Աշխարհը երբեք այլևս նույնը չի լինի
Advertisement 1000 x 90

Աշխարհը երբեք այլևս նույնը չի լինի

Աշխարհը երբեք այլևս նույնը չի լինի

Նոր կորոնավիրուսային համաճարակի պայմաններում քննարկումների ամենից տարածված թեման ժամանակակից աշխարհի փոփոխության հեռանկարն է: Բազմաթիվ մտածողներ կարծում են, որ անճանաչելիորեն փոխվելու է աշխարհակարգը, փոխվելու են պետությունների և հասարակությունների միջև հարաբերությունները, փոխվելու է անգամ մարդկանց առօրյան։ 

«Աշխարհը երբեք այլևս նույնը չի լինելու» կարծիքը մերժողները շեշտում են մարդկության՝ երբեք դասեր չքաղելու հավերժ սովորությունը կամ մարդկանց անհեռատես ու ոչ հետևողական լինելը։ Երրորդ կարծիքն էլ կա, որ աշխարհը միշտ է փոխվում. նման ցնցումները բնավ էլ պարտադիր չեն:

Երեքում էլ ճշմարտության բաժին կա, սակայն անվիճելի է, որ COVID-19-ի նման մասշտաբային, ամբողջ մոլորակը համակած համավարակը անշուշտ հետևանքներ է ունենալու: Դրա մասին է վկայում մարդկության ողջ պատմությունը: Խոշոր համավարակները միշտ էլ կտրուկ փոխել են հասարակությունները: Նրանք երբեմն ավելի մեծ հետք են թողել մարդկության զարգացման վրա, քան համաշխարհային պատերազմները, դիվանագիտությունը կամ աշխարհագրական հայտնագործությունները:

Հուստինիանոսի ժանտախտը և իսլամի վերելքը

Պատմության մեջ արձանագրված առաջին մեծ համավարակը 6-7-րդ դարերում բռնկված ժանտախտն էր: Այն հաճախ անվանում են Հուստինիանոսի ժանտախտ՝ Plague of Justinian, քանի որ համընկել է բյուզանդական կայսր Հուստինիանոսի գահակալման շրջանի հետ: Համաճարակը բռնկվեց 540 թ. Եթովպիայում և Եգիպտոսում, որտեղից հացահատիկ տեղափոխող նավերի միջոցով շատ արագ տարածվեց Միջերկրական ծովի ավազանում՝ հետագայում ընդգրկելով ամբողջ Եվրոպան և Հարավային Ասիան: Տարբեր հաշվարկներով այն մոտ 100 միլիոն մարդու կյանք խլեց: Ժանտախտը հասավ նաև Հայաստան։ Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում ժանտախտի զոհ դարձավ բնակչության մոտ 40 տոկոսը:

Բացի ժողովրդագրական հսկայական կորուստներից, համաճարակը խոշոր քաղաքական հետևանքներ ունեցավ: Այն կասկածի տակ դրեց ավանդական հավատալիքները։ Հենց այս պայմաններում էր Արաբական թերակղզում տարածվում կրոնական նոր ուսմունքը՝ իսլամը: Հյուսիսային Արաբիան, գտնվելով արևելքից արևմուտք ձգվող քարավանային առևտրական ճանապարհների հանգուցակետում, ժանտախտի համաճարակի պատճառով զրկվեց եկամտի ավանդական աղբյուրներից. առևտուրը կանգ էր առել: Տասնյակ հազարավոր բարեկեցիկ, նախկինում քարավանային ճանապարհները սպասարկող, իսկ համաճարակից հետո արդեն անգործ մնացած արաբները շատ արագ դառնում են նոր կրոնի հետևորդներ: Հենց նրանք էլ կազմեցին Մուհամմադ մարգարեի ձևավորած բանակի հիմքը, որն աներևակայելի արագությամբ ու առանց լուրջ դիմադրության պարտության մատնեց համավարակից և անվերջանալի պատերազմներից հյուծված երկու խոշոր տերություններին՝ Բյուզանդական և Սասանյան կայսրություններին:

Աշխարհը փոխվեց, պատմական թատերաբեմ իջավ նոր տերություն՝ Արաբական խալիֆայությունը և նոր համաշխարհային կրոն՝ իսլամը:

Սև ժանտախտը և ֆեոդալիզմի խարխլումը

Ժանտախտի հաջորդ համաճարակն արդեն անվանեցին Սև մահ՝ The Black Death: Այն սկիզբ առավ Ասիայում և արագ տարածվեց Եվրոպայում՝ 1347-1353 թթ. ընթացքում դառնալով ավելի քան 100 մլն մարդու մահվան պատճառ: Վարակն այնքան մահացու էր, որ Եվրոպայի բնակչությունը պակասեց մեկ երրորդով, իսկ Չինաստանի որոշ շրջաններում՝ կիսով չափ: Նշանավոր շատ քաղաքներ՝ Փարիզը, Վենետիկը, գրեթե ամայացան: Ժանտախտի բռնկումները պարբերաբար կրկնվում էին և Սև մահը ընդմիշտ մնաց սարսափի ու մահվան հոմանիշ, որն իր անջնջելի հետքը թողեց մարդկության պատմության վրա: Եվրոպական շատ քաղաքներում այսօր էլ կարելի է տեսնել հուշարձաններ, որոնք կանգնեցվել են ի նշան վարակի հաղթահարման:

Սև մահն ուղեկցվում էր տնտեսական ճգնաժամով և տնտեսական հարաբերությունների աննախադեպ ձևափոխմամբ։ Անիշխանության և չքավորության պայմաններում, երբ անհասկանալի էր, թե վաղվա օրն ինչ է բերելու, մարդիկ դադարեցին հարկեր վճարել: Բնակչությունն այնքան էր նոսրացել, որ հողերն անմշակ էին մնում: Սա բերում էր աշխատուժի կտրուկ թանկացման և ողջ մնացածների նորանոր պահանջների: Նախկին համատարած անխնա և անհետևանք շահագործումն այլևս անհնար էր, քանի որ ավանդական առօրյան վերականգնելու համար անհրաժեշտ էր մշակել հողը, բարիք ստեղծել: Պետությունները և ազնվականությունը փորձեցին աշխատավորների պահանջները սանձել նոր օրենքներ ընդունելով, սակայն հանդիպեցին դիմադրության, որը երբեմն զինված ապստամբությունների էր վերածվում:

Չհամակերպվելով ճնշումներին՝ գյուղացիները զանգվածաբար փախչում էին քաղաքներ՝ ազատվելով նախկին տերերից: Արհեստագործական համքարությունները, որոնք ժառանգական բնույթ ունեին, սկսում են ավելի հեշտ նոր անդամներ ընդունել՝ ծավալվելով և ավելի ամրապնդելով քաղաքների տնտեսական հզորությունը: Քաղաքների աճող ուժը վերջիններս վերածում էր թագավորների հենարանների: Միապետները սկսում են վարձկան բանակներ ձևավորել՝ օգտագործելով քաղաքներից հավաքված հարկերը: Այս ամենի հետևանքով աստիճանաբար քայքայվում էր ֆեոդալական համակարգը։

Պետք է նշել, որ բնակչության թվի նվազումը ստիպեց ավելի մեծ ուշադրություն դարձնել գիտությանը: Աշխատուժի պակասը պետք էր լրացնել տեխնիկական նորամուծություններով և աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելով: Սա զարկ տվեց գյուղատնտեսության, զինագործության, ծովագնացության բնագավառներում նոր հայտնագործությունների, հետագայում նաև գրահրատարակչության և նոր աստվածաբանության ստեղծմանը։ Մեկ դար անց Գուտենբերգը կտպագրի իր առաջին գիրքը, իսկ երիտասարդ Մարտին Լյութերը իր «95 թեզերը» կփակցնի Վիթենբերգի եկեղեցու դռանը՝ սկիզբ դնելով քրիստոնեական եկեղեցու նոր պառակտմանը և բողոքականության առաջացմանը:

Ծաղիկի համավարակը և Ամերիկայի նվաճումը

Հաջորդ մեծ համաճարակը, որը 15-րդ դարում տարածվեց աշխարհում, ծաղիկն էր՝ Smallpox: Այն պարբերաբար բռնկվում էր մեկ դար շարունակ, դարավերջին վարակվել էր Եվրոպայի գրեթե ամբողջ բնակչությունը: Ծաղիկն ամեն տարի միլիոնից ավելի մարդու մահվան պատճառ էր դառնում: Իսկ նրանք, ովքեր հաղթահարում էին հիվանդությունը, հաճախ այլանդակված էին լինում հիվանդության թողած սպիներով, ինչն իր հերթին զարկ տվեց հարդարանքի միջոցներին ու շպարվելու սովորությանը:

Երբ եվրոպացիները հայտնվեցին Ամերիկա մայրցամաքում, նրանք արդեն իմունիտետ ունեին: Այլ էր տեղաբնիկների խնդիրը. նրանց համար վարակը նոր էր, անհայտ ու սարսափելի: Եվ երբ իսպանացի գաղութարարների մեջ ծաղիկով առաջին հիվանդը հայտնվեց, համավարակը մի քանի ամսում տարածվեց ամբողջ Ամերիկայում՝ որոշ գնահատականներով տեղաբնիկների մինչև մեկ երրորդի մահվան պատճառ դառնալով: Հետագայում դրան միացան ժանտախտի և գրիպի համավարակները, որոնք մայրցամաքի որոշ հատվածներում ոչնչացնում էին տեղաբնիկների 90 տոկոսը։

Մի քանի հարյուր զինվորով իսպանացի նվաճողները կործանեցին Ինկերի և Ացտեկների կայսրությունները, իսկ անգլիացիները և ֆրանսիացիները նվաճեցին Հյուսիսային Ամերիկան: Ամերիկյան զարգացած քաղաքակրթությունների սրընթաց գահավիժումը դժվար է պատկերացնել, եթե դրանք թուլացած չլինեին համաճարակներից, ինչը, այլ գործոնների համադրությամբ, ճակատագրական եղավ տեղաբնիկների համար: Աշխարհը փոխվեց, սկսվեց եվրոպական մեծ գաղութացման դարաշրջանը:

Գլոբալացումը և խոլերան

1817 թվականին Հնդկաստանում բռնկվում է խոլերայի հերթական համաճարակը, որը նոր-նոր գլոբալացող աշխարհի պայմաններում արագ տարածվում է ամբողջ եվրասիական մայրցամաքում և մոտ հարյուր տարի իշխում այստեղ՝ տարեկան հարյուր հազարավոր մարդկանց մահվան դատապարտելով: Պատմաբանները նշում են խոլերայի համավարակի 7 ալիք, որոնցից ամենամեծը երկրորդն էր (1827-1834 թթ.): Բռնկվելով Հնդկաստանում՝ այն հասավ մինչև ԱՄՆ և Լատինական Ամերիկա, հաստատելով, որ արդյունաբերական հեղաշրջման և լոգիստիկ նոր հնարավորությունների պայմաններում մարդկությունը պարզապես դատապարտված է գլոբալ ախտահարման։ Խոլերային նպաստում էր նաև մեծ քաղաքների արագ աճը: Գերբնակեցված քաղաքները չէին կարողանում նվազագույն սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովել։ Մարդկանց կենսագործունեության արդյունքները պարզապես հայտնվում էին շրջակա գետերում, որոնք, միաժամանակ, նույն քաղաքների ջրի հիմնական աղբյուրն էին: Բժշկությունն անզոր էր, մահացությունը երբեմն կազմում էր հիվանդացածների 50%-ը:

Խոլերայի համավարակը շրջադարձային եղավ քաղաքների սանիտարական պայմանների բարելավման համար: Երբ պարզվեց, որ վարակի հիմնական պատճառը ջրի աղտոտվածությունն է, քաղաքներում սկսեցին կենտրոնացված կոյուղու համակարգեր հայտնվել։ Աշխարհը փոխվեց. հիգիենայի կանոնները, աղբահանության ու ջրի մաքրման համակարգերը, հանրային առողջապահության համակարգը, որոնք այսօրվա աշխարհի անբաժանելի մասն են՝ հենց խոլերայի դեմ պայքարի հետևանք են:

 

«Իսպանական» գրիպը և կանանց դերի բարձրացումը

1918 թվականին աշխարհը համակեց հերթական մահաբեր վարակը, այս անգամ գրիպի տեսքով: Այն ստացավ Իսպանական գրիպ անունը, քանի որ հիվանդության մասին առաջին տեղեկությունները հենց այդ երկրից էին, թեև վարակի օջախը բոլորովին այլ վայրում էր: Հնդկաչինից այն նախ տեղափոխվել էր ԱՄՆ Կանզասի նահանգ և ապա ամերիկյան զինվորների հետ հայտնվել Եվրոպայում: Վարակի տարածմանը և մահացության բարձր աստիճանին նպաստեց Առաջին համաշխարհային պատերազմը: Բանակներում մարդկանց մեծ կուտակումներ էին, բնակչությունը հյուծված էր երկարատև պատերազմից, սննդի ու բուժօգնության պակասից: Տարբեր հաշվարկներով վարակվեց մոտ 500 մլն մարդ, զոհվեց 50-100 մլն մարդ:

Իսպանական գրիպն արագացրեց Առաջին աշխարհամարտի ավարտը: Մարդկային կորուստները կտրուկ ավելացել էին, հատկապես տուժել էին գերմանական և ավստրո-հունգարական զորքերը: Քանի որ համավարակի զոհերը հիմնականում 20-40 տարեկան երիտասարդներն էին, որոնց մի մասն էլ զոհվել էր ռազմաճակատներում, կտրուկ աճեց կանանց դերը: Կանայք սկսեցին զբաղվել աշխատանքներով, որոնք ավանդաբար տղամարդկային էին համարվում. նրանք կարող էին ապավինել միայն սեփական ուժերին: Այս պայմաններում սկսվում է կանանց պայքարը քաղաքական իրավունքների համար:

Իհարկե, այս համավարակները միակը չեն պատմության մեջ: Դրանք մարդկության ուղեկիցներն են եղել հազարամյակներ շարունակ և հավանաբար դեռ երկար այդպիսիք կմնան: Ամեն դարաշրջան տասնյակ տեղային և ժամանակի մեջ սահմանափակ համաճարակների բռնկումներ է տեսել, բայց համընդհանուր պանդեմիաները, որոնք ներառում են ամբողջ մարդկությունը, ընդհանուր առմամբ տեկտոնիկ շարժեր առաջացնելու ներուժ ունեն: COVID-19-ը, հնարավոր է, դրանցից մեկն է:

Ամբողջությամբ՝ evnreport.com