սուլթանի նստավայր շարժվելու ճանապարհին օսմանյան իշխանությունները արյունալի ջարդ են կազմակերպում[3]։ Օսմանյան ղեկավարությունը շուտով հետախուզում է հայտարարում Մառիի և տասնյակ այլ գործիչների նկատմամբ։ Մառիին հաջողվում է փախչել և հանգրվանել Եգիպտոսում։
Ամբողջությամբ՝ evnreport.com