Նարեկավանքի դպրոցը
Advertisement 1000 x 90

Նարեկավանքի դպրոցը

Վարդապետարաններն ուսումնականի հետ դարձել էին գրական-գիտական կյանքի հիմնական կենտրոններ: Դրանցում կատարվում էին թարգմանություններ, գրում կամ արտագրում էին ձեռագրեր: Վասպուրականի Ռշտունյաց գավառի Նարեկա վանքը՝ Վանա լճի հարավային ափի մոտ, նման գիտաուսումնական կենտրոններից էր: X դ.-ում վանքը հիմնադրել են կրոնական հալածանքների պատճառով Բյուզանդիայից փախած և Հայաստանում ապաստանած հայ վանականները:

Նարեկա վանքի դպրոցը, որը գործել է X դարի երկրորդ կեսին, հիմնադրել է Անանիա Նարեկացին: Նա մանկավարժ էր, փիլիսոփա, աստվածաբան և եկեղեցական նշանավոր գործիչ: Ա. Նարեկացու խրատները լայն տարածում են գտել, դրանցում հարուստ նյութ կա վանական կենցաղավարության, բարոյագիտության միստիկայի ու նրա առանձնահատկությունների մասին: Այդուհանդերձ խրատաշարքում գլխավորը մարդու մաքրման, փրկության խորհուրդն է:

Մեկ այլ նշանավոր գործչի՝ Խոսրով Անձևացու (Գրիգոր Նարեկացու հոր) գրական ժառանգության մեջ կարևոր տեղ է գրավում «Մեկնություն ժամանակագրութեան» աշխատությունը, որը եղել է կրթական ձեռնարկ և որոշակի ազդեցություն է թողել Նարեկյան դպրոցի ձևավորման և զարգացման ընթացքի վրա: Մեծ է եղել այդ աշխատության հոգևոր-կրթական նշանակությունը: Նա ձգտում է հավատացյալների մեջ սեր արթնացնել գրի ու գրականության նկատմամբ: Նա մերժում է օտարամոլությունը և ընդգծում է հայոց լեզվի, հայ գրի նշանակությունը:

Նարեկյան դպրոցի հաջորդ կարկառուն ներկայացուցիչը Գրիգոր Նարեկացին էր, ով Անանիա Նարեկացու աշակերտն էր: Ա. Նարեկացին ստեղծագործել է մինչև X դարի 90-ական թվականները, իսկ Գրիգոր Նարեկացին` մինչև 1003 թվականը: Փաստորեն, ուսուցիչն ու աշակերտը շուրջ մեկուկես տասնամյակ համատեղ ստեղծագործական կյանք են ունեցել: Անանիա Նարեկացու մահից հետո նրան փոխարինել և վարդապետարանը գլխավորել է Գրիգոր Նարեկացին:

Նարեկավանքը բանասիրական, մատենագրական զորեղ կենտրոն է եղել: Նարեկյան դպրոցի գիտա-կրթական համակարգը համապատասխանում է միջնադարյան բարձրագույն դպրոցների մակարդակին: Այստեղ դասավանդվում էին «յոթ ազատ արվեստները»: Գրչության այս կենտրոնում կատարվել են Պատարագի և Ժամերգության մեկնության ընդօրինակություններ, գրվել են ձեռագրեր: Նարեկավանքից մեզ հասած առաջին ձեռագիրը 1069թ.-ին գրված մի Ավետարան է: Չնայած հետագայում էլ շարունակվել է ձեռագրերի ընդօրինակումը, սակայն Նարեկավանքի դպրոցն այլևս չի հասել X–XI դդ. իր մակարդակին: 1884թ.-ին Արիստակես վարդապետը վանքում բացել է վարժարան: 1896թ.-ին Նարեկավանքի վրա հարձակվել են քրդերը, սպանել վանահայր Եղիշեին և 12 միաբանների: 1901թ.-ին վանքում բացվել է որբանոց-վարժարան: Նարեկավանքն ավերվել է Մեծ եղեռնի ժամանակ:

Նկարը՝ narekatsi.com

#Armenian_Travel_Club

#Կրթությունը_Հայաստանում

#Արի_գնանք_Հայաստան

Օգտատեր Աննա Թումասյանի ֆեյսբուքյան գրառումներից: