Ըստ նոր հետազոտությունների՝ կորոնավիրուսով անախտանիշ մարդկանց թվի գնահատումը ենթադրում է, որ «լռելյայն» COVID-19-ն ավելի հաճախ է հանդիպում, քան նախկինում կարծում էին, հայտնում է news.yahoo.com-ը:
JAMA Network Open-ում հրապարակված առաջին հետազոտությունը ցույց է տվել, որ Ուհանում դեպքերի 42 տոկոսն անախտանիշ է եղել: Thorax-ում հրապարակված երկրորդ հետազոտությամբ հայտնաբերվել է անախտանիշ դեպքերի ավելի մեծ հաճախություն՝ զբոսանավով Անտարկտիկա շրջագայության դեպքերի 81 տոկոսը:
Ուհանի վերաբերյալ հետազոտության մեջ հետազոտվել է COVID-19-ի դրական արդյունքով մարդկանց 78 տոկոսը, և պարզվել է, որ 33 մարդու մոտ ախտանիշներ չեն եղել: Այս պացիենտներն ավելի հաճախ եղել են 20-ից մինչև 30 տարեկան կամ 40-ին մոտ կանայք:
Մինչդեռ երկրորդ հետազոտությամբ հետազոտվել է զբոսանավում 217 մարդ, որոնք ուղևորվում էին Անտարկտիկա: Նավը ափից հեռացել էր մարտի կեսին, այն բանից անմիջապես հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել:
Նավի վրա առաջին դեպքը գրանցվել էր երթուղին սկսելուց հետո 8 օր անց: Հաջորդ 2 շաբաթվա ընթացքում 8 մարդու նավից պետք է տարհանեին, քանի որ նրանք հիվանդացել էին:
Նավում մնացած 217 մարդկանց COVID-19-ի ախտորոշման թեստ են կատարել: Պարզվել էր, որ վարակված է կեսից ավելին (59 տոկոսը), բայց այս պացինետներից միայն 19 տոկոսի մոտ կային ախտանիշներ: Մնացած 81 տոկոսն անախտանիշ էր:
«Մարդկանցից շատերը մինչև հիմա այդպես էլ չեն հասկանում, որ անախտանիշ դեպքերը կարող են նույնքան տարածված լինել, և նրանք հարց են տալիս՝ ինչո՞ւ են ստիպված դիմակ կրել, եթե իրենց լավ են զգում, կամ ինչո՞ւ պետք է իրենք սոցիալական հեռավորություն պահպանեն»,- նշել է Նեշվիլի Վանդերբիլտի համալսարանի Բժշկական կենտրոնի ինֆեկցիոն հիվանդությունների հարցերով փորձագետ, բժիշկ Ուիլյամ Շաֆները:
«Սոսկ արտաշնչելը կարող է վիրուսային մասնիկներ ուղարկել»,- ասել է Շաֆները:
Սակայն Չինաստանում անցկացված հետազոտության մեջ նշվում էր, որ անախտանիշ հիվանդները չեն կարող վիրուսն այնքան երկար տարածել, ինչպես անում են ախտանիշներով պացիենտները: Ուհանի համալսարանի Չժունան հիվանդանոցից հետազոտողները հայտնաբերել են, որ անախտանիշ պացիենտները վիրուսն արտազատում են 8 օր, իսկ ախտանիշներով հիվանդները՝ 19 օր:
Այդուհանդերձ, COVID-19-ի անախտանիշ դեպքերը խնդիր են մնում:
«Սա անչափ կարևոր է, որովհետև դուք տեսականորեն կարող եք ինֆեկցիան տարածել, քանի որ վիրուսն անչափ վարակիչ է»,- ասել է ԱՄՆ Մինեսոտա նահանգի Ռոչեսթերի Մայո կլինիկայի ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ, բժիշկ Ադիտյա Շահը: