Աղավնի Գրիգորյան. «impr(ես)ión». andin.am
Advertisement 1000 x 90

Աղավնի Գրիգորյան. «impr(ես)ión». andin.am

— Որտե՞ղ ենք, — հարցրեց աղջիկը:

— Լողում ենք, — պատասխանեց նավակը քիչ անտարբեր հնչերանգով (գուցե աղջկա՞ն նրա պատասխանը սառը թվաց: Նավակները սովորաբար հենց այդպիսի՝ խուլ ձայն ունեն. տաք երանգներից փայտը ճաքում է):

— Եթե անգամ տեղում մնանք, ջուրը մեզ ի վերջո «ափ» կհասցնի, — ասաց նավակը:

Տարիներ ծովի վրա լողում էր նավակը, ուստի աղջիկն ապավինեց նրա փորձառությանը:

Երբ աչքերը բացեց առաջին զգացողությունը զարմանքն էր: Նախորդ գիշեր ապաստան էր գտել ավազների մեջ միայնակ կայանված նավակում, իսկ հիմա շուրջն անծայր ծով էր: Հայացքով թիերը փնտրեց` անօգուտ: Թիեր չէին եղել ի սկզբանե:

Փորձեց կանգնել նավակի մեջ. անհարմար էր, նավակը կողքի թեքվեց: Անսովորությունից գլուխը պտտվեց, հենվեց (ավելի շուտ ընկավ) ծնկների վրա ու ձեռքերով կառչեց նավակողի տախտակներից: Գլխապտույտն անցավ քիչ անց: Ճոճքը դեռ թեթև սրտխառնոց էր առաջացնում, բայց տանելի էր: Ծնկները քերծվեցին հարվածից: Բանի տեղ չդրեց՝ մանր քերծվածքը պիտի արհամարհես, որ սուս փուս ետ քաշվի (մեծ վերքերի դեպքում էլ նույն կերպ էր վարվել մինչև նախորդ գիշեր)։

Երբ ջրի վրա ես, ամենից առաջ պիտի հավասարակշռությունդ պահել սովորես, մնացածին ինքնըստինքյան վարժվում ես:

Այդպես էլ արեց: Ձեռքերը հեռացրեց նավակողից, որ ամուր բռնել էր որոշ ժամանակ, իջեցրեց ջրի մեջ՝ սառն էր, սուզեց մինչև արմունկը: Սկզբում սառնությունը տհաճ էր, մատները մի պահ անզգայացան, հետո կամաց կամաց թմբիրն անցավ ու ձեռքերը նորից սկսեցին ջերմանալ: Ջրի կաթիլները աշխատացրին սառած մատներն ու արյունը խաղաց երակներում: Թույլ տվեց` ալիքն իր ներսով անցնի, ու երբ առավել վստահ զգաց ալիքն իր բջիջներում, ծնկներն ուղղվեցին, հաջոդ ալիքին՝ կանգնեց նավակի մեջ: Ծովի զովությունը շոյեց դեմքն ու մազերի մեջ ներծծվեց:

Ալիքն ամեն անգամ նորովի էր հարվածում նավակողին, բայց աղջիկն արդեն գտել էր զրույցի ալգորիթմն ու վարպետացել հավարակաշռությունը պահելու մեջ:

Աչքերը փակեց ու մնաց այդպես մի կարճ ընթացք:  Պատկերների պատառիկներ նստեցին թարթիչներին. ծովն իր տունն էր, ապա ինքը կաթիլի ներսում էր ու այնտեղից էր աշխարհին նայում… Ականջներում խշշաց ավազը, հետո մարմինը կորցրեց ու մոռացավ ալիքի զգացողությունն իր ներսում … Անապատում էր՝ խեղդվում էր… ավազը խշշա՜ց, խշշոցն ահագնացավ: Աղջիկը ձեռքերով փակեց ականջները, որ կրկին չխելագարվի:

«Անապատը խժռում է մարմիններն ու սնվում ուղեղներով, ով էլ պիտանի չէ այլևս՝ ավազախեղդ է անում: Ավազը ոտքերիդ է քսմսվում, հաճելի մեղմությամբ  թմրեցնում, ցրում մտքերդ, թույլ չի տալիս կենտրոնանալ ու մտապահել հորիզոնի կողմերը, որ ջնջի ոտնահետքդ: Հետո, երբ ոտնաթաթերդ այտուցվել են այրվածնքներից, հետո, երբ կծում ես ցավը՝ ամեն քայլից պայթող ջրակալած վերքերի ու  փորձում  կանգնած մնալ, հարվածում է անխնա, լցվում բոլոր հնարավոր ճեղքերով, մաղում քեզ ավազի հետ…»:

Անապատը մնաց հեռվում, ավազն ամենուր է…

Նավակը ցնցվեց, ջրի ցայտերը աղջկան սթափեցրին:

Կապույտը հավասարաչափ տարածվել էր, ու նավակը մատնոցաչափ էր՝ մեծ կապտաներկ կտորի վրա, որ փռել էին արևին ու մոռացել կողքերից հստակ սահմաններ կարել: Ամպ չկար, ալիքներն էլ խաղաղվել էին, ուստի աղջիկն իր համար զբաղմունք գտավ, նայում էր հեռու, հետո կկոցում աչքերը, թարթիչները ջնջում էին հորիզոնի գիծն ու ծովը ձուլվում էր երկնքին: Քթի տակ երգն ինքն իրեն ծնվեց. կաթիլ  եմ, հիշեց աղջիկր, նայեց վեր,  գնաց հասավ երկնքի թանձրացող խտությանը հետո կաթեց ցած, ուր կապույտը մգվում էր, մգվում, ու այդպես էլ չէր ավարտվում՝ մինչև հատակ: Կաթի՜լ  եմ՝ աղջկա ձայնի վրա փոքրիկ պսպղան ձկնինկներ հայտնվեցին: Աղջիկը գրպանից հացի փշրանք շաղ տվեց ջրի մակերևույթին: Փոքր բերանիկներ բացվեցին ու մի քանի վայրկյանում հացի փշրանքները տեղափոխվեցին ձկների ստամոքսները, փոքրիկ ձկները իրենց հերթին ավելի մեծերին բաժին դարձան, վերջիններն էլ հանկարծակի անհետացան: Աղջիկը չխղճաց ու չափսոսեց փոքրիկ ձկնիկներին. նայում էր պարզապես:

Շատ անգամ էր նույնը տեսել անապատում. սկզբում վեր էր թռչում երազից, ու երազը երազ չէր, հետո մահ տեսավ ու չմեռավ. սովորեց չլվանալ վերքերը՝ թողնել անմշակ մինչև ճաքճքեն ու թափվեն իրենք իրենցով: Հետո ավազը սողաց վեր, հասավ սրտին, քարացրեց, պոկեց տեղից, աջ-ձախ պտտեց, իսկ երբ ձանձրացավ՝ գլորեց անդունդի եզրից, որ փշուր-փշուր լինի…

Երկու ճայ նստեցին նավակի քթամասում, աղջիկը նրանց պարզեց գրպաններում մնացած փշրանքը: Ճայերը աղջկա ձեռքից կտցեցին փշրանքը, թռան գնացին: Ափից շատ հեռու չենք՝ մտածեց, արևն աչքերին էր խփում ու չհասցրեց նայել ճայերի հետագիծը, կամ … չուզեց պարզապես: Պառկեց նավակի մեջ: Երկինքը թափանցիկ էր. փոքրիկ ձկնիկները հայտնվեցին ամպերի փոխարեն, հետո մեծերը կուլ տվեցին փոքրերին:

Ափը մոտ է, իսկ ավազը հոսում է դեպի անապատ: Զգաստացավ, նստեց: Հիշեց, թե ինչպես փախավ անապատից, հիշեց, թե ինչու ընտրեց հենց ա´յս նավակը … թիեր չուներ, ի սկզբանե չէին եղել:

Նավակը տարօրինակ Ճռռաց, ինչ որ բան տակից հարվածում էր, փորձում էր ծակել նավակի հատակը (գուցե աղջկան թվաց): Աղջիկը չզարմացավ, ավելին՝ սպասում էր ձկների անհետանալու պահից ի վեր:

— Կողիցս մի կտոր փայտ պոկի´ր, — հրամայեց նավակը (աղջիկը հստակ լսեց նրա հրամանը):

Փորձեց, բայց ուժը չհերիքեց: Այդ ժամանակ նավակը կտրուկ թեքվեց, շնաձկան դնչի հարվածը հենց նավակողին եկավ, մի կտոր փայտ՝ հարվածով շպրտեց աղջկա գոգը:

— Շնաձուկը միշտ դեպի ծովն է հարվածում, ուրեմն դրան հակառակ՝ հարյուր ութսուն աստիճանի տակ, ափ կգտնենք:

Աղջիկը հարվածեց, հարվածը ջրին իջավ ու փայտը ձեռքից սահեց ջուրը:

Աղջիկը ձեռքը բռունցեք. այս անգամ հարվածն իջավ ուղիղ շնաձկան աչքին, ձեռքը տաքացավ, (բանի տեղ չդրեց) շնաձուկը հետ քաշվեց ու կորավ հանկարծակի (ինչպես որ հայտնվել էր):

Նավակում ջուր էր հավաքվել ու աղջիկը սկսեց ափերով ջուրը դուրս լցնել: Ջուրը չպակասեց, «շնաձկան» ատամները ծակել էին նավակի հատակը.

— Ջուրը մեզ «ափ» կհասցնի ի վերջո:

Նավակի ձայնը այս անգամ ջերմ էր: Աղջիկը հենվեց նավակին ու գլուխը ետ տարավ, մազերն արձակեց, ծովի հիշողությունը լցվեց ներսը: Ջուրը կարմրեց ու կարմիրը գնալով մեծացավ:

Նավակը երգելու նման մի ձայն հանեց, ճաք տվեց երկայնքով ու… սուզվեց:

Փոքրիկ գույնզգույն ձկնիկները հետ փախան: Աղջկա աչքերը բաց էին, շնչեց ջրի տակ:

Ավազը հեռվում խշշաց, հետո ջուրը ընդմիշտ խլացրեց անապատի խշշոցը…

andin.am