3 իմաստուն առակ ընտանիքի մասին
Advertisement 1000 x 90

3 իմաստուն առակ ընտանիքի մասին

«Դուք ծնվել եք ձեր ընտանիքում, իսկ ձեր ընտանիքը ծնվել է ձեր մեջ», ասում էր Էլիզաբեթ Բերգը. բոլոր թևավոր խոսքերից ու աֆորիզմներից զատ մենք բոլորս էլ գիտենք՝ ընտանքն այն է, որտեղ մեզ լավ է… իսկ այդ «լավ»-ի մասին հարկավոր է հոգ տանել։

Ձեզ ենք ներկայացնում իմաստուն առակներ ընտանիքի մասին

***

Մի տղամարդ այնքան էլ հաջողակ չէր ընտանիք ստեղծելու ոլորտում, նրա ցեղի բոլոր անդամները տառապում էին անձնական հարաբերություններում սկանդալների պատճառով…

Երբ նա դեռահաս էր, որոշեց, որ իր ընտանիքում այդպես չի լինի, և ինքն ամեն ինչ կանի, որ համերաշխ և սիրով լի ընտանիք ունենա:

Տղամարդը մեծացավ, գտավ ամենաբարի կնոջը, սակայն նա մի տարի անց իսկական հրեշ դարձավ: Տանն անպակաս էին սկանդալները, կռիվներն ու դժգոհությունները:

Կինը մեծացել էր տատիկի և մոր հետ, ինքն էլ միշտ երազել էր մեծ և երջանիկ ընտանիք ունենալու մասին:

Հանդիպելով ապագա ամուսնուն՝ հասկացել էր, որ հենց նա է իրեն պետք, սակայն մի տարի անց նույնպես սկսել էր մտածել, որ սխալվել է ընտրության հարցում:

Հեռու անտառում ապրում էր մի իմաստուն մարդ, ով կարողանում էր լուծել տարբեր խնդիրներ՝ օգնելով նույնիսկ ամենադժբախտ ընտանիքներին:

Եվ ահա տղամարդն առաջարկում է կնոջը գնալ իմաստունի մոտ, որպիսի նա ինչ-որ բան հուշի, օգնի: Երկար ժամանակ էին գնում, հոգնեցին, բայց հասան:

Մտան նրա մոտ՝ միմյանց հետ կռվելով, իսկ իմաստունը ժպտաց և նրանց կանչեց ներս:Տարավ մի սենյակ, որտեղ կլոր սեղանի շուրջ նստած էին քաղցած և տանջված մարդիկ: Սեղանի մեջտեղի հատվածում դրված էր համեղ ուտեստով կաթսա, իսկ մարդիկ ունեին երկար պոչերով գդալներ:

Մինչև կաթսա գդալը հասնում էր, սակայն դրանով հնարավոր չէր ուտել: Մարդիկ քաղցից մահանում էին, չնայած, որ ուտելիքն այդքան մոտ էր…

Հետո իմաստունը տարավ հյուրերին ուրիշ սենյակ: Այնտեղ ամեն ինչ նույնն էր, միայն թե մարդիկ ուրախ և կուշտ էին:

Նրանց գդալները նույնպես երկար պոչով էին, սակայն այդ մարդիկ…միմյանց էին կերակրում: Նրանք հասկացել էին, որ ավելի լավ է օգնել միմյանց, քան քաղցից մահանալ:

Ամուսիններն ամեն ինչ հասկացան, գնացին տուն և սկսեցին համերաշխ ապրել: Եվ մինչ օրս շնորհակալ են իմաստունին, որ նա իրենց ցույց տվեց կյանքի իմաստը:

***

Մի փոքրիկ քաղաքում իրար հարևանությամբ ապրում էին երկու ընտանիք: Ընտանիքներից մեկում անդադար վեճ ու կռիվ էր, շարունակ իրար էին մեղադրում և պարզաբանում էին, թե ով է ճիշտ, իսկ մյուս ընտանիքը խաղաղ էր ապրում՝ երբեք չէին վիճում:

Զարմանում է կամակոր կինը իր հարևանների երջանկության վրա: Ասում է նա իր ամուսնուն.

– Գնա ու տես, թե ինչ են դրանք անում, որ ամեն ինչ իրենց մոտ այդքան խաղաղ ու հարթ է գնում:

Գնաց ամուսինը դեպի հարևանի տուն, թաքնվեց բաց պատուհանի տակ և սկսեց ուշադիր հետևել: Իսկ տանտիրուհին այդ ժամանակ հենց տունն էր կարգի բերում: Մի շատ թանկ ծաղկաման ձեռքին՝ փոշին էր մաքրում: Մեկ էլ հանկարծ հեռախոսը զանգեց: Կինը անուշադրությամբ ծաղկամանը դրեց սեղանի ծայրին, այնպես, կարծես հիմա կընկնի ու վազեց հեռախոսի մոտ:

Հենց այդ պահին էլ ամուսնուն սենյակից ինչ-որ բան պետք եկավ: Անզգուշորեն կպավ նա ծաղկամանին, ինչն էլ վայր ընկավ ու կոտրվեց:

«Վայ, ի՞նչ կլինի հիմա», – մտածեց թաքնված հարևանը:

Մոտեցավ կինը, ափսոսանքով հոգոց քաշեց ու ասաց ամուսնուն.

– Ներիր ինձ, սիրելիս: Ես եմ մեղավորը: Ծաղկամանը ճիշտ տեղում չէի դրել:

– Ի՞նչ ես ասում, թանկագինս: Այդ ես եմ մեղավոր: Շտապում էի և չնկատեցի ծաղկամանը: Թող ավելի մեծ դժբախտություն չունենանք:

…Շատ նեղվեց թաքնված հարևանը: Տուն եկավ նա անտրամադիր: Կինը նրան՝

– Ինչո՞ւ այսքան ուշացար: Մի բան իմացա՞ր:

– Այո:

– Եվ ի՞նչ են նրանք անում:

– Նրանց տանը բոլորը մեղավոր են: Իսկ այ մեր տանը՝ բոլորը ճիշտ:

Ռաֆալ Օլբինսկի «Քաղաքավարի մտադրությունների անմեղությունը»

***

Հարևանությամբ ապրում են երկու տարբեր ընտանիք: Ընտանիքներից մեկում անընդհատ վեճեր են, իսկ մյուսում լռություն և փոխըմբռնում:

Մի անգամ նախանձելով հանգիստ, խաղաղ ընտանիքին՝ կինը ասում է ամուսնուն.

– Գնա հարևանների մոտ և տես ի՞նչ են նրանք անում, որ իրենց մոտ միշտ ամեն ինչ լավ է:

Գնում է ամուսինը, թաքնվում և սկսում հետևել: Ահա տեսնում է, որ կինը լվանում է տան հատակը, հանկարծ նրան ինչ-որ բան շեղում է և նա շտապում է դեպի խոհանոց: Այդ ժամանակ նրա ամուսինը շտապ տուն է մտնում: Նա չի նկատում ջրով լի դույլը, ոտքով դիպչում է դույլին և ջուրն ամբողջությամբ թափվում է հատակին: Գալիս է կինը և ներողություն խնդրելով ամուսնուց ասում.

– Կներես թանկագինս, այդ ես էի մեղավոր:

-Ոչ, այդ դու ներիր, այդ ես էի մեղավոր, – պատասխանում է ամուսինը:

Վշտանում է «թաքնված» տղամարդը և գնում տուն: Տանը կինը հարցնում է.

– Դե, ի՞նչ, տեսա՞ր:

– Այո:

– Եվ ի՞նչ:

– Ամեն ինչ հասկացա: Մենք ամեն մեկս ճշմարտացի ենք, իսկ իրենք ամեն մեկը մեղավոր:

vnews.am