30.03.2020: Երկար ճանապարհորդություն դեպի գիշեր: Մինչեւ հիմա խուսափում էի գրել: Չէի ուզում գրավոր արձանագրություն թողնել մեկուսացման առաջին օրերի զգացողություններիս մասին: Գուցե այն պատճառով, որ առաջին բանը, ինչ բացահայտեցի, այն էր, որ ինձ համար իրավիճակն այնքան էլ տարբեր չէ սովորականից, սովոր եմ միայնակ ապրել եւ համարյա նույն արտակարգ իրավիճակում. ուրախալի բացահայտում չէ: Առաջին ինն օրերին որեւէ գրառում չարեցի: Բայց այսօր առավոտյան մի լուր հրապարակվեց, որը կարծես սեւ հումորային ամսագրի վերնագրերից լիներ. «Սառցե պալատը վերափոխվում է եւ դառնում դիահերձարան»: Հնչում է իտալական Ջիալոյի տեսարանի նման, բայց սա տեղի է ունենում Մադրիդում. «Օրվա չարագույժ լուրերից մեկն է»:
Այսօր ես նշում եմ «աքսորիս» տասնմեկերորդ օրը, ինքնամեկուսացվեցի ուրբաթ օրը՝ մարտի 13-ին: Այդ ժամանակից ի վեր ապրում եմ վայրենու պես՝ կտուրից ընկնող լույսի թելադրող ռիթմով դիմակայելով գիշերվան, եւ մթությանը՝ պատուհանից: Գարուն է, եւ օրերն իսկապես գարնանային են: Դա յուրաքանչյուր օրվա հիանալի զգացողություններից մեկն է, մի բան, որի գոյության մասին մոռացել էի: Արեւային լույսը եւ դրա ճամփորդությունը մինչեւ գիշերվա գալը: Երկար ճանապարհորդություն դեպի գիշեր, բայց ոչ որպես ինչ-որ սարսափելի, այլ` երանելի բան (կամ համառում եմ այդպես՝ շեղվելով իրականության հոգեվարքից):
Ես դադարել եմ ժամացույցին նայել, նայում եմ միայն, որ իմանամ, թե քանի քայլ եմ արել իմ տան երկար կողմնային միջանցքում, որտեղ Ջուլիետա Սերանոն կշտամբում էր Անտոնիո Բանդերասին, որ վերջինս լավ որդի չի եղել՝ նկատի ունենալով ինձ: Դրսի մութը վկայում է գիշերվա ժամանումը, բայց ե՛ւ ցերեկը, ե՛ւ գիշերը առանց ժամանակացույցի են: Ես չեմ շտապում: Բոլոր օրերից այսօր՝ մարտի 23-ին, զգացողություններս ասում են, որ օրերն ավելի երկար են: Ավելի երկար եմ օրվա լույսը վայելում:
Դեռ առանձնապես տրամադրված չեմ, որ սկսեմ գրել գեղարվեստական գործեր. դա էլ կլինի, չնայած մտածում եմ տարբեր սյուժեների մասին, մի մասն էլ՝ ինտիմ բնույթի: Վստահ եմ, որ այս ամենի ավարտին բեյբի-բում կլինի, բայց նաեւ վստահ եմ, որ շատ փլուզումներ կլինեն. «դժոխքը մնացյալն է,- ասում է Սարտրը,- կլինեն զույգեր, որ ստիպված կլինեն միաժամանակ առերեսվել երկու իրավիճակների՝ փլուզում եւ ընտանիքի նոր անդամի ժամանում քանդված ընտանիք»:
Իրականությունն այս պահին ավելի հեշտ է ընկալել որպես ֆանտաստիկ սյուժե, քան որպես իրատեսական պատմվածքից դրվագ: Համաշխարհային եւ վիրուսային նոր իրավիճակը կարծես 50-ականների սառը պատերազմի տարիների գիտաֆանտաստիկ պատմություն լինի: Հակակոմունիստական քարոզչություն պարունակող սարսափ-ֆիլմեր, ամերիկյան B կարգի ֆիլմերից (ցածրաբյուջե ֆիլմեր Հոլիվուդյան Ոսկե դարաշրջանում, ծանոթագրությունը՝ թարգմանչի), ֆիլմեր, որոնք, ընդհանուր առմամբ, գերազանց էին, հատկապես Ռիչարդ Մեթիսոնի վեպերի հիման վրա նկարվածները՝ «The Incredible Shrinking Man», «I Am Legend», «Twilight zone», չնայած դրանք արտադրողների չար մտադրություններին:
Որոշում եմ մի զբաղմունք գտնել: Սովորաբար ես հանպատրաստից հորինում եմ (բայց սա հանգստյան օր չէ, մենության եւ մեկուսացման օրեր են): Հիմա կինոյի, հեռուստատեսային նորությունների եւ ընթերցանության ժամանակացույց եմ կազմում օրվա տարբեր ժամերի համար: Իմ տունը հաստատություն է, եւ ես՝ նրա միակ բնակիչը: Վերջերս նաեւ ֆիզիկական վարժություններ եմ անում տանը, մինչ այժմ չափազանց քայքայված էի, եւ միակ վարժությունը, որ անում էի, երկար միջանցքով քայլելն էր:
Ընտրում եմ ցերեկային ֆիլմը՝ Մելվիլի «Ոստիկանը», իսկ երեկոյի համար ընտրությունս անսպասելի կանգնում է Ջեյմս Բոնդի մասին պատմող «Գոլդֆինգեր»-ի վրա:
…Մեկուսացման ժամանակահատվածի լավն այն է, որ շտապողականությունը վերացել է: Ճնշումն ու սթրեսն անհետանում են: Այո, ես գիտեմ, որ իրականությունն իմ պատուհաններից այն կողմ սարսափելի է եւ անորոշ, այդ իսկ պատճառով զարմանում եմ, որ չեմ նեղվում եւ ամուր եմ պահում վախն ու պարանոյան հաղթահարելու այս նոր զգացողությունը: Ես չեմ մտածում մահվան կամ մահացածների մասին:
Հիմնական զբաղմունքը, ինչը հիմա նաեւ նոր է ինձ համար (քանի որ հաղորդագրություններին չպատասխանելու կամ մասամբ պատասխանելու վատ սովորություն ունեմ), պատասխանել բոլոր նրանց, ովքեր ինձ են գրում, հետաքրքրվում են ինձնով եւ իմ ընտանիքով, որովհետեւ առաջին անգամ հարցադրումը ձեւական չէ, բառերն իմաստ ունեն: Պատասխանում եմ շատ լուրջ եւ ամեն երեկո մի անգամ եւս անցնում նրանց էջերով, որպեսզի իմանամ, թե ինչով են զբաղվում իմ ընտանիքն ու ընկերները:
Արդեն ուշ է, երբ ես դուրս եմ գալիս La 2-ից (իսպանական հեռուստաալիք, ծանոթագրությունը՝ թարգմանչի), մեկ է, կալանքի ժամկետը կլոր է, իսկ ես չէի ուզում վատ վարվել Ջեյմս Բոնդի հետ, չէի ուզում քնել, մինչեւ Շոն Քոններին խորտակի Մաքիավելիի ծրագրերը, ու Գոլդֆինգերը փրկի մեզ բոլորիս:
Ամբողջությամբ՝ hraparak.am