Մայիսի 9-ին լրացավ Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակը։ Ցավոք, վերջին տարիներին ականատես ենք լինում տարբեր դերակատարների կողմից պատմությունն աղավաղելու փորձերին, և այդ գործում իր դերակատարումն ունի նաև Ադրբեջանը: Բաքվի պաշտոնական քարոզչամեքենան, կեղծելով և խեղաթյուրելով պատմական փաստերը, փորձում է մի կողմից նսեմացնել հայ ժողովրդի դերակատարումը ֆաշիզմի դեմ պայքարում և ստվերել նրա ավանդը: Ադրբեջանական կողմը, սակայն սկզբունքորեն փորձում է շրջանցել սեփական պատմության որոշ մութ էջեր` հետևողականորեն «չնկատելով» ֆաշիստական ուժերի հետ սերտորեն համագործակցած և ակտիվ ռազմական գործողությունների մասնակցած Ադրբեջանական լեգիոնի և դրա կազմավորման գործում մուսավաթական Ադրբեջանի հիմնադիր հայրերի դերակատարման վերաբերյալ փաստերը։
դրբեջանական լեգիոնը գերմանական Վերմախտի և ՍՍ-ի (ԷսԷս) կազմում կռվող ադրբեջանցի ռազմագերիներից և կամավորներից բաղկացած ռազմական կազմավորում էր, որի ձևավորման հիմքը դրվել է դեռևս 1941թ.-ին՝ «Կովկասա-մուսուլմանական լեգեոնի» կազմավորմամբ, որում ընդգրկված էին ոչ միայն ադրբեջանցիներ, այլև կովկասյան մի շարք այլ ժողովուրդների ներկայացուցիչներ: Սակայն ադրբեջանցիների թիվն այդ խմբավորման կազմում աստիճանաբար աճել է ՝ հասնելով շուրջ 40.000-ի, ու 1942թ. որոշում է կայացվել ստեղծել առանձին Ադրբեջանական լեգիոն, որը բաղկացած կլիներ բացառապես ադրբեջանցիներից։ Ընդ որում՝ լեգիոնի ձևավորումը տեղի է ունեցել մուսավաթական գաղթականների կողմից՝ Ադրբեջանի Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերի անմիջական մասնակցությամբ՝ ի դեմս Ադրբեջանական Հանրապետության ներքին գործերի նախկին նախարար Խալիլ Խասամեդովի, Անդրկովկասի մահմեդականների ժամանակավոր Ազգային խորհրդի նախագահ Մամեդ Էմին Ռասուլզադեի, Ադրբեջանի հատուկ ծառայության՝ հակահեղափոխության դեմ պայքարի կազմակերպության ղեկավար Նագի Շեյխզամանլիի, Շաֆի Ռուստամբեյլիի, Ֆուադ Էմիրջանի։ Ադրբեջանական լեգիոնի անդամ Իսմայիլ Ակբերի ներկայացրած տվյալներով՝ առաջին ադրբեջանական լեգիոնը լիարժեքորեն ձևավորվել է 1942թ. մարտին՝ լեհական Յեդլին կայարանում։ Բացի Ադրբեջանական լեգիոնից, գերմանական միավորումների կազմում ընդգրկվել են նաև առանձին մարտական և թիկունքային ադրբեջանական ջոկատներ[1]:
Ադրբեջանցի լեգիոնականների թվաքանակի վերաբերյալ չկա միանշանակ կարծիք: Պատերազմի տարբեր տարիների, ըստ պատմական աղբյուրների, Վերմախտի և ՍՍ (ԷսԷս)-ի կազմում կռվել է ընդհանուր առմամբ 35-45 հազար ադրբեջանցի:
Ադրբեջանական լեգիոնի «Ադրբեջան» շաբաթաթերթի 1943թ. նոյեմբերի 14-ի համարը:
Ադրբեջանական լեգիոնի ստեղծմանը զուգահեռ՝ Գերմանիայում գտնվող ադրբեջանցի էմիգրանտները` Վերմախտի կազմում մեծ թվով ադրբեջանցիներ ընդգրկելու համար, իրականացնում էին նաև ակտիվ քարոզչական գործունեություն։ Նրանց կողմից Բեռլինում հրապարակվում էր «Ադրբեջան» և «Հյուջում» (թարգ.` «Հարձակում») շաբաթաթերթերը, «Միլլի Բիրլիք» (թարգմ.` «Ազգային Միաբանություն») ամսագիրը։ Նրանց նախաձեռնությամբ թուրքական 162-րդ դիվիզիայում լույս էր տեսնում նաև «Բիզիմ Դոյշիմիզ» (թարգմ.` «Մեր պայքարը») շաբաթաթերթը, իսկ երկրորդ լեգեոնում ՝ ռուսալեզու «Սվոբոդա»-ն։
Հատկանշական է, որ Վերմախտի կազմում ոչ բոլոր էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներն էին արժանանում գերմանական ռազմաքաղաքական ղեկավարության լիարժեք վստահությանը: Ադրբեջանցիների նկատմամբ, սակայն, կար առանձնահատուկ վերաբերմունք, ինչը պայմանավորված էր Երրորդ Ռեյխի նկատմամաբ նրանց դրսևորած հավատարմությամբ: Ադրբեջանցի լեգիոնականների հավատարմությանն անդրադարձել է անգամ Ադոլֆ Հիտլերը. «Ես չգիտեմ, թե այդ վրացիներն ինչպես են իրենց պահելու։ Նրանք թյուրքական ժողովուրդներին չեն պատկանում, ես հուսալի եմ համարում միայն մուսուլմաններին (խմբ.` խոսքը Կովկասի մուսուլմանների, այդ թվում` ադրբեջանցիների մասին է)։ Մնացած բոլորին ես անվստահելի եմ համարում։ Այս պահին ես այդ զուտ կովկասյան գումարտակների ձևավորումը շատ ռիսկային եմ համարում, այն դեպքում, երբ ես ոչ մի վտանգ չեմ տեսնում զուտ մուսուլմանական կազմավորումների ստեղծման մեջ։ Չնայած Ռոզենբերգի և զինվորականների բոլոր հայտարարություններին՝ ես չեմ վստահում նաև հայերին» [2]։
Ադրբեջանցիների նկատմամբ ունեցած վստահությամբ պայմանավորված` նացիստական Գերմանիայի ղեկավարությունը թույլատրել է առանձին ադրբեջանական ռազմական միավորների ձևավորումը: Վերմախտի և ՍՍ (ԷսԷս)-ի կազմում ձևավորվել և գործել են շուրջ 2 տասնյակի հասնող ադրբեջանական միավորումներ, որոնք երբեմբ ենթարկվել են նաև վերակազմավորման։ Ավելին, եթե տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներից կազմված լեգիոնները հիմնականում տեղակայվել են թիկունքում, ապա ադրբեջանցիներից կազմված ռազմական միավորումներն անմիջական մասնակցություն են ունեցել նաև ռազմական գործողություններին, այդ թվում` Խորհրդային միության դեմ: Անդրադառնանք Ադրբեջանական լեգիոնի կազմում գործած մի քանի միավորումների:
- «Բերգման» (թարգմ.`«Լեռնցի») հատուկ նշանակության ադրբեջանական 2-րդ գումարտակը արյունալի ռազմական գործողությունների է մասնակցել Ուկրաինայի և Ֆրանսիայի տարածքում: 1944թ. հուլիսին տեղակայվել է Վարշավայից հարավ գտնվող նախապատրաստական ճամբարում, իսկ օգոստոսին ադրբեջանական 1/11 «Dönmek» (թարգմ.՝ «Վերադարձ») հետևակային գումարտակի հետ միավորվել է 111-րդ ադրբեջանական գնդի կազմում: 111-րդ գնդի երկու գումարտակ ( 682 հոգի) ՍՍ-ի (ԷսԷս) ուժերի կազմում 1944թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին մասնակցել է Վարշավայի ապստամբության ճնշմանը, որին զոհ է դարձել 150-200 հազար քաղաքացիական բնակչություն: Հատկանշական է, որ Վարշավայի ապստամբությանը մասնակցել են նաև Արելյամուսուլմանական գնդի 1-ին և 2-րդ գումարտակները (800 հոգի), որոնց կազմում ևս եղել են մեծ թվով ադրբեջանցիներ:
Անդրադառնալով Վարշավյան ապստամբությանը մասնակցած ուժերին՝ պատմաբան Սերգեյ Դրոբյազկոն գրել է. «Արևելյան զորքերի խոշոր ուժերը 1944թ. օգոստոսին նետվել են Վարշավյան ապստամբությունը ճնշելուն։ Ապստամբների դեմ կռիվներին ամենաակտիվ մասնակցությունն ունեցել են Կամինսկու բրիգադի մի մասը (հավաքական գունդը կազմում է 1700 մարդ՝ 4 տանկերով, 1 ՈՒՀՄ և 2 հաուբիցներով), 1-ին Արևելա-մուսուլմանական գումարտակը (ձևավորված թուրքմենական, ադրբեջանական և Վոլժա-թաթարական լեգիոնների հիման վրա), Կուբանի 5-րդ կազակական գունդը, 209, 572, 631, III/57 և 69-րդ կազակական գումարտակները, ինչպես նաև 111-րդ ադրբեջանական գնդի 2 գումարտակներ (I/111-րդ և «Բերգման»2-րդ գումարտակ)»: [5]։
Վարշավայի ապստանբության ճնշմանը մասնակցած ադրբեջանական 111-րդ գնդի զինվորները, 1944թ. օգոստոս
- 804-րդ գումարտակը ռազմական գործողությունների է մասնակցել Սուխումիի շրջանում: 1943թ. փետրվարին աչքի է ընկել Կուբանսկի մարտերում, որտեղ զգալի կորուստներ է պատճառել խորհրդային 153-րդ հետևակային դիվիզիայի 40-րդ և 119-րդ հետևակային բրիգադներին:
- 805-րդ և 806-րդ հետևակային, 1/11 «Dönmek» (թուրք.՝ վերադարձ) գումարտակները գործողություններ են իրականացրել Նալչիկի և Մոզդոկի շրջաններում: «Ա» խմբավորման աշխատակազմի ղեկավար գեներալ-լեյտենանտ Գրեյֆենբերգը բարձր է գնահատել ադրբեջանական 804-րդ և 805-րդ գումարտակների գործողությունները՝ նշելով, որ դրանք «հաճախ լիովին ինքնուրույն են գործել և մեծ ներդրում են ունեցել մի շարք տարածքների խաղաղեցման գործում» [6]:
- 807-րդ հետևակային գումարտակը ռազմական գործողությունների է մասնակցել Բրյանսկի շրջանում:
- 818-րդ հետևակային գումարտակը ձևավորվել է Լեհաստանի տարածքում: 1-ին Արևելամուսուլմանական գումարտակի կազմում մասնակցել է Բելառուսի տարածքում ընթացեղ մարտական գործողություններին, իսկ 1944թ. օգոստոսին մասնակցել է Վարշավայի ապստամբության ճնշմանը:
Ռուս պատմաբան Օլեգ Ռոմանկոն իր «Մուսուլմանական լեգիոնները Երկրորդ համաշխարհայիին պատերազմում» գրքում նշում է, որ Վարշավայի ապստամության ճնշման ժամանակ 1-ին Արևելամուսուլմանական գումարտակի գործողությունները, ընդհանուր առմամբ, բարձր է գնահատվել գերմանական հրամանատարության կողմից, որը զինվորներից և սպաներից շատերին պարգևատրել է տարբեր շքանշաններով՝ այդ թվում «Երկաթե խաչ»-ով: [4]
- 817-րդ, 818-րդ, 819-րդ և 820-րդ հետևակային գումարտակները 1943թ.-ից սկսած գործողություններ են իրականացրել արևելյան ռազմաճակատում:
- 1/3, 1/4, 1/97,1/101,2/73 ադրբեջանական գումարտակները կռվել են խորհրդա-գերմանական ճակատի հարավային և կենտրոնական հատվածներում:
- 1/73 ադրբեջանական գումարտակը գործողություններ է իրականացրել Անապայում և Նովոռոսիյսկում և այլն [3]։
Մինչև 1943թ. Ադրբեջանական լեգիոնը հիմնականում կռվել է Արևելյան ճակատում։ 1943-1944 թվականներին ադրբեջանական լեգիոնի մի մասը տեղափոխվել է Արևմտյան ճակատ՝ մասնակցելով հիմնականում պարտիզանական ուժերի ճնշմանը Դանիայում, Իտալիայում, Սլովակիայում և Ֆրանսիայում:
Հատկանշական է, որ որոշ ադրբեջանցի լեգիոնականներ Վերմախտի կազմում կռվել են ընդհուպ մինչև պատերազմի ավարտը: Օրինակ, 1945թ.-ին Բեռլինի պաշտպանության համար խորհրդային ուժերի դեմ մղվող մարտերին մասնակցել է շուրջ 700 ադրբեջանցի: Գերմանիայի կապիտուլացիայից հետո Ադրբեջանական լեգիոնի զինվորները փորձում էին հանձնվել միայն ամերիկյան և բրիտանական ուժերին` հուսալով, որ իրենց չեն փոխանցի խորհրդային բանակին: Սակայն, շատ ադրբեջանցի լեգիոնականների հանձնել են Խորհրդային միությանը: Հայտնի է նաև, որ Սև ծովով ադրբեջանցի ռազմագերիների տեղափոխման ժամանակ, նրանցից ոմանք նետվել են ծովը` նախընտրելով չհայտնվել խորհրդային համակենտրոնացման ճամբարներում:
- Абуталыбов Р. Свои среди чужих, чужие среди своих История №1 (25), 2007 http://irs-az.com/new/pdf/090622163223.pdf
- Alexander Dallin, German Rule in Russia, 1941-1945: A Study in Occupation Policies, 1981, p. 251
- Абрамян Э. А.Кавказцы в Абвере. — М.: Издатель Быстров, 2006. — 352 с. —(На стороне Третьего рейха), http://militera.lib.ru/research/abramyan_e01/index.html
- Дробязко С., «Под знаменами врага», 1941-1945, М., 2004., http://militera.lib.ru/research/0/pdf/drobyazko_si01.pdf
- Романько О.В. Мусульманские легионы во Второй мировой войне. — М.: АСТ; Транзиткнига, 2004. глава 3 Система боевого применения мусульманских добровольческих формирований в германских вооруженных силах, http://militera.lib.ru/research/romanko_ov/index.html
- Романько О.В. Мусульманские легионы во Второй мировой войне. — М.: АСТ; Транзиткнига, 2004. глава 3 Система боевого применения мусульманских добровольческих формирований в германских вооруженных силах, http://militera.lib.ru/research/romanko_ov/index.html
Աննա Չիչյան