Ինչու եմ ուզում պատմել այս հրաշալի կնոջ մասին: Երևանում, իհարկե, նրա անունով դպրոց կա, բայց նախ կասկածում եմ, որ մեր նոր սերունդը շատ բան գիտի Ստարովոյտովայի մասին, հետո էլ խոստովանենք, մենք էլ ընթացիկ իրադարձություններով տարված, մի տեսակ մոռանում ենք այն ազնիվ, պարկեշտ ու անշահախնդիր մարդկանց, որոնք շատ մեծ բան են արել Ղարաբաղի համար: Մոռանում ենք, որ 1989-ին Ազատության հրապարակում կանգնած բոլորս միասին վանկարկում էինք՝ «Գալինա»:
Այն ժամանակ մենք նրան ընտրեցինք Խորհրդային միության Գերագույն խորհրդի պատգամավոր, բայց մեծ տերությունն արդեն քայքայվում էր և ընդամենը երկու տարի անց վերջնականապես փլուզվեց: Գալինա Ստարովոյտովան դարձավ նախագահ Բորիս Ելցինի խորհրդականը՝ ազգամիջյան հարցերով: Մի անգամ գրել է. «Բորիս Նիկոլաևիչը մի սովորություն ուներ՝ շատ էր սիրում համբուրել կանանց ձեռքերը: Երբ Կազան էր գնում, հազիվ համոզեցի, որ թաթար կնոջ ձեռքը չի կարելի համբուրել, դա նրանց մոտ կարմիր լույս է»:
Ընդամենը մեկուկես տարի խորհրդական մնաց, սկսվեցին տարածայնությունները նախագահի հետ, որն արդեն կամաց-կամաց ընկնում էր օլիգարխների ազդեցության տակ: Ու Ստարովոյտովային ազատեցին:
Իրողությունն այն է, որ Ստարովոյտովան այն ժամանակ արդեն հայտնի մարդ էր, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի հավատարիմ զինակիցը, շատ էր ճամփորդում։ Արևմտյան լրատվամիջոցները ժամանակին փաստել են՝ այդ կինը բրիտանական հառուստատեսությամբ այնքան հարցազրույցներ էր տվել, որ երբ գնում էր Լոնդոն, տաքսու վարորդներն էին նրան ճանաչում: Հիմա արդեն քչերն են հիշում, որ 1996 թվականի նախագահական ընտրություններից առաջ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատմության մեջ առաջին անգամ գրանցեց նախաձեռնող խումբ, որը մտադիր էր կին թեկնածու առաջադրել: Այդ կինը հենց Գալինա Ստարովոյտովան էր:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am