Հին ու նոր հեքիաթ. hasker.am
Advertisement 1000 x 90

Հին ու նոր հեքիաթ. hasker.am

— Տա՜տ, — Նարեի աչքերը փայլեցին, — հորինածդ հեքիաթները որտե՞ղ ես պահում, առավոտից փնտրում-փնտրում եմ՝ չեմ գտնոմ:

Արուսը հասկացավ Նարեի «փորացավը».

— Բոլորի տատիկներն էլ հեքիաթների համար հարմար թաքստոցներ ունեն, մեկը կճուճի մեջ է պահում, մյուսը՝ թելի կծիկներում, երրորդը…

— Զարդատուփի մե՜ջ, — ոգևորված առաջ ընկավ Նարեն, հրճվեց իր բացահայտումից: Վազեց ու ննջարանից բերեց ծղոտե զարդատուփը, դրեց բազմոցին: Բացեց, ընտրեց մեծ կանաչ քարով մատանին, հիացավ: Մեծ էր մատին, նորից դրեց զարդատուփի մեջ ու նայեց Արուսին:

— Դեռ կհասցնես կրել դա․․․ մյուս զարդերս էլ:

Արուսը սեղանին դրված մրգամանից մի մեծ հյութեղ դեղձ վերցրեց, կտրատեց, մի կտորն  էլ Նարեի ափսեի մեջ դրեց:

— Ի՞նչ ես կարծում՝ ա´յ այս գործած պայուսակիդ մեջ քանի՞ հեքիաթ կտեղավորվի:

Նարեն ծանրութեթև արեց աթոռի թիկնակից կախված հելունագործ պայուսակի տարողությունը:

— Երեք չորս հեքիաթ կտեղավորվի, եթե շատ գիրուկ չլինեն,- ծիծաղեց:

Նստեց ծնկների վրա, ձեռքով ուղղեց, ապա ետ տարավ ուսերին թափված մազերը, դեմքը հպեց Արուսի դեմքին:

— Ախր դու իսկի տատի նման չես:

— Դու էլ ուրիշ թոռնիկների նման չես,  դու յուրահատուկ ես,  ուշիմ, — Արուսը համբուրեց թոռանը:

— Ուշիմը խելացի՞ն է:

— Կարելի է և այդպես:

Նարեն դեղձը կծեց, ծամեց, կուլ տվեց մի կտորն ու շարունակեց կիսատ միտքը.

— Ա´յ, Մարիի տատին տատի նման է. ակնոցներով, մազերը միշտ հավաքած, խիստ ձայնով Մարիին բակից տուն է կանչում՝ «Մարի´, վազելով վեր բարձրացիր, Մարի´, տնայիններդ մնացին…» (Նարեն ձայնը հաստացրեց ու ձայնավորները կլորացրեց), ու Մարին միանգամից վազում է տուն: Դու ուրիշ ես … դու այդպես ջղային ձայնով չես խոսում (կեղծավոր ժպտաց) անգամ երբ քեզ բարկացնում եմ, հա, ակնոց մեկ-մեկ դնում ես, բայց քո ակնոցները քեզ շա՜տ են սազում, մի տեսակ թիթիզական են… Մարին ասում է՝ «Տատիդ ոնց որ քո ընկերուհին լինի…»

Արուսը ժպտաց.

— Ճիշտ էլ նկատել է:

Նարեն ցուցամատը դրեց քունքին, աչքերը թեթևակի կկոցեց ու նայեց պատուհանից դուրս՝ (ճիշտ այդպես էր Արուսն անում, երբ մտքերով տարված էր լինում): Հետո աչքերը լայն բացեց, կչկչաց, այս անգամ ավելի բարձր, փաթաթվեց տատիկի վզով.

— Դու իմ ամենաԱրուսն ես:

Իր հանճարեղ ձևակերպումից գոհ՝ Նարեն հետ ընկավ բազմոցի թիկնակին, գրկեց բարձ-արջը, որն իր սիրելին էր անհիշելի ժամանակներից:

-Հեքիաթ կպատմե՞ս, նորը, որ դեռ ոչ ոք չի լսել, որ հենց իմ համար ու իմը լինի: Արջուկն էլ է խնդրում.

— Շըըըշ՜… հեքիաթը եկել-նստել ու սպասում է արդեն, եթե ուշադրություն չդարձնենք կնեղանա ու կանհետանա, այդպես գիտե՞ս օրական քանի՜, քանի՜ հեքիաթ  է անհետանում,- ասաց Արուսը, մրգամանից վերցրեց կլորիկ խոշոր նուռն ու մեկնեց Նարեին.

Նարեն ուշադիր նայեց Նռանը։

-Տա´տ, թագ էլ ունի… չէի նկատել:

Արուսը գլխի շարժումով համաձայնեց, բամաբակե թեթև ծածկոցը գցեց Նարեի ոտքերին:

— Վաղո՜ւց, երբ դեռ մեքենաներ չկային, ո´չ էլ ինքնաթիռներ, երբ մարդիկ լուսին չէին հասել, բայց երազում էին ՝ աստղերին նայելով, ապրում էր քաջ ու ազնիվ Նուռ իշխանը: Նա տարբերվում էր իր հարևանությամբ ապրող մյուս իշխաններից, որ ցերեկները սուսեր էին ճոճում ասպետական մրցաշարերում, իսկ երեկոները պարահանդեսներում շաղակրատում էին գեղանի դիցուհիների հետ:

Նուռը ինքնամփոփ էր, սիրում էր կարդալ: Օրվա մեծ մասն անցկացնում էր գրքերի հետ, իսկ մնացած ժամերին թափառում էր սարերում: Անգիր գիտեր իշխանության ամեն քարն ու թուփը: Քչախոս Էր, շատ էր լռում, բայց երբ մեկն օգնության կարիք էր ունենում, առաջինն էր հասնում:

Մի օր նկատեց հոր մազերին առաջին ճերմակ թելը: Տխրեց: Չէր ուզում, որ ծնողները ծերանան: Հարյուրավոր գրքեր կարդաց… գտավ մի բաղադրատոմս… եթե միայն գտներ պակասող հազվագյուտ արմատը, հաստատ կստանար իր ուզած համադրությունը և նոր երիտասարդություն կնվիրեր ծնողներին:

Ու քանի որ իրենց սար ու դաշտում չգտավ պակասող բաղադրիչը,  գրքերը դրեց ուսապարկի մեջ, հրաժեշտ տվեց ծնողներին ու ճամփա ընկավ՝ ուրիշ աշխարհներում փնտրելու, ծնողներին էլ  խոստացավ շուտ վերադառնալ:

Ճանապարհին պատահեց հարևան գյուղի գյուղացիներին:  Գետը վարարել էր և քշել տարել  երկու գյուղն իրար կապող կամուրջը: Օգնեց գյուղացիներին, նաև հուշեց, թե ինչպես ուռենու ճյուղերից ամուր թելեր հյուսեն ու դրանց օգնությամբ իրար կապեն կամրջի գերանները: Քիչ այն կողմ մի վաճառական այնքան էր բարձել սայլը, որ խեղճ կենդանին, որ սայլին էր լծված, բարկացած թափով քաշել էր ու հենց ճանապարհի մեջտեղում շուռ էր տվել սայլը՝ միջի ապրանքով: Նուռը վաճառականին  օգնեց տեղադրել սայլի դուրս թռած անիվը, նաև խորհուրդ տվեց կերակրել կենդանուն ու թողնել, որ մի քիչ հանգստանա, և միայն հովն ընկնելուց հետո շարունակել ճանապարհը: Ապրանքի մի մասը վնասվել էր, վաճառականը շատ ափսոսեց, հետո ձեռքը թափ տվեց ու ազատ արձակեց սայլին կցված ավանակին, որ մի քիչ ազատ արածի, ինչին ի պատասխան կենդանին ուրախ զռռաց՝ իաա՜:

Մութն ընկավ և իշխան Նուռը իջևանատուն փնտրեց: Իջևանատերը ողջունեց  հյուրին և առաջնորդեց հյուրերի համար հատկացված սենյակը: Նրա դուստրն այդ ընթացքում ընթրիք պատրաստեց, գավով  գինի բերեց  հոր և հյուրի համար, ու երբ իշխանը  շնորհակալություն էր հայտնում հյուրասիրության համար, նկատեց, որ աղջիկը չի տեսնում:

Իջևանատերը հառաչեց , երբ աղջիկը գնաց, պատմեց, որ դուստրը նախորդ տարի չղջիկից  է վախեցել ,ետ ետ գնացել, ընկել, ուժեղ հարվածից կորցրել տեսողությունը:

-Չղջիկը գողացել է աղջկաս աչքի լույսը,- հուզված արտաբերեց ու աչքերը թացացան:

Նուռն ամբողջ գիշեր լուսացրեց գրքերի առաջ: Առավոտ ծեգին դուրս եկավ իջևանատնից, բարձրացավ դիմացի սարալանջը, հավաքած բույսերով  բուժիչ խառնուրդ պատրաստեց ու պատվիրեց ամեն օր թրջոց դնել աղջկա աչքերին, խոստացավ նաև ետդարձին անպայման այդ գյուղով անցնել ու այցելել աղջկան:

Իջևանատիրոջ աղջիկը հրաժեշտին պարտեզից մի նուռ քաղեց ու տվեց իշխանին; Իշխանը ժպտաց, դե նուռ ամեն քայլափոխի էլ կար այդ երկրում: Բայց աղջիկն ասաց, որ դա սովորական նուռ չէ. ամբողջ տարին զրուցել է ծառի հետ, պատմել աշխարհի գույների , իսկ տխուր, ամպամած օրերին՝ ջրել իր արցունքներով, եթե իշխանը մոտը պահի՝  նուռը կօգնի, կպաշտպանի նրան. ո´չ ուտելիքի կարիք կզգա, ո´չ ծարավ:

Այդպես էլ եղավ. երբ քամի էր լինում, անձրև, ձյուն, կամ անապատով էր անցնում ճանապարհը, նուռը մեծանում էր, մեծանում, դառնում ամրոց-տնակի նման ու իշխանը պատսպարվում էր նրա պատերի ներսում, օրական  մեկական նռահատիկը հագեցրեց իշխանի քաղցն, ու ծարավ չզգաց:

Շատ թափառեց իշխան Նուռը, հասավ աշխարհի ծայրը, բայց այդպես էլ չգտավ արմատը, որ փնտրում էր: Մի օր, երբ նստել էր ծառի շվաքում հանգստանալու, երազ տեսավ ու երազում իրենց տունը:  Ծնողների մազերը ավելի էին ճերմակել: Սիրտը կծկվեց, տխրեց… Նույն օրը բռնեց ետդարձի ճամփան: Իրեն արդեն ծանոթ գյուղի մոտով անցնելիս ցանկացավ ողջունել այն աղջկան: Աղջիկը պարտեզում էր, ավելի գեղեցկացել էր, կամ էլ իշխանը նրան այդպես տեսավ,  քանի որ իր թափառումների մեկ տարվա ընթացքում ամեն օր նռան հատիկները հիշեցրել էին աղջկա մասին: Աղջիկն ընդառաջ եկավ, ողջունեց: Բուժիչ խյուսն օգնել էր և աղջիկը տեսնում էր. ոչ առաջվա պես,իհարկե, բայց այդքանն էլ բավարար էր իշխանի բարի սիրտը տեսնելու համար:

-Ամուսնացա՞ն, — աչքերը պսպսղացրեց Նարեն:

— Շուտով նրանք փոքրիկ աղջիկ ունեցան և անունը դրեցին Նռանե:

— Նռանե՜, սիրուն անուն է, — ժպտաց Նարեն,- տղան այդպես էլ չկարողացա՞վ այնպես անել, որ իր մաման ու պապան չծերանան:

— Այլևս կարիք չեղավ բաղադրատոմս փնտրելու, որովհետև ամեն անգամ, երբ տատիկն ու պապիկը գրկում էին Նռանեին, նրանց ուժերը վերականգնվում էին և նրանք երիտասարդանում էին մի քանի տարով, դե գոնե այդպես էին զգում:

— Տա՜տ, ես էլ քո´ կախարդական նուռն եմ, — Նարեն ողջ ուժով փաթաթվեց տատիկին։

Հետո աչքերը փակվեցին ու երազ տեսավ:

hasker.am