Հայ արքայական, ազնվական շատ տոհմեր իրենց իշխանությունը կորցնելուց հետո որպես կանոն, մարել են, անհետացել են պատմության թատերաբեմից: Այլ էր Զաքարյանների փառապանծ տոհմի պարագայում: 1021 թվականին, Վասպուրականի Արծրունիների թագավորության անկումից հետո, Արծրունիների մի ճյուղը տեղափոխվելով Լոռի, Դավիթ Ա Անհողին արքայից ստանալով Խոժոռնի բերդը՝ հաստատվեց այստեղ՝ հետայսու պատմության մեջ կոչվելով Զաքարյան: 12-13-րդ դարերում Զաքարյանները կերտեցին Հայոց Փառքը, վերականգնեցին հայոց պետականությունը, սակայն մոնղոլական վերահաս արշավանքները կասեցրին հայոց պետության ընթացքը: Իսկ Զաքարյանների տոհմը զիջեց առաջնությունը հայոց քաղաքական կյանքում: Սակայն տոհմը չմարեց: Դարեր անց Զաքարյան տոհմի ներկայացուցիչները կրկին հանդես եկան հայության կյանքում, արդեն որպես Արղության-Երկայնաբազուկներ:
Երկայնաբազուկ պատվանունը Զաքարյաններից առաջինը կրել է Սարգիս Մեծ իշխանը, ով 1178 թվականին վրաց արքա Գյորգի Գ ցուցաբերած զինական աջակցության և անձնական քաջության համար ստացավ Մխարգրձելի՝ Երկայնաբազուկ պատվանունը:
Իսկ 13-րդ դարի վերջին, մոնղոլների Արդու խանը Զաքարյաններին շնորհեց Արղութ պատվանունը, որ չաղաթայերեն նշանակում է ,,Կռնակ,, ,,Թիկունք,,: Այդ ժամանակներից էլ տոհմը հայտնի է Արղության-Երկայնաբազուկ անվամբ:
Մոնղոլական արշավանքների և նրանց հետևած իրադարձությունների արդյունքում Զաքարյան – Արղությանները կորցրեցին իրենց ողջ կալվածքները, իրենց պահելով միայն Լոռվա Սանահին գյուղը, ուր գտնվում են տոհմային դամբարաններն ու տապանատները:
Եվ հայրենական Սանահին գյուղում տոհմի շատ ներկայացուցիչներ այսօր էլ կրում են Զաքարյան կամ Արղության ազգանունը:
Արղությանները մեծ դերակատարություն են ունեցել ոչ միայն հայոց քաղաքական կյանքում, այլև՝ վրաց:
Մեզ է հասել վրաց Հերակլ Բ Բագրատունի արքայի երկլեզու՝ հայերեն և վրացերեն հրովարտակը, ուր հաստատվում է նրանց զինանշանը և այնտեղ գրված է. «Աստծո ողորմությամբ, Մենք` Իրակլի Երկրորդ, թագավոր Քարթլիի, թագավոր Կախեթիի …
-Քանի որ տոհմի ծագումը հաստատվում է հին և հայտնի նախնիներով, այդ պատճառով անհարմար չէ Մեզ տալ այս վկայականը Արղության տոհմին, անվանյալ Երկայնաբազուկ, քանզի նրանք ծագում են Հայաստանում և Իվերիայում մեծ և հայտնի տոհմից, ինչպես վկայում են մեր պատմագիրները, հատկապես թագուհի Թամարի ժամանակների, որոնք հայտնում են գեներալ-ֆելդմարշալ Զաքարե և Իվանե Աթաբեկների մասին, որովհետև նրանք մեծ ծառայություն են մատուցել Բագրատիոն տոհմին (Վրաց Բագրատունի)… որի համար և տալիս ենք նրանց նշանակ, որովհետև պատվված են նրանք ոչ միայն հին ձեռագրերում և քարե շինությունների պատերին արված արձանագրություններով… այլև իրենք ընտանեկան զինանշանով, որի վրա, որպես նրանց սպարապետության խորհրդանիշ, արծաթե դաշտում պատկերված է վահան, խաչ և Սուրբ Աստվածածինը` ձախ ձեռքին Մանուկ Հիսուսին, ներքևի աջ կողմում պատկերված է թուր պահող թև, որպես խորհրդանիշ արի ազգանվան: Ձախ կողմում վահան է, որի մոտ կանգնած (իմա` ուղղահայաց) նիզակ է: Այս բոլոր նշանները վերևում պսակված է թագով: … Իրակլի Երկրորդ, 1783 թ, օգոստոսի 28-րդ օր»:
Արղությանները ոչ միայն վրաց արքունիքի ազնվականներ էին համարվում, այլև՝ ռուսական: Դառևս ռուսաց Եկատերինա Բ Մեծ կայսրուհու կառավարման շրջանում (1764-1796), Արղությանները ելումուտ ունեին ռուսաց արքունիք: Նրանցից հայտնի էր հատկապես տխրահռչակ արքեպիսկոպոս Հովսեփ Արղության-Երկայնաբազուկը, ով ռուսաց արխիվներում հիշատակվում է որպես Արգուտինսկի:
1800 թվականին ռուսաց Պավել Ա կայսրը հատուկ հրամանագրով Արղության-Երկայնաբազուկներին ընդունեց ռուսական ազնվականության շարքը և հաստատեց նրանց տոհմային զինանշանը՝ վահան է՝ վրան Արղության-Երկայնաբազուկների ժառանգական սպարապետությունը խորհրդանշող դրոշով և այլ նշաններով։
Իսկ միջնադարում Զաքարյանները, ովքեր սերել են Վասպուրականի Արծրունիներից, կրում էին արծվակիր խորհրդանշաններ:
Արղությանների տոհմից նշանավոր էր արքեպիսկոպոս Հովսեփ Արղության-Երկայնաբազուկը: Նա ծնվել է Սանահինում, սովորել Էջմիածնում: Դարձել է ռուսահայոց հոգևոր առաջնորդը, ապա՝ ղրիմահայերի հոգևոր առաջնորդ: Լծվելով ռուսական ռազմակառքին՝ արքեպիսկոպոս Հովսեփ Արղության-Երկայնաբազուկը Եկատերինա Մեծ կայսրուհու հրամանով, իշխան Գրիգորի Պոտյոմկին Տավրիդյանի հետ մեկտեղ հայաթափեց Ղրիմը՝ տեղի հայերին բռնի գաղթեցնելով և բնակեցնելով հարավռուսական տափաստաններում:
Հովսեփ արքեպիսկոպոսը 1800 թվականին, ռուսական կաբինետի ճնշումների արդյունքում ընտրվել է ամենայն հայոց կաթողիկոս, սակայն Վաղարշապատ գնալու ճանապարհին, Թիֆլիսում մահացել է և չի աթոռակալել:
Արղությանների տոհմի երկրորդ վերածնունդը եղավ 19-20-րդ դարերում: Այս ժամանակամիջոցում հայոց քաղաքական-մշակութային կյանքում իրենց առաքելությունն իրականացրին գեներալ Մովսես Արղության-Երկայնաբազուկը, հայ ազատամարտի ականավոր ներկայացուցիչ Հովսեփ Արղության Երկայնաբազուկը, նույն ինքը՝ Իշխանը՝ Տաշոն, Թիֆլիսի քաղաքագլուխներ Նիկողայոս և Ալեքսանդր Արղության-Երկայնաբազուկները, դիվանագետ Վարդան Արղության-Երկայնաբազուկը…
Մովսես Զաքարի Արղության-Երկայնաբազուկը ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ էր: Աչքի է ընկեր 19-րդ դարի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներում: Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի հետ միասին լծվելով ռուսական ռազմակառքին՝ կազմակերպել է Պարսկահայքի հայաթափումը՝ տեղի հայությանը բնակեցնելով Երևանի շրջանում: Ռուսական կառավարությունը բարձր է գնահատալել նրա ծառայությունները և 1829-1830 թվականներին իշխան Մովսես Արղության-Երկայնաբազուկը նշանակվել է Հայկական մարզի պետ: Հետագայում ռուսական զորքի կազմում մասնակցել է Լեռնային Դաղստանի նվաճմանը: 1847-ին նշանակվել է Դերբենդի զինվորական նահանգապետ, ապա’ Մերձկասպյան երկրամասի զորքերի հրամանատար և քաղաքացիական նահանգապետ: Հիմնել է Թեմիր-խան-Շուրա քաղաքը:
Մահացել է 1855 թվականին, 57 տարեկան հասակում: Թաղված է հայրենի Սանահին գյուղում՝ Արղության-Երկայնաբազուկների տոհմային դամբարանում:
Իշխան Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկը 1891-1904 թվականներին, երեք անգամ ընտրվել է Թիֆլիսի քաղաքապետ: Երեք դեպքում էլ կիսատ է թողել պաշտոնավարումն ու հրաժարական տվել: Աչքի է ընկել քաղաքում շինարարական գործունեությամբ: Հովանավորել է կրթական գործը: Նա ուներ 10,000 գրքերից բաղկացած հարուստ անձնական գրադարան, լավագույններից մեկը Կովկասում: Կտակել էր, որ իր գրադարանը անպայման տեղափոխվի Երևան:
Իշխան Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկը մահացել է 1916 թվականին, Թիֆլիսում: Աճյունն ամփոփված է Սանահինի վանքում:
1919 թվականին, ՀՀ Լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի ջանքերով իշխան Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկի գրադարանը գնեց ՀՀ կառավարությունն ու տեղափոխեց Երևան: Այդ գրադարանի հիմքով հետագայում ձևավորվեց ՀՀ Ազգային գրադարանը:
Հայտնի բարեգործ էր նաև իշխան Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկի կինը՝ Մարիամ Միրզայանցը:
Առհասարակ, Արղության-Երկայնաբազուկները աչքի են ընկել բարեգործական ձեռնարկներով: 1871 թվականին Ալեքսանդրապոլում բացվեց Արղության Հայ Օրիորդաց վարժարանը, իշխան Ղահրաման Արղության-Երկայնաբազուկի կտակի համաձայն: Դպրոցն ուներ 2 դասարան և երկու նախապատրաստական բաժանմունք: Ուսման տևողությունը չորս տարի էր: Ապա այն դարձել է վեցամյա, իսկ 1905 թվականից՝ միջնակարգ: Սովորում էին 8 տարեկան աղջիկներ: Դասավանդվող առարկաների թվում էին հայոց լեզու, ռուսաց լեզու, գերմաներեն, ֆրանսերեն, կրոն, հայոց պատմություն, ձեռագործություն, նկարչություն, աշխարհագրություն, բնագիտություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, հայ գրականություն… Այստեղ դասավանդել է նաև անվանի գրող Ղազարոս Աղայանը:
1917 թվականին Արղության Հայ օրիորդաց վարժարանում սովորում էին ավելի, քան 380 աշակերտուհիներ:
Դպրոցը գործել է մինչև 1921 թվականը: 1921 թվականին այն փակվեց բոլշևիկների կողմից:
Անվանի հասարակական գործիչ, մանկավարժ և բարեգործ էր Սոֆիա Արղության-Երկայնաբազուկը: Գործել է Թիֆլիսում և Երևանում: 1881 թվականին Թիֆլիսում բացել է առաջին մանկական գրադարանը, հինգ տարի անց՝ մանկապարտեզ: Եղել է Թիֆլիսի Հայ ուսուցիչների միության երկարամյա նախագահը:
Նաև դասախոսել է Թբիլիսիի և Երևանի մանկավարժական համալսարաններում: Մահացել է 1954 թվականին՝ 94 տարեկան հասակում:
Մայրական կողմից Արղության-Երկայնաբազուկներ են նաև աշխարհահռչակ գիտնականներ Օրբելի եղբայրները: Նրանց հայրը՝ Աբգար Օրբելին, ամուսնացել էր Վարվառա Մովսեսի Արղության-Երկայնաբազուկի հետ: